Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱԼԻՔԻ ՀՈՒՅՍԸ



ԳԱԼԻՔԻ ՀՈՒՅՍԸՂարիբյանների ընտանիքում Տիգրանը շատ սպասված զավակ էր։ Տան կրտսերը բանակից չէր վերադարձել, 96-ից անհայտ կորած էր համարվում։ Երբ որդին ծնվեց, Համբարձումը որդուն անվանակոչեց եղբոր պատվին։ Զուգադիպությո՞ւն էր, թե՞ ճակատագրի դաժան հեգնանք, ո՞վ իմանա։ Հիմա տան հյուրասենյակի պատին երկու Տիգրաններն են, երկուսն էլ՝ զինվորական համազգեստով, ու թեև ծնվել են տարբեր ժամանակներում, բայց նույն գաղափարի ու հավատամքի կրողն էին երկուսն էլ։ Կրտսեր Տիգրանն էլ չվերադարձավ։

-Բանակ մեկնելիս տրամադրությունը բարձր էր, ինչպես միշտ կատակում էր,- հիշում է մայրը՝ Նարինե Նաջարյանը,- տնից դուրս գալիս ասաց՝ երկու տարի բան մնաց, դիմացե՛ք, լացուկոծ չլինի…

Դեռ դպրոցական տարիներից Տիգրանը տարբերվում էր իր մտածողությամբ, իր հայացքներով, դատողությամբ, իրերն ու երևույթներն անվանելու, նկարագրելու երբեմն ապշեցուցիչ անկեղծությամբ ու համարձակությամբ։ Տիգրանը երբեք չէր ստում: Թեկուզև ցավոտ լիներ ճշմարտությունը, քաղցր ստով երբեք չէր խաբում ինքն իրեն, ինքն իր հետ հաշտ ու խաղաղ էր, ու երևի դա էր պատճառը, որ դեռ վաղ տարիներից գծի, գույնի, լույսի ու ստվերի միջավայրը դարձավ աղմկոտ առօրյայից կտրվելու, ինքնարտահայտվելու մի յուրօրինակ աշխարհ։

ԳԱԼԻՔԻ ՀՈՒՅՍԸՍևանի մշակույթի տան նկարչական բաժինն էր ավարտել։ Ընդունվել էր Կոտայքի Տարածաշրջանային պետական քոլեջի ճարտարապետադիզայներական բաժինը։ Նպատակ ուներ ծառայությունն ավարտելուց հետո Երևանում բարձրագույն կրթություն ստանալ։

-Խելացի զինվոր էր,- այսպես է բնութագրում մայրը որդուն, որովհետև Տիգրանը երբեք չէր տրտնջում, չէր պատմում զինվորական դժվարությունների մասին, ծառայում էր նվիրումով…

Զորակոչվելուց հետո վեց ամիս ծառայել է ուսումնական զորամասերից մեկում, ձեռք բերել հետևակի մարտական մեքենայի մեխանիկ-վարորդի մասնագիտություն, այնուհետև ծառայությունը շարունակել Սյունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկում։

Տիգրանի հարազատները երբեք չեն մոռանա միասին ապրած երջանիկ ժամերը, երբ եկան զինվորին տեսակցության, ու վերջինս որոշեց նրանց ցույց տալ Սյունիքի տեսարժան վայրերը: Ձեզ լավ տեղ կտանեմ՝ ասաց: Ու տարավ Խնձորեսկի ճոճվող կամուրջը տեսնելու: …Լուսանկարներում բոլորի դեմքին ժպիտ կա ու ուրախություն, որ չես կարող չնկատել:

ԳԱԼԻՔԻ ՀՈՒՅՍԸ…Պատերազմի առաջին իսկ օրը անձնակազմով կամավոր մեկնել են աջակցելու մարտական գործողություններում ներգրավված ստորաբաժանումներին։ Մարտական գործողությունների մեկնարկի առաջին իսկ օրը հայրը՝ Համբարձումը, ևս Սևանի աշխարհազորային ստորաբաժանման կազմով մեկնել է ռազմաճակատ։ Սեպտեմբերի 29-ից Տիգրանի հեռախոսազանգերը դադարել են։ Համբարձումին հրամանատարի ցուցումով իջեցրել են մարտական դիրքերից, հայտնել որդու զոհվելու բոթը։

-Տիգրանս իր կյանքի գնով հորն էլ փրկեց: Երեք օր անց նրանց ստորաբաժանումը մեծ կորուստներ ունեցավ, դաժան մարտերում շատերը զոհվեցին,- պատմում է մերօրյա հերոսի մայրը: …Նրա գրկին նորածին տղա կա:

-Դա իմ որոշումն էր,- ասում է Նարինեն,- ես ուժ գտա իմաստավորելու կյանքս, ապրեցնելու ամուսնուս, աղջկաս…

Փոքրիկին Շանթ են անվանել, որովհետև նա իր լույս աշխարհ գալով բեկել է նրանց կյանքի ընթացքը, հույս ու հավատ բերել ընտանիք։ Եվ հիմա պարանոցին՝ կախազարդի շրջանակի մեջ, Տիգրանի լուսանկարն է, որ ասես լուռ վկան է մեր անցած ուղու, իսկ գրկին նորածին Շանթը, որ գալիքն է ու վաղվա օրվա հույսը։

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #04 (1517) 02.02.2024 - 09.02.2024, Ճակատագրեր


08/02/2024