Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ



ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸԶինվորական ծառայությունը այն մասնագիտություններից է, որում մարդը հաճախակի է բախվում լարված, սթրեսային իրավիճակների: Ի՞նչ է սթրեսը, ի՞նչ դրսևորումներ ունի, ինչպե՞ս հաղթահարել դրա բացասական ազդեցությունները:

Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, կլինիկական հոգեբան, խորհրդատու Դավիթ Գևորգյանի հետ:

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

-Փորձենք հանրագումարի բերել ասերտիվության մասին պատկերացումները։ Որո՞նք են հարաբերություններում, հատկապես կոնֆլիկտային իրավիճակներում ասերտիվ վարքի դրսևորումները։ Ինչպե՞ս դրդել մարդուն ասերտիվ վարքի, եթե նա արդեն ագրեսիայով է լցված, և ինչպես ինքդ փորձես ասերտիվ լինել, եթե քո դիմաց ագրեսիվ վարք դրսևորող մարդ է։

-Նախ՝ նկատենք, որ ասերտիվությունը միայն կոնֆլիկտի դեպքում չի արտահայտվում. դրա դրսևորումները բոլոր այն իրավիճակներում են, երբ կա սեփական կարծիքը արտահայտելու, պնդելու, ուրիշի մանիպուլյատիվ կամ պարտադրողական վարքին հակազդելու անհրաժեշտություն և միաժամանակ՝ դիմացինին ցավ չպատճառելու, չվիրավորելու ցանկություն։ «Ես ուզում եմ, որ իմ սահմանը ճանաչեն, բայց փորձելու եմ չվիրավորել ու ցավ չպատճառել»։ Սա սովորաբար «ոչ» ասելու ձևն է այն դեպքերում, երբ չես ուզում անել որևէ բան, որ առաջարկվում կամ պարտադրվում է քեզ։ Սա նաև ունակությունն է դիմացինի հուզական վիճակը թոթափելու՝ առանց նրան սպառնալու կամ ագրեսիայի դիմելու։

-Դիտարկենք երևույթը բանակային ենթատեքստում կամ այն երիտասարդների օրինակով, որոնք միմյանց առաջ դեռևս ինքնահաստատվելու խնդիր ունեն։

-Երբ կա ագրեսիա, ասենք՝ ինչ-որ մեկը հոխորտանքով կամ ծաղրանքով է խոսում, պետք է ոչ թե նույն կերպ՝ ակնհայտ կամ թաքնված ագրեսիայով անդրադարձնի դիմացինի  վարքը, այլ ցույց տալով, որ ինքը դա տեսնում է, բայց դրա հետ համաձայն չէ։ Սա հաղորդակցման շատ բարձր մակարդակ է, որին պետք է տիրապետել։ Այս հմտությանը շատ կարևոր է տիրապետել հատկապես բանակում։

-Օրինակ, ասենք, մեկը քեզ ասում է. «Հայացքդ դուրս չի գալիս»։  Սրան ինչպե՞ս կարելի է «ասերտիվ» պատասխանել։

-Սովորաբար այդ արտահայտության արտաքին շերտի տակ «կիլոբայթերով» ինֆորմացիա կա։ Կարելի է, օրինակ, պատասխանել. «Գուցե ինչ-որ ուրի՞շ բան ունես ասելու»։ Նման պատասխանով դու ցույց ես տալիս, որ իրավիճակի տերն ես, որ տեսնում ես դիմացինի «գաղտնի խաղերը», բայց չես տրվում դրանց։ Այսպիսով՝ ոչ բառացի, բայց ասում ես. «Դու ուզում էիր ինձ զայրացնել, բայց ես չեմ զայրանում»։ Մեկ այլ դեպքում կարելի է ասել. «Շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր ես, որ հայացքիս նրբերանգները նկատում ես»։ Սա, իհարկե, որոշ դեպքերում կարող է և զայրացնել, քանի որ դիմացինից նույնպես գիտակցական բարձր մակարդակ է պահանջվում, բայց պատասխանիդ չսպասված լինելու հաշվին դու կրկին իրավիճակի տերն ես դառնում։ Բայց ասերտիվությունը մտածողության ձև է, որ մշակվում է, հղկվում է ժամանակի ընթացքում։ Եվ կարող է զարգացվել, ասենք, տանը հարաբերականորեն հարմարավետ և անվտանգ պայմաններում՝ ծնողների հետ հարաբերություններում սեփական կարծիքը պաշտպանելու հմտության մշակմամբ։ Եթե ծնողներիցդ տարբեր կարծիք ունես որևէ հարցի վերաբերյալ, պետք է սովորես ասել. «Ո՛չ, ես համաձայն չեմ։ Ես այդ հարցի շուրջ այսպես եմ մտածում» և այլն։

Սովորաբար, ցանկացած մարդկային հաղորդակցության մասնակիցներին մենք սովոր ենք պատկերացնել կա՛մ պասիվ՝ պաշտպանողական, կա՛մ ագրեսիվ վիճակներում։ Սակայն, եթե ուշադիր լինենք,  մեր շրջապատում կան նաև մարդիկ, որոնք երկչոտ չեն, բայց կոպիտ էլ չեն։ Նրանք կարողանում են արտահայտել իրենց կարծիքը, պաշտպանել իրենց շահերը՝ արդյունավետ շրջանցելով կոնֆլիկտային իրավիճակները։ Այս հատկանիշն էլ հենց ժամանակակից հոգեբանության մեջ անվանում են ասերտիվություն (անգլ.՝ assertive – ինքնավստահ)։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան, օրինակ, այսպես է սահմանում ասերտիվությունը. «Հաղորդակցության ձև, որի դեպքում անհատները ուղղակիորեն արտահայտում են իրենց զգացմունքներն ու կարիքները՝ պահպանելով հարգանքը այլ անձանց նկատմամբ»։

Ասերտիվությունը լայն հնարավորություններ է տալիս անձին՝ պաշտպանվելու հաղորդակցության (կոմունիկացիայի) ընթացքում՝ առանց ոտնահարելու դիմացինի զգացմունքները, առանց նսեմացնելու, խոցելու և նրան ագրեսիայի դրդելու։ Հետևաբար, ասերտիվությունն ինչ-որ առումով հնարավորություն է՝ կոնֆլիկտում կոնֆլիկտի չգնալու, բայց նաև՝ չխուսափելով դրանից։ Սովորաբար, սա սեփական սահմանների հաստատման հմտությունն է, որ նույնպես բարդ է, քանի որ դեռ մանկուց դաստիարակությանը զուգահեռ այն գործընթացն է, երբ անձը ձեռք է բերում սեփական սահմանները կառուցելու և պաշտպանելու հմտությունը։ Եվ եթե նա իր դաստիարակության ընթացքում ձեռք չի բերել համապատասխան հմտություններ, և եթե այս ճանապարհին նրա միակ ռեակցիան մշտապես ագրեսիվությունն է եղել, ապա շատ դժվար է հասուն տարիքում նրանից արագ վերակառուցում սպասել:

Սովորաբար ասերտիվ մարդը կարողանում է արտահայտել իր դիրքորոշումներն ու ցանկությունները՝ լինելով շիտակ։ Բայց պետք է հասկանալ, որ շիտակ լինել չի նշանակում ուղղամիտ լինել։ Սա նշանակում է՝ կարողանալ բառերով արտահայտել սեփական դիրքորոշումն ու կարծիքը՝ չփորձելով նսեմացնել կամ վիրավորել դիմացինին։ Սա շատ նուրբ մի սահման է, երբ երկու մարդ կարողանում են համաձայնության գալ ինչ-որ հարցի վերաբերյալ։ Սովորաբար կոնֆլիկտը այն է, երբ մի մարդ ասում է՝ «Ես համաձայն չեմ քո ասած այսինչ բանի հետ», իսկ դիմացինը պնդում է. «Չէ՛, պետք է համաձայնես»։  Մյուսը թե՝ «Դու ինձ մի՛ ասա, թե ես ինչ պետք է անեմ», և մենք ունենում ենք կոնֆլիկտի  բավականաչափ բարդ էսկալացիա (թեժացում)։ Մինչդեռ, ասերտիվության դեպքում երկու մարդ կարող են համաձայնություն չունենալ ինչ-որ հարցի շուրջ, բայց և դա լինի իրենց համաձայնության հիմքը։ Հետևաբար, սեփական դիրքորոշումները պաշտպանել նշանակում է խոսել դրանց մասին «Ես» արտահայտություններով, այսինքն՝ «Ես մտածում եմ այսպես», «Իմ վերաբերմունքն այսպիսին է», «Ես կարծում եմ, որ սա ճիշտ տարբերակ է»՝ չանցնելով «դու»-ի. «Դու պետք է այսպե՛ս մտածես», «Դու պարտավոր ես ընդունել իմ կարծիքը» և այլն, ինչը մենք, ինչպես գիտենք, շատ տարածված երևույթ է, հատկապես երիտասարդների շրջանում։ Իսկ ասերտիվությունը ենթադրում է «ոչ» ասելու ունակություն մի բանի, ինչին մարդը չի ուզում ենթարկվել կամ համաձայնել։ Հաճախ դժվարանում ենք ասել՝ «ոչ», քանի որ, ասենք, վախենում ենք դիմացինին հիասթափեցնել, մտածում ենք, որ այդպես նա «միավորներ կհավաքի»:

ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸԱսերտիվ մարդը սովորաբար նա է, ով «ոչ» ասելու խնդիր չունի ու ինչ-որ տեղ հիասթափեցնում է դիմացինին։ Բայց քանի որ դա անում է մի եղանակով, որ չի նսեմացնում, խոցում դիմացինին, ապա նրա «ոչ»-ը սովորաբար կոնֆլիկտ չի հրահրում։ Սրա տարբեր եղանակները կան, որոնց մասին դեռ կխոսենք։

Ասերտիվ մարդու մեկ այլ, շատ կարևոր կողմ է, և կարծում եմ, շատ լավ կոմունիկացիոն հմտություն, որը այսպես կարելի է բնորոշել. «համաձայնել համաձայնելիի հետ»։ Այսինքն՝ ցանկացած հաղորդակցության մեջ, եթե դիմացինի ասածը բացարձակ ինձ համար ընդունելի չէ, սխալ է, պարզ ասած՝ հիմարություն է, այնուամենայնիվ, նույնիսկ նման դեպքերում նրա ասածի մեջ կգտնվի ինչ-որ բան, ինչի հետ կարելի է համաձայնել։ Եվ երբ դու համաձայնում ես այդ «համաձայնելիի» հետ, դու իջեցնում ես դիմացինի՝ քեզ որևէ բան պարտադրելու կամ ագրեսիվ դառնալու հակվածությունը։ Այս դեպքում նրան «կերակրում ես» դրական վերաբերմունքով, որոշակի համաձայնությամբ, բայց՝ սկզբունքայինի, էականի հետ չհամաձայնելով։ Օրինակ՝ եթե դիմացինն ասում է, որ ես սխալ եմ վարվում։ Եվ եթե ես համաձայն չեմ դրա հետ, կարող եմ ագրեսիվ լինել՝ պատասխանելով. «Դու ո՞վ դառար, որ ինձ ասես, թե ինչ պետք է անեմ»։ Բայց ես կարող եմ ասերտիվություն դրսևորել՝ ասելով, որ համաձայն եմ, որ կան որոշ բաներ, որ իմ վարքում կարելի է վերանայել, բայց տվյալ հարցում ճիշտ եմ։ Եթե ես ասում եմ, որ համաձայն եմ որևէ բանի, որ ասվել է դիմացինի կողմից, անկախ նրանից, թե դա ինչ է՝ երկրորդական, երրորդական մի փոքր բան, ապա սա հոգեբանորեն թուլացնում է դիմացինի ագրեսիան։ Ասես՝ նրա՝ զենքերը վայր դնելուն նպաստող քայլ լինի։ Հմուտ բանակցողները հաճախ են դիմում այս մեթոդին։

Ասերտիվ մարդկանց բնորոշ է նաև գովասանքը հանգիստ ընդունելն ու հանգիստ հաճոյախոսություն անելը, դիմացինին գովելը՝ առանց շողոքորթելու, առանց փորձելու ինչ-որ կերպ «աչք մտնել» կամ էլ հակառակը՝ համեստություն դրսևորել, երբ գովասանք են լսում։ Ուստիև, ասերտիվ մարդիկ ինքնավստահ են. գիտեն իրենց արժանիքները և գնահատում ու խոսում են դիմացինի արժանիքների մասին՝ մտավախություն չունենալով, որ դիմացինն այսպիսով «միավորներ կշահի»։

Ինչպես հասկանում ենք, ասերտիվությունը ուղիղ համեմատական է մարդու հոգեբանական հասունությանը, իմացությանը, թե ինչը կարող է օգնել դիմացինի հետ հարաբերություններում: Միաժամանակ, ակնհայտ է, որ ոչ կոնֆլիկտային կոմունիկացիան, ինչպես և կոնֆլիկտը չի կարող միակողմանի լինել։ Հենց մեր կողմից քննարկվող ասերտիվությունն էլ ունի որոշակի սահմանափակումներ, երբ բախվում է դիմացինի բացարձակ դժկամությանը, խնդիրը քաղաքակիրթ ձևով լուծելու ցանկության լիակատար բացակայությանը։

-Մի փոքր ավելի մանրամասն ներկայացրեք, խնդրեմ, «ոչ» ասելու գործնական հմտությունները։

-Եկե՛ք ավելի լայն առումով հասկանանք. «ոչ» ասելով ի նկատի չունենք բառի բուն իմաստով «ոչ»-ը, այլ սեփական կարծիքը, կամքը ցույց տալը, որը կարող է չհամընկնել դիմացինի կամքի կամ կարծիքի հետ։ Ըստ այդմ, «ոչ» ասելու մի քանի եղանակ կա։ Թերևս, ամենահասկանալին պարզապես «ոչ» ասելն է բառիս բուն իմաստով՝ «չէ»-ն։ Եթե ինչ-որ մեկը, որ ի պաշտոնե դրա իրավունքը չունի, բայց ասում է՝ այսինչ բանն արա՛ կամ այսպե՛ս վարվիր, և դու ասում ես՝ «ոչ», սա պարզ է, հասկանալի է, քանի որ առանց հետին մտքերի է, բայց նաև ոչ շատ արդյունավետ: Սա հաճախ դիմադրություն առաջ բերող ռեակցիա է, քանի որ դիմացինը սա կարող է ընկալել որպես դոմինացիա՝ իրեն ճնշելու ցանկություն, իր անձի նկատմամբ չասենք՝ բռնություն, բայց դրա ինչ-որ նախանշան։

Սրանից բացի, կա նաև ապրումակցող «ոչ» ասելու ձևը։ Սա այն եղանակն է, երբ մինչև «ոչ» ասելը մարդը ցույց է տալիս, որ ինքը հասկանում է դիմացինի միտումը՝ թե ինչու է նա իրեն այդ բանն ասում, հասկանում է դիմացինի կարիքները, գնահատում դրանք այնքանով, որքանով բանավոր խոսքով սա կարելի է արտահայտել, բայց, այնուամենայնիվ, հարկադրված է մերժել։ Սա մոտավորապես կարող է հնչել հետևյալ կերպ. «Ես հասկանում եմ, որ քեզ համար կարևոր է, որ ես քո կարծիքն ընդունեմ և համաձայնեմ քեզ հետ, սակայն այս հարցում չեմ կարող դա անել»։ Սա էլի որոշակիորեն մեղմացնող նախաբան է, որը թույլ է տալիս դիմացինին զգալ, որ իրեն լսեցին, որ իր վիճակը կամ իր ասածը գնահատվեց, բայց իր կարծիքը չընդունվեց։ Սովորաբար մարդիկ իրար հետ կոնֆլիկտի մեջ են մտնում այն ժամանակ, երբ վիճաբանության ընթացքում հնչում են այնպիսի բառեր կամ արտահայտություններ, որոնք անձի նվաստացմանն են ուղղված։ Ո՛չ այնքան գործողությանը, ո՛չ այնքան գաղափարին կամ մտքերի հետ կապված, որքան անձնական գնահատականներին։ Օրինակ՝ «Դու այսպիսին ես», «Դու այսպես ես վարվում այս հարցում, հետևաբար, դու այսպիսին ես»։ Երբ մեր մերժումն ապրումակցող բնույթ ունի, քչանում է անձին խոցելու վտանգը։ Այսպես՝ «Քո անձը ինձ համար ընդունելի է, քո հարցը ինձ համար հասկանալի է, բայց այն, ինչ դու ասում ես, հակասում է իմ կարծիքին»։

Սա մի տարբերակն է, բայց հեշտ չէ, և կոնֆլիկտի թեժացած փուլում գրեթե անհնար, քանի որ այդ պահին արդեն ապրումակցել չի լինում. մարդու ամբողջ հոգեկան համակարգը միացած է ինքնապաշտպանությանը։ Այնպես որ, սա կիրառելի է մինչև կոնֆլիկտային իրավիճակը։

Հիմնավորված «ոչ»-ը կամ հիմնավորված մերժումը ևս կարևոր հնար է կոնֆլիկտի մեջ մտած մարդկանց համար։ Այստեղ «ոչ»-ը ոչ թե մերկապարանոց կամ կտրուկ «ո՛չ, չեմ անելու» ձևով արտահայտվող արձագանք է, այլ հիմնավորում։ Սա մոտավորապես կարող է հնչել այսպես. «Դու ուզում ես, որ ես անեմ ինչ-որ բան, բայց ես չեմ համարում, որ դա ճիշտ է, քանի որ, իմ խորին համոզմամբ… և այլն»։ Եվ սա բավականաչափ աշխատող տարբերակ է, մանավանդ աշխատանքային հարաբերություններում, ֆունկցիոնալ ինչ-որ խնդիրների հետ կապված, երբ անձին ասում են, որ պետք է կատարի այսինչ հանձնարարությունը, երբ ի պաշտոնե դա իր պարտականությունը չէ։ Կարելի է պատասխանել. «Օրենքով նախատեսված է, որ ես դա չեմ անելու, դրա համար չեմ անում»։ Սա, իհարկե, նորից այն դեպքերից է, երբ մարդը հղում է անում դիմացինի գիտակցությանը, եթե, իհարկե, դիմացինն այն ունի։

Դեպքեր են լինում, երբ ագրեսիայի պատճառը ոչ թե չիմացության արդյունք է, կամ որ դիմացինը ինչ-որ բան շփոթել է, այլ հատուկ, մտադրված ՝ իր էգոն դիմացինի հաշվին հաստատելու էմոցիոնալ պահանջմունք։ Ցավոք, եթե դա արվում է նպատակային և հետևողականորեն, ապա  կոնֆլիկտի ժայթքման հավանականությունը շատ մեծ է, եթե անգամ դու լավագույն  բանակցողը լինես։ Այս բոլոր մեթոդները աշխատող են, բայց ունեն իրենց սահմանափակումները. դրանք չեն գործում այն կետում, երբ դիմացինի նպատակը հենց կոնկրետ կոնֆլիկտն է։ Եթե դիմացինի նպատակը, շահը հենց կոնֆլիկտն է և ոչ թե կոնֆլիկտի առարկայի հետ կապված բանավեճը կամ կոնֆլիկտի օբյեկտի հետ կապված ինչ-որ շահեր ստանալը, այսինքն՝ ուժի հաստատումը դիմացինի նկատմամբ, նման դեպքերում խոսքային մեթոդները քիչ աշխատող են։ Ու այս դեպքում է, որ գործ ունենք  բուն իմաստով կռվի հետ՝ ֆիզիկական մակարդակում։ Նմանատիպ նպատակով սկսվող կռիվը կարելի է շատ ավելի արդյունավետ և ժամանակին կասեցնել՝ ֆիզիկական բռնության անհրաժեշտությունը հասցնելով նվազագույնի։ Այս նպատակով շատ կարևոր դերակատարում կարող է ունենալ հենց ասերտիվ, գիտակցված, անձի հասուն վարքը։  Երիտասարդները, ցավոք, սովորաբար բավարար չափով չեն փորձում խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները և շատ արագ գնում են դեպի ուժի հաստատման մեխանիզմը, որտեղ, էլի կրկնեմ, վերբալ կամ խոսքային, գիտակցականության վրա հիմնվող մեթոդների աշխատանքը զգալիորեն սահմանափակվում է։

Եվ, այնուամենայնիվ, ավարտելով «ոչ» ասելու ասերտիվ եղանակների մասին թեման, ասենք նաև, որ մի ձև էլ կա, որը, այսպես կոչված, փոխզիջումների միջոցն է կամ կոմպրոմիսային մերժումը, որը հաճախակի է կիրառվում կոնֆլիկտների լուծման շրջանակում։ Սա շատ հաճախ կիրառում են դիվանագետները։ Երբ դիմացինի ասածի կամ պահանջածի մեջ որոշ ընդունելի բաներ կան անձի համար, սակայն հաստատակամորեն մերժվում է այն, ինչն ընդունելի չէ։ Սա կհնչի հետևյալ կերպ. «Այս մի բանը ես կանեմ, բայց այս մեկը հաստատ չեմ անելու»։ Կամ. «Սրա հետ կհամաձայնեմ, բայց այս մեկը ինձ համար միանշանակ անընդունելի է»։ Սա հնարավորություն է տալիս, որ դիմացինն էլ գնա փոխզիջման՝ ասելով. «Դե, շատ լավ, եթե այսքանն արեց, ուրեմն, ավելին չեմ պահանջելու»։ Բայց այս դեպքում մենք էլի գործ ենք ունենում որոշակի գիտակցվածության աստիճան ունեցող կողմերի հաղորդակցության հետ։

Այժմ ամբողջ աշխարհն է գնում այս ճանապարհով՝ փորձելով ագրեսիվությունը փոխարինել ասերտիվությամբ։ Եվ, վստահաբար, սա շատ կարևոր հմտություն է, որին պետք է տիրապետել հատկապես բանակային կոնֆլիկտներին արդյունավետ ու կառուցողական լուծումներ տալու համար։

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Շարունակելի

Խորագիր՝ #03 (1516) 24.01.2024 - 30.01.2024, Բանակ և հասարակություն


30/01/2024