Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐ



ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՓոքր-ինչ կաշկանդված, սակայն մեծ պատրաստակամությամբ նորակոչիկները հետևում են վերադաս հրամանատարների ցուցումներին, անում առավելագույնը՝ վարժությունները ճշգրիտ կատարելու համար։ Ուսումնական ստորաբաժանման սպաներն էլ իրենց հերթին ջանք չեն խնայում՝ զինվորական երդմանն ընդառաջ նորակոչիկներին շարային քայլքի կարգն ու զենքի գործածման հմտությունները փոխանցելու համար։

Դասընթացներին հետևող զորամիավորման հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը նշում է.

-21 օրվա ընթացքում մեր նորակոչիկները զենքին պետք է տիրապետեն գոնե նվազագույն մակարդակով։ Մինչև երդումն ընդունելը առնվազն երեք անգամ պետք է կրակեն, զգան հրաձգային զենքը, հասկանան դրա կիրառման ձևերը, որից հետո արդեն կանցնեն հիմնական պատրաստության ծրագրով պարապմունքներին։ Նրանց պատրաստությունն այնպես պետք է իրականացնենք, որ վստահ լինենք՝ կարող են կատարել իրենց առջև դրված խնդիրը։ Այդ նպատակով նրանց պարզից բարդ սկզբունքով հետևողականորեն սովորեցնում ենք զինվորական գործը։

Շարահրապարակում շարային պատրաստություն անցնող նորակոչիկներն արդեն լիովին ըմբռնում են իրենց ստացած գիտելիքի նշանակությունն ու կարևորությունը։ Նորակոչիկներից Արգիշտի Ներկարարյանն ասում է.

-Մենք բոլորս ծառայության ենք եկել հանուն մի գաղափարի՝ մեր հիմնական նպատակն է մեր երկրի խաղաղությունը, մեր ծնողների, մեր ընկերների, քույրերի ու եղբայրների բարեկեցիկ ապագան։

Բանակի շարքերը համալրած մյուս նորակոչիկը՝ Սարգիսը, կամ ինչպես վերջին օրերին են նրան դիմում՝ շարքային Կոստանդյանն ասում է.

-Զինվորական համազգեստ կրելու և Հայրենիքի պաշտպաններից մեկը դառնալու հնարավորությունն ինքնին պատվաբեր է և հպարտության արժանի: 12 օրվա զինվոր եմ դեռ, բայց տպավորություններս շատ դրական են, անչափ ոգևորված եմ ծառայությանս մեկնարկով։

Նորակոչիկ Սերյոժա Խաչատրյանը վերջին տասը տարիներին ապրել և ուսանել է արտերկրում։ Զորակոչի օրերին վերադարձել է Հայրենիք՝ համալրելու հայկական բանակի շարքերը։

-Ճիշտ է, երկար տարիներ ապրել եմ Հայրենիքիցս հեռու, սակայն իմ երկրի ներկայի ու ապագայի հարցում երբեք անտարբեր չեմ եղել։ Իսկ կարոտը, որը երկրից դուրս գտնվող ամեն մարդու հիշեցնում է, որ ինքը իր սեփական տանը չէ, ինձ ետ բերեց Հայրենիք։

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՕրեր անց կայանալիք երդման արարողությանը պատրաստվող, զինվորական գործի հմտությունները ուշի-ուշով սերտող զինվորն ասում է.

-Շատ լուրջ եմ վերաբերվում այն ամենին, ինչ այստեղ սովորում ենք, որովհետև բոլոր այն գիտելիքներն ու հմտությունները, որ մենք ստանում ենք ուսումնառության շրջանում, կիրառվելու են հետագայում նաև մարտական հերթապահության ժամանակ։

Նորակոչիկներին զինվորական գործի հմտությունները փոխանցող սպաներից մեկը Լուսինե Բուդաղյանն է։ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտը ասում է, որ մանկուց սիրել է զինվորականի գործը։ Ուստի, համապատասխան դասընթացների ավարտին ստանալով «լեյտենանտի» սկզբնական սպայական կոչումը՝ իրեն նվիրել է Հայրենիքի պաշտպանությանն ու բանակի շարքերը համալրած նորակոչիկների պատրաստությանը։

-Եթե մենք բավարար գիտելիքով չապահովենք մեր զինվորին, վտանգած կլինենք մեր ապագան: Մեր զինվորներն այստեղից զորքեր պետք է գնան կրթված ու պատրաստված:

Շարունակելով խոսքը՝ լեյտենանտ Բուդաղյանը հիշում է. զինվորական ծառայության սկզբնական շրջանում բնավ հեշտ չէր տարիներով ձևավորված կարծրատիպերը կոտրելը։ Այժմ, սակայն, շնորհիվ բանակի շարքերում կին զինծառայողների ներգրավվածության շարունակական ընդլայնմանը, կանայք ոչ միայն ստանձնել են նոր գործառույթներ և պարտականություններ, այլև իրենց ներկայությամբ դրական ազդեցություն ու դերակատարում են ունենում զինվորական ընտանիքում։

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐ-Սկզբնական շրջանում, բնականաբար, նորակոչիկ զինծառայողի համար անսովոր է տեսնել կին հրամանատարի,- ասում է Լուսինեն,- բայց ժամանակի ընթացքում նրանք բոլորն էլ համոզվում են, որ կին զինծառայողները երբեմն անգամ ավելի խստապահանջ են ու պարտաճանաչ։ Դե, իսկ կնոջ ներկայությունը զորքերում միշտ էլ զգաստացնող հանգամանք է զինծառայողների համար, թե՛ պարտաճանաչության է մղում և թե՛ վարքի ու խոսելաոճի բարելավման։

Որոշ ժամանակ անց, ուսումնական այս ստորաբաժանման նորակոչիկներին է վստահվելու Հայրենիքի պաշտպանությունը: Իսկ դա, կամա թե ակամա, տղաներին պարտավորեցնում է անել ամեն հնարավորը՝ դասաժամերին փոխանցվող գիտելիքները լավագույնս յուրացնելու և Հայրենիքի պաշտպանության նվիրյալ մեր հերոս տղաների արժանի հետնորդները դառնալու համար։

-Երբ քաղաքացիական կյանքով ես ապրում, չես հասկանում, թե զորամասի դռներից ներս ինչ է կատարվում,- ասում է նորակոչիկ Սերյոժա Խաչատրյանը,- բայց երբ արդեն զորամասում ես, մեր ազգային հերոսների խոսքերն ու բառերը ավելի խորն ես ընկալում, գիտակցում ես, որ բոլորիս հանգիստ առօրյայի երաշխավորը հենց մեր բանակն է։

-Դեռ երկու շաբաթը չի լրացել, ինչ ծառայության մեջ եմ, բայց արդեն լիովին գիտակցում եմ, որ առանց զինվորական գործը լիարժեք ուսումնասիրելու, առանց բանակի ու զենքի մասին գիտելիքների, անհնար է երկրի սահմանները հարկ եղածի պես պաշտպանելը,- եզրափակում է նորակոչիկ Արգիշտի Ներկարարյանը։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #04 (1517) 02.02.2024 - 09.02.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/02/2024