ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվն անշեղորեն աճում է: Հաշվի առնելով ծրագրի ակնհայտ առավելությունները՝ շատերն են որոշում ծառայությունը շարունակել նոր ձևաչափով՝ ժամկետայինից անցնելով պայմանագրային զինվորական ծառայության՝ 5 տարի ժամկետով։ Նրանց համար սա լավ հնարավորություն է ծառայել Հայրենիքին և, միևնույն ժամանակ, արդեն երիտասարդ տարիքում որոշակիորեն բարելավել ընտանիքի սոցիալական վիճակը։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրին միացած զինծառայողների հերթական խումբն օրերս հանձնեց ատեստավորման քննությունները: Մասնակիցները քննական հանձնաժողովին ներկայացրին իրենց մարտական պատրաստականության աստիճանը՝ փաստելով, որ պատրաստ են ներգրավվել երկրի անվտանգային խնդիրների լուծմանը: Ծրագրի մեկնարկից զինվորները քրտնաջան պարապել են, օրեցօր բարելավել իրենց ֆիզիկական կարողությունները, յուրացրել և ամրապնդել են մարտավարամասնագիտական գիտելիքները: Առաջիկա ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու համար նրանք շուրջ երեք ամիս ուսումնական կենտրոնում պատրաստվել են։ Զինվորներին փոխանցվել են նաև մասնագիտական գիտելիքներ և ունակություններ, որոնք պարտադիր են նոր ձևաչափով պայմանագրային ծառայության ընթացքում։
Շարային, ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստության քննություններն ամբողջությամբ արտացոլեցին անցած շաբաթների պարապմունքների արդյունավետությունը: Սկզբից էլ տեսանելի էր մասնակիցների ոգևորությունը, քննությունները առավելագույն բարձր արդյունքով հանձնելու ցանկությունը։
Առաջին՝ կրակային փուլի ընթացքում արդեն տեսանելի էր մասնակիցների «մարտական» տրամադրվածությունը. յուրաքանչյուրը ձգտում էր գերազանց արդյունք ցուցադրել, խոցել բոլոր թիրախները՝ վերհիշելով ուսումնական պարապմունքների ընթացքում ստացած գիտելիքները։ Իհարկե, եղան թերացումներ, սակայն ընդհանուր պատկերը քննական հանձնաժողովի համար գոհացուցիչ էր։ Օրվա բարձր ցուցանիշներն էլ մյուս քննություններին նույնպես գերազանց հանդես գալու վստահություն հաղորդեցին։
Քննությունների մեկնարկից առաջ զրուցեցինք ծրագրի շահառուներից մի քանիսի հետ։ Պայմանագրային ծառայության անցնելու նրանց որոշումը առավել քան գիտակցված է, յուրաքանչյուրն անում է առավելագույնը՝ անհրաժեշտության դեպքում մեր Հայրենիքը հուսալիորեն պաշտպանելու համար։
Վանիկ Օհանյան.
– Մի քանի ամսվա ծառայությունից հետո երեք ամիս լրացուցիչ պատրաստվել ենք։ Ամեն օր նոր բան ենք սովորել, մասնագիտորեն զարգացել։ Պատասխանատվությամբ եմ վերաբերվել դասընթացներին, քաջ գիտակցում եմ դրանց կարևորությունը հետագա պայմանագրային ծառայության ընթացքում։ Վստահ եմ ուժերիս, կփորձեմ բարձր գնահատականներ ստանալ, որ բոլորն էլ համոզվեն՝ պատրաստ եմ մեր երկիրը պաշտպանելու։
Ալեն Սահակյան.
-«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին իմացել եմ դեռ մինչև զորակոչվելը։ Սովորել եմ ռազմամարզական վարժարանում, հետագայում մտադրություն ունեմ սպայական ծառայության անցնելու։ Քաջ գիտակցում եմ մեր գործի կարևորությունը և փորձում եմ իմ ուժերի չափով օգուտ տալ հայոց բանակին։ Նախապատրաստական շրջանում դժվարություններ, իհարկե, կան, բայց դրանք հաղթահարելի են։ Պարզապես պետք է հասկանալ՝ ուսումնական շրջանում ամեն մի խոցված թիրախ, ամեն նոր գիտելիք քո հետագա գերազանց ծառայության հիմքն է։
Կապիտան Գոռ Ոսկանյանը մասնակիցների պատրաստության համար պատասխանատու սպաներից է։
-Ուսումնական փուլը դժվար էր, բայց շատ արդյունավետ։ Անձնակազմի ֆիզիկական պատրաստության, մարտավարական գիտելիքների մակարդակը բարձրացնող պարապմունքներ են անցկացվել, հրաձգարանում՝ կրակային պատրաստության տեսական վարժանքներ և մարտական հրաձգություն։ Պատասխանատու սպաները արձանագրել են թերությունները, աշխատել ենք դրանք վերացնելու ուղղությամբ։ Սկզբից էլ տղաներն ունեին ձգտում սովորելու, կատարելագործվելու։ Այժմ արդեն փոփոխությունները, նրանց մասնագիտական աճն ակնառու է,- մեզ հետ զրույցում նշեց կապիտան Ոսկանյանը:
Անցած ամիսներին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները ուսումնական կենտրոններում ձեռք են բերել ֆիզիկական, մասնագիտական, կամային անհրաժեշտ որակները։ Քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո նրանք որպես պատրաստված մասնագետներ կմեկնեն համապատասխան զորամասեր, կնշանակվեն իրենց նախընտրած հաստիքներին։ Նրանք իրենց ծառայությամբ նպաստելու են արհեստավարժ ու մարտունակ զինծառայողներով համալրված ստորաբաժանումների ստեղծմանը:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #03 (1516) 24.01.2024 - 30.01.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում