Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 32-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ



ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 32-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸՀայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, կառավարության հարգելի՛ անդամներ, պատգամավորներ, ներկաներ, պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ, սիրելի՛ հայրենակիցներ։

Այսօր նշում ենք հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը: Բանակը բոլոր ժամանակներում պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգությունը երաշխավորող ինստիտուտներից մեկն է, ուստի շարունակում է մնալ պետականաշինության ուղղություններից կարևորագույնը:

Մարտական բարձր կարողություններով ու անկոտրում ոգով օժտված, առաջադրված խնդիրները կատարելու և հնարավոր մարտահրավերը դիմակայելուն պատրաստ, 21-րդ դարի պահանջներին հարիր պաշտպանունակ զինուժ ձևավորելու ճանապարհին, բարձր գնահատելով շարքայինից մինչև գեներալ՝ մեր բանակի ամբողջ անձնակազմի անձնվեր ծառայությունը, Հայրենիքի սահմաններն անխախտ պահելու նրանց ջանքերն ու ձեռքբերումները, մենք արձանագրեցինք նաև բազում չլուծված խնդիրներ ու բացթողումներ և շարունակեցինք մեր դժվար, բայց հաստատուն ընթացքը բարեփոխումների և կատարելագործման աստիճաններով:

Հայտնի խոսքը, թե կադրերն են որոշում ամեն ինչ, չի կորցրել իր արդիականությունը, որովհետև ժամանակակից տեխնոլոգիաների կատարելագործումն ու ռազմատեխնիկական առաջընթացը ոչ թե նվազեցնում, այլ հակառակը՝ է՛լ ավելի են կարևորում մարդկային գործոնը, տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան՝ արհեստավարժ, զարգացած, բանիմաց ու կիրթ զինվորական անձնակազմ ձևավորելու անհրաժեշտությունը դարձնելով անշրջանցելի իրողություն:

Զինծառայողների ատեստավորման գործընթացի մեկնարկը այդ ճանապարհի ամենակարևոր քայլն էր 2023-ի ընթացքում: Մենք սահմանեցինք զինծառայողների արհեստավարժության բարձր նշաձող, գաղափարի հիմքում դնելով և՛ ֆինանսական, և՛ ինքնակատարելագործման, և՛ բարոյահոգեբանական ենթատեքստ: Վստահ ենք՝ սպաների կամավոր ատեստավորման գործընթացը բանակում կստեղծի այնպիսի մթնոլորտ ու բարոյախոսություն, որը կմերժի միջակությունն ու կխրախուսի բարձր արհեստավարժությունը, ինչն էլ իր հերթին հետզհետե կընդլայնի ատեստավորման ծավալները: Ատեստավորման համակարգի ներդրմամբ, որն ընթացքում ավելի կկատարելագործենք, քայլ առաջ արեցինք դեպի պրոֆեսիոնալ բանակ՝ ինչը մեր կառավարության գերակա նպատակներից է:

Զինված ուժերում կադրային քաղաքականության մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ ռազմական բուհական կրթությանը, որովհետև բանակի սպայակազմի համալրման հիմնական աղբյուրը ռազմական բարձրագույն կրթօջախներն են: Կա շատ պարզ բանաձև. որքան մեծ է ընտրությունը, նույնքան շոշափելի է լավագույններին գտնելու հնարավորությունը:  Ուստի, մենք ռազմական կրթօջախներ դիմորդների հոսքը ընդլայնելու և ապագա սպաների համար զինծառայությունը գրավիչ դարձնելու սոցիալական փաթեթին ավելացրինք նորընծա սպաներին բնակարանով ապահովելու դրույթը: Ռազմական բուհի շրջանավարտ սպան կստանա երեքսենյականոց բնակարան՝ իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքով, իսկ ըստ պայմանագրի՝ 20 տարի ծառայելուց հետո կստանա նաև բնակարանի սեփականության իրավունքը:

Ռազմական կրթության որակը բարձրացնելու, կառավարման, ֆինանսավորման և ուսումնական գործընթացը առավել արդյունավետ դարձնելու նպատակին էր միտված երկու ռազմական ուսումնական հաստատությունների՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանների միավորումը մեկ ռազմական կրթօջախի մեջ, որն անվանվեց Վազգեն Սարգյանի անվան ռազմական ակադեմիա՝ ընդհանուր արդիական ուսումնանյութական բազայով, կենտրոնացված ֆինանսական միջոցներով, պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացով, համատեղ ձևավորված մասնագիտական խորհուրդներով, ռազմաուսումնական հաստատությունների կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթով: Մեր այդ բարեփոխումների արդյունքում դիմորդների հոսքը ռազմական ակադեմիա էականորեն ավելացել է, ինչպես նաև այդ բարեփոխումների իրագործման արդյունքում վերջերս ռազմական ակադեմիան անդամագրվեց աշխարհի առաջատար ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայում, որի անդամ են աշխարհի (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Իսպանիա և այլ երկրներ) առաջատար 19 ռազմաուսումնական հաստատություններ: Այդպիսով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան միջազգային լայն համագործակցության նոր հնարավորություններ ստացավ։ Նախաձեռնել ենք նաև ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի էական բարձրացում:

Կադրային քաղաքականության կարևորագույն բաղադրիչ է զորքերը պայմանագրային զինծառայողներով համալրելու նոր ինստիտուտը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս զինվորներին պարտադիր ժամկետային ծառայության երկու տարի ժամկետը փոխարինել հնգամյա ծառայությամբ, փոխարենը ստանալով մի շարք սոցիալական արտոնություններ, մասնավորապես՝ ծառայության վայրն ընտրելու իրավունք, ամենամսյա բարձր աշխատավարձ, իսկ ծառայության ավարտին՝ 5 միլիոն դրամ պատվովճար ստանալու հնարավորություն: Սա զինծառայությունը գրավիչ դարձնելու, զինված ուժերի շարքերն արհեստավարժ պայմանագրային զինծառայողներով համալրելու ևս մեկ կարևորագույն քայլ է և իրագործման կարճ ժամանակահատվածում իր նյութական ու բարոյական շահեկանությամբ արդեն շատերին է հետաքրքրել: Մենք այստեղ ունենալու ենք ևս մեկ ձեռքբերում. ակնհայտ է, որ հնգամյա ծառայություն անցած պայմանագրայինները, հետագայում ծառայությունը չշարունակելու դեպքում, ավելի բարձր զինվորական արհեստավարժությամբ ու ավելի մեծ ծառայողական փորձով են զորացրվելու, քան տարեկից ժամկետայինները, ինչը դրականորեն կազդի նաև պահեստազորի որակի վրա:

Պահեստազորի մասին խոսելիս հարկ եմ համարում ընդգծել նաև 25-օրյա վարժական հավաքների գաղափարի իրագործման կարևորությունը։ Պահեստազորի կառավարման խնդիրների վերհանման, պատրաստության վիճակի վերլուծության արդյունքում, ինչպես նաև Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը հաշվի առնելով, մենք որոշում կայացրինք բարձրացնել պահեստազորի մարտական պատրաստության մակարդակը, առավել արդյունավետ օգտագործել այդ ռեսուրսը։ 25-օրյա վարժական հավաքների մոդելը, չնայած դեռևս առկա բացերին, կարող ենք փաստել, որ հաջողվել է։ Այս համատեքստում պետք է նաև նշել տարածքային պաշտպանության ուժերի ձևավորման ուղղությամբ տարվող մեծ աշխատանքների մասին։

Կցանկանայի համառոտ անդրադառնալ բանակում կանանց ներգրավման ու նրանցով համալրված ստորաբաժանումների կազմավորման գործընթացին: Կառավարության որոշմամբ՝ ներդրվեց 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ծառայության համակարգը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ ծրագրի մտահղացումը պայմանավորված է բացառապես բանակի համալրման խնդիրներով, սակայն, իմ գնահատմամբ, ոչ պակաս կարևոր է հայրենիքի պաշտպանության գաղափարը կարևորելու, երկրի անվտանգությանը միտված բոլոր ռեսուրսները արդյունավետ համատեղելու ուղերձն ու ենթատեքստը: Կանանց գումարտակի կազմավորումը, կենցաղային անհրաժեշտ պայմանների ստեղծումը այս գործընթացի իրագործման կարևոր նախադրյալներն էին, և պետք է նշեմ, որ նրանց շարքերը համալրվում են։

Մեր կարևորագույն անելիքների շարքում իրենց տեղն են ունեցել զինվորների կենցաղ-կացարանային պայմանների կատարելագործումը, զինծառայողների բնակավորման խնդիրները և սոցիալական այլ հարցեր, ինչպիսիք են՝ զինվորների սննդի, հագուստի, հիգիենայի բարելավումը և այլն:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 32-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸՆոր դիրքերի կազմավորմանն ու կահավորմանը զուգահեռ, մենք տարվա ընթացքում ամրաշինական, ինժեներական աննախադեպ և լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել առաջնագծի և թիկունքային ապահովման կարելի է ասել բոլոր հատվածներում, Հայաստանի Հանրապետության սահմանային մարզերում։ Հայաստանի կառավարությունն ու ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ նպատակով հատկացրել և շարունակում են հատկացնել հսկայական միջոցներ։ Այս ամենով սահմանապահ զինվորների, պայմանագրայինների ու սպաների ծառայությունը ավելի դյուրին ու անվտանգ, իսկ սահմանն՝ առավել անառիկ ու պաշտպանված դարձնելու նպատակով լրջագույն աշխատանքներ են իրականացվում:

Սիրելի՛ հայրենակիցներ, բանակում կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը, արատավոր բարքերի մերժումը հատկապես կանխարգելիչ աշխատանքների միջոցով, եղել են մեր ամենօրյա գործունեության առաջնահերթությունների շարքում: Սա այն ուղղությունն է, որտեղ հնարավորություն չկա հաշվելու, թե զորքերի բարոյահոգեբանական ապահովումը, դաստիարակչական-բացատրական աշխատանքը, զորամասերի ղեկավարության, տարբեր օղակների հրամկազմի, հոգեբանների, իրավապահ մարմինների համագործակցությունը քանի նոր սաղմնավորված հանցանք է կանխել, քանի ճակատագիր է փրկել, փոխարենը՝ խիստ ակնառու ու հնչեղ են ձախողումները, երբ բանակում ոչ մարտական պայմաններում դժբախտ դեպքեր ու պատահարներ են արձանագրվում:

Հայտնի խոսք կա՝ բանակը հասարակության հայելին է: Բայց այն չպետք է հնչի որպես ինքնարդարացում, այլ պիտի հուշի հասարակական տարբեր ինստիտուտների հետ ներդաշնակ գործելու գաղափարը: Որպեսզի կարողանանք փակել բանակ ներթափանցող արատավոր երևույթների ակունքը, հատենք դրանց կենսունակ արմատը և բանակում բացառենք մարդկային կորուստը խաղաղ պայմաններում: Ես մեծապես կարևորում եմ նաև զորքերում կատարված բոլոր խախտումներին՝ զանցանքերից մինչև ծանր հանցագործություններ, համապատասխան իրավական գնահատական տալու պրակտիկան, հովանավորչության, անպատժելիության մթնոլորտի բացառումը ու պատժի անխուսափելիության սկզբունքի ամրապնդումը, ինչը մեկ անգամ ևս կհավաստի, որ բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ:

Փորձը ցույց տվեց, որ ինչքան էլ զինվորի ոգին լինի բարձր ու հայրենիքին անմնացորդ ծառայելու կամքը՝ անկոտրում, առանց ժամանակակից սպառազինության անհնար է ունենալ ուժեղ ու մարտունակ բանակ: Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը 21-րդ դարի առաջատար բանակներին հարիր մակարդակով համալրելու ջանքերը անցած տարվա ընթացքում շոշափելի արդյունք են տվել: Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր: Սա մեր անվտանգային ճարտարապետության դիվերսիֆիկացիան ամրապնդող ևս մեկ քայլ է, ինչը կօգնի Հայաստանի շուրջ ձևավորել ավելի հաստատուն ու հուսալի անվտանգային միջավայր:

Բանակի սպառազինության մասին խոսելիս չեմ կարող չնշել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերն ու բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերը: Պարզ ասած՝ մենք չպետք է ներմուծենք այն, ինչը կարող ենք արտադրել ինքներս մեր երկրում ու ավելի ցածր ինքնարժեքով և լավ որակով: Սա նպատակ է, որի ուղղությամբ, հավատացնում եմ, հստակ գործնական քայլեր են ձեռնարկվում:

Ուզում եմ հակիրճ անդրադառնալ նաև զորակոչի կազմակերպման աշխատանքերին: Պարզեցված մեխանիզմները, թափանցիկությունը նպատակ ունեն ոչ միայն հեշտ ու հարմարավետ դարձնել զինկոմիսարիատ-զորամաս անցնելիք ճանապարհը զինակոչիկների ու նրանց ծնողների համար, այլև ապահովել զորակոչի օրինականությունը՝ բացառելով հովանավորչության ու տարբերակված մոտեցումների որևէ դրսևորում: Հասկանալի պատճառով՝ զորակոչը եղել ու մնում է հասարակություն-բանակ առնչությունների ամենազգայուն կետը և բանակի հանդեպ ժողովրդի վստահության շեմը բարձրացնելու կարևորագույն գործիքներից մեկը: Մենք շուտով նաև ներդնելու ենք զորակոչը գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ անցկացնելու մեխանիզմներ:

Մենք հետևողականորեն շարունակելու ենք մեր նախաձեռնած բարեփոխումները զինված ուժերում։

Սիրելի՛ հայրենակիցներ, բանակաշինության ընթացքի, երկրի պաշտպանունակության և անվտանգային համակարգի մասին խոսելիս անհնար է չհիշել բոլոր նրանց, ովքեր հայրենիքի պաշտպանության ու ժողովրդի անվտանգության ապահովման սրբազան առաքելությունը կատարելիս զոհեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը։ Փա՛ռք Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ընկած քաջերին, խորին խոնարհում նրանց մայրերին, զավակներին, կանանց ու հարազատներին:

Շնորհավորում եմ բոլորիս Ազգային բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ: Թող մեր Հայրենիքում գիշերները լինեն անվտանգ, իսկ արշալույսները՝ խաղաղ: Բարեկեցություն ու արևշատություն եմ մաղթում բոլորիս օջախներին:

 

Կեցցե՛ Հայոց բանակը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Խորագիր՝ #03 (1516) 24.01.2024 - 30.01.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/01/2024