Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԵԼԻՔԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԽՆԴՐԻ ՃՇԳՐԻՏ ԿԱՏԱՐՈՒՄԸ



ԳԻՏԵԼԻՔԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԽՆԴՐԻ ՃՇԳՐԻՏ ԿԱՏԱՐՈՒՄԸ-Բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր առջև դրված խնդիրների կատարմանը, քանի որ մեր թիկունքում մեր ընտանիքներն են: Մեզ թիկունքն է ուժ տալիս, որ մենք ավելի պատասխանատու և զգոն կատարենք մեր առջև դրված խնդիրները: Այստեղ շատ հերոս տղաներ են կանգնել, և ինձ համար այստեղ կանգնելն ուղղակի հպարտություն է,- ասում է մեր առաջին զրուցակիցը՝ ժամկետայի զինծառայող Սմբատ Բեջանյանը:

Այս ոգով, տրամադրությամբ ու գիտակցումով առաջնագծում տղաները մարտական հերթապահություն են իրականացնում։ Դիրքում ժամկետայիններն են, նրանց կողքին` հրամանատարական կազմը։ Բոլորը մեկ մարդու պես շուրջօրյա ռեժիմով աչալրջորեն հսկում են սահմանը։

Շարքային Դանիելյանի համար սա առաջին հերթափոխը չէ։ Գերազանց տիրապետում է դիտորդի պարտականություններին։ Ասում է՝ առանձնակի սիրով ու նվիրումով է վերաբերվում հայրենիքի պաշտպանի կարևոր առաքելությանը, ուստի կուտակած փորձով, խորհուրդներով ու գիտելիքներով մշտապես կիսվում է նաև առաջին անգամ դիրքեր բարձրացած ծառայակից ընկերների հետ։

-Ծառայությունս անցնում է շատ լավ: Հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել պաշտպանելու իմ Հայրենիքը, մեր ընտանիքները: Քանի որ մեր կողքին են նաև նորեկները, որոնք առաջին անգամ են ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, մենք մեր հանգստի ժամերին նրանց մանրակրկիտ ծանոթացնում ենք մարտական հերթապահության առանձնահատկություններին: Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ տղաները շատ պատրաստակամ են սովորելու առումով և գիտակցում են, որ առաջին հերթին հենց գիտելիքից է կախված իրենց առջև դրված խնդրի ճշգրիտ կատարումը,- իր նկատառումներով է մեզ հետ կիսվում մարտական հերթապահության զգալի փորձ ունեցող մեր մյուս զրուցակիցը՝ ժամկետային զինծառայող Սուրիկ Դանիելյանը:

Այդ նորեկ դիրքապահներից մեկն էլ շարքային Առաքելյանն է։ Ծառայության առաջին կես տարում նա զորամասում արդեն հասցրել է սերտել մարտական հերթապահության կրմանը վերաբերող բոլոր դասերը։

-Վեց ամսվա ծառայող եմ: Ուսումնական փուլն անցել եմ ուրիշ զորամասում: Սա իմ առաջին մարտական հերթապահությունն է: Գիտակցում եմ իմ առջև դրված խնդրի կարևորությունը: Իմ հրամանատարներն ինձ շատ լավ սովորեցրել ու հրահանգավորել են, իմ առջև դրված խնդիրը մանրամասնորեն բացատրել են, և ես լիովին պատրաստ եմ դրա կատարմանը,- իմ խնդրանքով մեր զրույցին է միանում ժամկետային զինծառայող Ալեքսան Առաքելյանը:

Մարտական հենակետում կան անհրաժեշտ բոլոր պայմաններն ու ենթակառուցվածքները ծառայությունն առավել անվտանգ կազմակերպելու համար, ինչը նաև ամենօրյա հրահանգավորումների արդյունք է։ Սպաները պարբերաբար ուղղորդում են դիրքապահներին՝ մշտապես հիշեցնում անվտանգության կանոնների, սահմանային տարբեր իրավիճակներում նրանց գործողությունների ճիշտ հաջորդականության մասին:

-Ամեն օր անցկացնում ենք մասնագիտական պատրաստության պարապմունքներ, հրահանգավորումներ և անկախ եղանակային պայմաններից բոլորս մի մարդու պես պատրաստ ենք մեր առջև դրված խնդիրները պատվով կատարել,- վստահեցնում է դասակի հրամանատար Սևակ Չարչյանը:

-Խրամաբջիջները, թաքստոցները, հաղորդակցման ուղիները կահավորված են հավուր պատշաճի: Մարտական դիրքերը ապահովված են ջերմատեսիլ սարքերով, ինչն ավելի դյուրին է դարձնում դիտարկումները,- նկատում է ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Սերյոժա Նազարեթյանը:

Տարվա այս ժամանակահատվածում, երբ ջերմաստիճանը զրոյից ցածր է, ձյունառատ տեղումները հաճախակի, առաջնագծի այս հատվածում, ինչպես բարձրադիր այլ գոտիներում, անզեն աչքով անգամ նկատելի են այն հավելյալ դժվարությունները, որոնք դիրքապահները պատվով հաղթահարում են ու անկախ եղանակային պայմաններից խրամատում սահմանված կարգով իրականացնում են մարտական հերթափոխը:

Առաջնագծում հաճախակի են նաև հրամանատարության ստուգայցերը։ Այդ ամենի առաջնային նպատակն իհարկե զգոնության ու անվտանգության միջոցառումները ուշադրության կենտրոնում պահելն է, նկատված բացթողումները արագորեն շտկելը։

Եվ այդ գիտակցումն է վերստին ընդգծում խրամատային ծառայության կարևորությունը՝ միասնական ուժերով սահմանն անառիկ պահելու համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #04 (1517) 02.02.2024 - 09.02.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/02/2024