ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՏՈՒՆՆ Է
Զրույց նկարիչ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Երկրի հաջողությունը սկսվում է նրա յուրաքանչյուր քաղաքացու հաջողությունից: Սա անվիճարկելի ճշմարտություն է, ու ես հատկապես վերջին տարիներին շատ հետաքրքրված եմ իրենց գործում մեծ բարձունքների հասած իմ հայրենակիցների անցած ճանապարհով: Վստահ եմ, որ նրանց փորձառությունը համատեղելով՝ մենք կգտնենք ամենահուսալի ու արդյունավետ հաջողության բանաձևը սեփական երկրի համար:
-Ես այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուր մարդ կարող է հաջողել, եթե ճիշտ ընտրի իր գործունեության ոլորտը ու աշխատի ամբողջ նվիրումով, գործի մեջ ներդնելով ամբողջ ուժերը: Միանգամայն համաձայն եմ. եկել է տքնաջան աշխատելու ժամանակը: Բայց շատ կարևոր է, որ հասկանանք, թե որն է մեր կոչումը այս կյանքում, ինչ ունակություններ են տրված մեզ ի վերուստ: Եթե դու կարող ես լավ դերձակ լինել, պետք չէ միջակ մանկավարժ դառնալ…Եթե քո կոչումը մեքենա վարելն է, դու չես կարող հաջողել, ասենք, բժշկության բնագավառում: Ոչինչ չի համեմատվի այն բավականության հետ, որ մարդ ստանում է սիրած գործով զբաղվելիս, երբ դու ու քո ներքին տենչը, քո ներշնչանքը հանդիպում եք իրար: Այստեղից էլ հենց ծնվում են անկասելի վերելքները:
-Ձեր առաջին անհատական ցուցահանդեսը 12 տարեկանում էր, ենթադրում եմ, որ Ձեր նկարչական վերելքը մանկուց ուղղորդել են…
-Ամենամեծ ներդրումը, որ արել է ընտանիքս իմ կյանքում, սիրով ու ջերմությամբ ներծծված մթնոլորտն է, որով շրջապատված եմ եղել մանկության տարիներին: Իմ ծնողները կարողացել են գտնել ճիշտ սահմանը, որտեղ սերը չի կաշկանդում, հոգատարությունը չի դառնում պարտադրանք: Նրանք երբեք ինձ ու ավագ եղբորս չեն ասել՝ պիտի բժիշկ դառնաս կամ իրավաբան, լուռ հետևել են մեր ցանկություններին, մեր հակումներին: Ես ու եղբայրս փոքր տարիքից նկարում էինք: Հետո մենք տարվեցինք երաժշտությամբ ու դասեր առանք մեր հարևանից, որը մեզ դաշնամուր նվագել սովորեցրեց: Ես փնտրտուքների մեջ էի: Ու մի օր… շնչեցի յուղաներկի հոտը: Տեսա, թե ինչպես է յուղաներկը մարմին առնում կտավի վրա, վերածնվում…Ի վերջո, եղբայրս ընտրեց երաժշտությունը, ես վերադարձա իմ նկարներին:
-Ձեր եղբայրը նույնպե՞ս նվաճումներ ունի իր մասնագիտության մեջ:
-Այո՛, Նորայր Հարությունյանը հաջողակ կոմպոզիտոր է, նրա գործերը կատարել են Հովհաննես Չեքիջյանի երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆիլիպ Գերշլաուերը և այլք… Մեր ծնողները երբեք չեն ասել, որ պիտի անպայման հռչակավոր լինենք, պիտի առաջ անցնենք բոլորից, պիտի լավագույն արդյունքներն ունենանք, նրանք քարոզել են աշխատասիրություն, ուժերի գերլարում, անմնացորդ նվիրվածություն:
-Դա գրեթե նույնն է…
-Տարբերությունը բարոյական դաշտում է. ես չեմ ուզում ինչ-որ մեկին հաղթել, ինչ-որ մեկին թողնել հետևում, այլ իմ գործին տալիս եմ ամբողջ սերս ու ուժերս: Այսինքն՝ առանցքում ես չեմ, այլ իմ գործը, այն ներդրումը, որ ես անում եմ իմ մասնագիտության մեջ: Եթե դու ճիշտ ես ընտրել ճանապարհդ, հաջողությունները չեն ուշանում:
-Դուք ընդամենը 25 տարեկան եք, բայց հասցրել եք հաղթել բազմաթիվ միջազգային մրցույթներում: Կպատմե՞ք ամենակարևորների մասին:
-Անկեղծ ասած՝ բոլորն էլ կարևոր են, որովհետև, նախ՝ հնչում է իմ երկրի անունը, մեկ անգամ ևս ցուցադրվում է հայկական կերպարվեստը, հետո՝ ես մասնագետների կարծիքը լսելու հնարավորություն եմ ունենում: 2017 թվականին, երբ 2-րդ կուրսի ուսանող էի, արժանացա Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին, դառնալով «Կերպարվեստ» անվանակարգի ամենաերիտասարդ մրցանակակիրը: 2021-ին ԱՄՆ-ում «Catholic Art Institute»-ի կազմակերպած «Sacred Art Prize-2021» միջազգային մրցույթում արժանացա 1-ին մրցանակի: Figurativas-2021»-ում իմ աշխատանքը ճանաչվեց լավագույններից մեկը եւ 4 ամիս ցուցադրվեց Բարսելոնայի Ժամանակակից արվեստի եվրոպական թանգարանում: Կարող եմ թվարկումը շարունակել, բայց ավելի լավ է ասեմ, թե որն եմ համարում իմ հաջողությունների պատճառը…Ես չեմ ձգտում հաջողության, այլ ձգտում եմ ինքնակատարելագործման, ուզում եմ ավելի լավ նկարել ու տքնաջան աշխատում եմ այդ նպատակի համար:
-Դուք առանց որևէ նկարչական կրթություն ստանալու միանգամից ընդունվել եք Գեղարվեստի ակադեմիա ու այն ավարտել ամենաբարձր գնահատականներով: Կարո՞ղ եմ ենթադրել, որ արվեստի բնագավառում կրթությունը էական նշանակություն չունի, կարևորը բնատուր օժտվածությունն է:
-Ես նկարչության մասնավոր դասեր եմ առել մինչև Գեղարվեստի ակադեմիա ընդունվելը: Եվ համոզված եմ, որ կրթությունը կարևոր է արվեստի բնագավառում, եթե այն չի սահմանափակվում միայն մասնագիտական գիտելիքներ փոխանցելով: Արվեստի ուսուցիչը առաջին հերթին իր աշակերտի ներաշխարհը ձևավորողն է, նրա կերպարը հղկողը: Արվեստը, ի տարբերություն արհեստի, արարելու հմտությունից առաջ պահանջում է ասելիք, բովանդակություն, միտք, ապրում… Նկարչի ձեռքը հոգու մասին է պատմում: Այդ պատճառով էլ հասարակության մեջ արվեստագետներին շատ մեծ դերակատարում են վերապահում: Նրանց կոչում են մտավորական, համարում են հասարակության սերուցքը, բարոյական արժեքների ու բարձր գաղափարների կրողը: Կրթությունը նկարողին, երգողին, պարողին, դերասանին, գրողին մտավորական-արվեստագետ դարձնելու առաքելություն ունի:
-Վերջում ուզում եմ հարցնել՝ ո՞րն է հայրենասիրության Ձեր բանաձևը:
-Աշխարհում անկարևոր մարդ չկա, փոքր հայրենիքներում՝ առավել ևս: Ամեն մեկս պիտի ասենք ինքներս մեզ՝ ես կարևոր եմ իմ երկրի համար, իմ երկրի ապագան ինձնից է կախված, իմ աշխատանքից, իմ նվիրումից: Մենք պիտի դուրս գանք մեր քառակուսի տարածքներից, որ անվանում ենք տուն ու պիտի դառնանք մեր պետության քաղաքացին:
Մի օր ես նկատեցի, որ Ամերիկյան համալսարանի մոտի հայկական դրոշը խունացած է, մաշված, խեղճ: Մենք Եռագույնի մասին բազմաթիվ երգեր ունենք, հարյուրավոր կտավների վրա Եռագույնը իր պատվավոր տեղն ունի, բաժակաճառերի մեջ մենք պաշտում ենք մեր դրոշը, բայց այդ նույն դրոշի կողքով հազարավոր մարդիկ էին անցնում, ու ոչ մեկը չէր փորձում փոխել իրավիճակը:
-Դուք այդ հազարավորներից մեկն եք:
-Ես նկարեցի էսքիզը, լոնդոնաբնակ հայ բարերարի ու «Հայոց Եռագույնը՝ ամենուր» հասարակական կազմակերպության աջակցությամբ դրոշը փոխեցինք, նոր, ավելի բարձր ու ներկայանալի պատվանդան ու մեծ դրոշ տեղադրեցինք: Իմ ասելիքն այն է, որ Հայաստանը բոլոր հայերի տունն է: Ես չեմ ուզում գործածել պարտք կամ պարտականություն բառերը, որովհետև ուզում եմ, որ մեզ իրար կապի սերը: Սերը մեր Հայրենիքի ու միմյանց հանդեպ: Ուզում էի ասել՝ չքնաղ ու հրաշալի Հայրենիքի, բայց զսպեցի ինձ, որովհետև Հայրենիք բառը որևէ էպիտետի կարիք չունի: Այն պարզապես միակն է, անփոխարինելի է, քոնն է:
-Մեր զրույցը համընկավ Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի հետ: Ասելիք ունե՞ք այդ առիթով:
-Պատերազմից առաջ պաշտպանության նախարարությունում մի նախագիծ էինք քննարկում. ես պիտի կոմպոզիցիոն նկարներ հեղինակեի բանակային թեմաներով: Հույս ունեմ, որ ընդհատված աշխատանքները կվերսկսվեն: Իմ հոգում դեռ վառ են մեր վերջին այցելության ժամանակ զորամասերից ստացված տպավորությունները, և դրանք կտավի վրա արտացոլելու մեծ ցանկություն ունեմ: Բանակի տոնը յուրաքանչյուրիս տոնն է, որովհետև բանակը մեր համազգային ուժի, արժանապատվության, հայրենասիրության ու խիզախության խորհրդանիշն է: Թող Հայաստանի խաղաղությունը միշտ մեր բանակի հզոր ձեռքերում լինի:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #04 (1517) 02.02.2024 - 09.02.2024, Հոգևոր-մշակութային