Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍՆԱԳՆԱՑՆԵՐ ԵՎ ՄԱՐՍԱԳՆԱՑՆԵՐ ՍՏԵՂԾՈՂԸ



ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍՆԱԳՆԱՑՆԵՐ ԵՎ ՄԱՐՍԱԳՆԱՑՆԵՐ ՍՏԵՂԾՈՂԸԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԵՄՈՒՐՋՅԱՆ

 

Չկա արվեստի, գիտության, տեխնիկայի մի ասպարեզ, որտեղ հայերը նշանակալի ներդրում չունենան կամ չլինեն առաջինը՝ հայտնագործողն ու գյուտարարը։ Ահա այդպիսի նշանավոր գիտնական է մեր հայրենակից Ալեքսանդր Քեմուրջյանը, որի մասին ուզում ենք պատմել «Հայ զինվորի» ընթերցողներին։

Արևմտյան Հայաստանի Տրապիզոն քաղաքից գաղթած Լևոն Քեմուրջյանի ընտանիքը փախչում է թուրքական յաթաղանից և հաստատվում Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում, որտեղ 1921 թ. հոկտեմբերին լույս աշխարհ է գալիս ապագա մեծ գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանը։ Շատ ծանր մանկություն էր բաժին ընկել Ալեքսանդրին ու նրա սերնդակիցներին, սակայն դա խոչընդոտ չի դառնում, որպեսզի նա ուսում ստանա և գնա իր երազանքի ետևից։

1941 թվականին Ալեքսանդրն ընդունվում է Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բոլոր ուսանողներին համալսարաններից տարհանում էին, որպեսզի նրանք ներգրավվեն թիկունքային աշխատանքներում։ Ահա այս ժամանակ Ալեքսանդր Քեմուրջյանը ներգրավվում է տանկերի վերանորոգման ինժեներական խմբում, իսկ 1942 թ. որպես կամավորական մեկնում է Արևելյան ռազմաճակատ և անցնում հերոսական մարտական ուղի՝ Կուրսկի ելուստից մինչև Պոմերանիա (պատմական շրջան Բալթիկ ծովի հարավում, որը տարբեր ժամանակներում եղել է տարբեր պետությունների կազմում)։

1942-1945 թթ. պատերազմի ընթացքում ցուցաբերած սխրանքների համար Ալեքսանդր Քեմուրջյանը պարգևատրվում է «Արիության», «Կարմիր աստղի», «Հայրենական պատերազմի», «Պատվո նշան» շքանշաններով և «Մարտական վաստակի համար» մեդալով։ Պատերազմի հաղթական ավարտից հետո շարունակելով ուսումը՝ Քեմուրջյանը 1951 թ. (ուղիղ 10 տարի անց) գերազանցությամբ ավարտում է համալսարանն ու աշխատանքի անցնում Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում։ 1969-1991 թթ. Քեմուրջյանը նույն ինստիտուտի փոխտնօրենն էր, ապա գլխավոր կոնստրուկտորը, իսկ 1991 թվականին դառնում է ինստիտուտի գլխավոր խորհրդականը։

Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական աշխատանքները վերաբերում են ամրաշրջանակների (шасси) հովացման բարձր ջերմաստիճան ունեցող համակարգերին, «Լուսնագնաց» կայանների ինքնագնաց ամրաշրջանակների, մասնագիտացված ռոբոտների, Մարսի ու նրա արբանյակ Ֆոբոսի մակերևույթի, Վեներայի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման շարժական սարքերի ստեղծման հարցերին:

1970-1973 թթ. հայ գիտնականի հեղինակած ինքնագնաց ամրաշրջանակներով (шасси) տեղաշարժվող լուսնագնացները աշխարհում առաջին անգամ իրականացնում են բարդ առաքելություններ Լուսնի վրա։

Հայազգի ականավոր գիտնականը աշխատելով Խորհրդային Միության առաջատար գիտական հաստատություններում, իր աննախադեպ գործունեության ընթացքում հեղինակում է ավելի քան 200 գիտական հոդված և արտոնագրում ավելի քան 50 գյուտ։ Երկար տարիներ Ալեքսանդր Քեմուրջյանի ու նրա գործունեության վերաբերյալ փաստաթղթերը գաղտնի էին պահվում, իսկ նրա գիտական աշխատությունները հրատարակվում էին Ալեքսանդրով, Ուգլև, Լեոնովիչ կեղծանուններով։

Հայ հանճարեղ գյուտարարի տիեզերական ճանապարհորդությամբ սկիզբ է դրվում տիեզերական սարքաշինության նոր դարաշրջանին։

Ալեքսանդր Քեմուրջյանը խորհրդային մոլորակագնացության ճարտարագիտական դպրոցի հիմնադիրն է։ Նա տեխնոլոգիական նոր ուղղություն է հիմնադրում՝ տիեզերական տրանսպորտի ճարտարագիտությունը։

1963-1973 թթ. Քեմուրջյանի ղեկավարած ճարտարագետների խումբը աշխատում է լուսնագնացների և փոքր մարսագնացների ավտոմատ կառավարվող ամրաշրջանակների նախագծման և ստեղծման ուղղությամբ։ Արդյունքում՝ տաղանդավոր ճարտարագետի ղեկավարած խումբն ստեղծում է աշխարհում առաջին տիեզերական նշանակության ռոբոտ-տրանսպորտ լուսնագնացները, մարսագնացները։ Տիեզերական այս նոր տեխնիկայի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ տվյալներ Լուսնի և Վեներա մոլորակի գրունտների վերաբերյալ։

1970-1973 թթ. Քեմուրջյանի ղեկավարած 150 ճարտարագետներից բաղկացած գիտական խումբը նախագծում և ստեղծում է «ЛУНОХОД-1» և «ЛУНОХОД-2» լուսնագնացները։

«ЛУНОХОД-1» մոլորակագնացը 1970 թ. նոյեմբերի 10-ին Երկիր մոլորակից մեկնարկելով իր առաքելությունը՝ նոյեմբերի 17-ին վայրէջք է կատարում Լուսնի մակերևույթին։ 756 կգ կշռող Լուսնագնացը իր մեջ կրում է տեսախցիկներ և ռադիոհաղորդիչներ։ Այն ճանապարհորդում է Լուսնի վրա մոտավորապես 10 ամիս՝ անցնելով 11 կմ ճանապարհ, միաժամանակ դեպի Երկրի կայաններ ուղարկելով շուրջ 20 000 լուսանկար և 200 համայնապատկեր, ինչպես նաև կատարում է լուսնային մակերևույթի շուրջ 500 փորձարկում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍՆԱԳՆԱՑՆԵՐ ԵՎ ՄԱՐՍԱԳՆԱՑՆԵՐ ՍՏԵՂԾՈՂԸ«TIME» պարբերականը մեր հայրենակցի ստեղծած «ЛУНОХОД -1»-ը անվանում է հեղափոխություն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։

1971 թվականի դեկտեմբերի 2-ին Քեմուրջյանի գիտական խմբի ստեղծած «Մարս-3» մոլորակագնացը առաջինն էր, որ փափուկ վայրէջք է կատարում Մարս մոլորակի վրա՝ իր հետ տանելով «ПрОП-М» 4.5 կգ կշռող ռոբոտ լուսնագնացը։ Սակայն վայրէջքից 14,5 վայրկյան անց Մարս մոլորակի վրա սկսված ուժգին հողմամրրիկի պատճառով կապը կայանի հետ ընդհատվում է և հետագայում չի վերականգնվում։

1986 թվականի մայիսին Չեռնոբիլի ատոմակայանի միջուկային աղետի ժամանակ Քեմուրջյանն անձամբ ներգրավվում է փրկարարական աշխատանքներում։

Ամենակարճ ժամանակում հանճարեղ գիտնականի ղեկավարությամբ նախագծվում ու արտադրվում են «STR-1» ռոբոտները։ Այս տրանսպորտային ինքնավար ռոբոտներն աղետի բարձր ճառագայթման պայմաններում աշխատում են ավելի քան 200 ժամ և աղետի գոտուց հեռացնում մոտավորապես 90 տոննա ռադիոակտիվ թափոններ։

Չեռնոբիլյան աղետի փրկարարական աշխատանքներում հատուկ ռոբոտատեխնիկայի ներգրավումը անհամեմատ արագացնում է ռադիոակտիվ թափոնների հավաքման աշխատանքները՝ բացառելով աշխատանքներում շուրջ 1000 փրկարար զինծառայողների ուղղակի միջամտությունը։

Նշանավոր գիտնականն իր մարդասիրական առաքելությունն իրականացնելիս ստանում է ռադիոակտիվ ճառագայթման բարձր չափաբաժին և բուժվում Մոսկվայի ուռուցքաբանության կենտրոնում։

1997 թվականին Միջազգային աստղագիտական կոմիտեն 5933 աստերոիդն անվանակոչում է Քեմուրջյանի անունով։

1998 թվականին բրիտանական հեղինակավոր «Melrose books» հրատարակչական ընկերությունը Ալեքսանդր Քեմուրջյանի անունը ներառում է «XX դարի ականավոր մարդիկ» գրքում։

Ալեքսանդր Քեմուրջյանը ՌԴ տիեզերագնացության դաշնության անդամ է, ԱՄՆ մոլորակային ընկերության անդամ, Եվրոպական երկրաֆիզիկական ընկերության անդամ (Գերմանիա), տիեզերական տարածքների հետազոտման հանձնաժողովի թղթակից անդամ (Ֆրանսիա)։

2010 թվականին ՌԴ տիեզերագնացության դաշնությունը Ալեքսանդր Քեմուրջյանի անվան հուշամեդալ է թողարկում, որով պարգևատրվում են տիեզերագնացության ասպարեզում զգալի ավանդ ունեցողներն ու այդ ոլորտում եզակի գյուտերի հեղինակները։

2021 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում կայանում է հայազգի ականավոր գիտնական, աշխարհում առաջին լուսնագնացի ու մարսագնացի ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողովը։ Իսկ Երևանի թիվ 170 ավագ դպրոցը անվանակոչվում է մեծ հայորդու անունով։

Ալեքսանդր Քեմուրջյանը վախճանվում է 2003 թվականին Սանկտ Պետերբուրգ քաղաքում, իսկ նրա աճյունն ամփոփված է հայկական գերեզմանատանը։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #04 (1517) 02.02.2024 - 09.02.2024, Հոգևոր-մշակութային


08/02/2024