Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԵՐԹՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ



ՄԵՐ ՀԵՐԹՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԵԼՈՒԿենտրոնական հավաքակայանում ճանապարհում են զորակոչի վերջին մասնակիցներին:

Տղաների տրամադրությունը բարձր է, իրենց տարածաշրջանին բնորոշ խոսակցականով զրուցում են, կատակներ անում, ծանոթանում են, ընդհանուր ընկերներ գտնում:

Դիմավորման-ընդունման կետում Արմավիրի մարզից զորակոչվածներն են:

Նախ՝ մուտքագրում են զորակոչիկների տվյալները, թվապիտակներ հատկացնում, որից հետո բուժզննում՝ ջերմաչափում, ֆլյուրոգրաֆիա, ըստ անձնական գործերի՝ տեղեկանում են, թե զորակոչային եւ զորահավաքային ծառայության իրենց տարածքի հանձնաժողովներն ու մասնագիտացված բուժհիմնարկները ինչ նշումներ են կատարել, ինչ խնդիրներ են եղել, համապատասխան հետազոտություններից հետո ինչ է պարզվել:

Հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ, բուժծառայության մայոր Վահե Ադիլխանյանը նշում է, որ զորակոչիկները անհրաժեշտության դեպքում, ուղեգրվում են նեղ մասնագիտական լրահետազոտման: Արվում է հնարավորը, որ բանակը համալրվի և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես առողջ ու պատրաստ զինվորներով,- վստահեցնում է մայոր Ադիլխանյանը:

***

ՄԵՐ ՀԵՐԹՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ Մինչ Արմավիրի մարզի զորակոչիկները բուժզննություն են անցնում, սյունեցի զորակոչիկները ներկայանում են մանդատային հանձնաժողով, որտեղ եւս մեկ անգամ ճշտվում է կրթական մակարդակը, առողջական վիճակը, մարզական տվյալները, ընտանեկան դրությունը եւ համապատասխան դասակարգումն անցնելուց հետո տղաներն անցնում են թեստավորում:

2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում գործարկվել է մասնագիտական ընտրության ավտոմատացված էլեկտրոնային նոր համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հարցաշարերի միջոցով ստուգելու զինակոչիկների տեխնիկական և հումանիտար գիտելիքները: Ըստ այդմ, որոշվում է տվյալ զորակոչիկին առավել համապատասխան մասնագիտացված ուսումնական կենտրոնը, որտեղ նա ծառայելու և վերապատրաստվելու է նախքան հիմնական ծառայավայր մեկնելը։ Յուրաքանչյուր զորակոչիկին համակարգը տալիս է տասը հարց, որից հինգը հումանիտար, հինգը՝ տեխնիկական ուղղվածության: Անցողիկ շեմը յուրաքանչյուր ուղղվածության դեպքում չորսն է:

-Ուսումնական զորամասերի կրտսեր մասնագետների համար նախատեսված էլեկտրոնային թեստավորումը նախ եւ առաջ վերացնում է մարդկային գործոնի ուղղակի ազդեցությունը գործընթացի վրա եւ միաժամանակ հնարավորություն է ընձեռում կարճ ժամկետում՝ բառացիորեն րոպեների ընթացքում, թեստավորել մեծ քանակի զորակոչիկների,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Էդգար Բեգլարյանը:

Մանդատային հանձնաժողովում, արդեն ըստ զինվորական մասնագիտությունների տարբերանշաններ ստացած, տղաները շտապում են վիճակահանության սենյակ եւ թմբուկից հանում իրենց «նոր հասցեն»՝ զորամասի համարն ու բարձրաձայն կարդում:

Ամեն ինչ տեսանկարահանվում է, զորակոչիկների ծնողները զորակոչային եւ զորահավաքային ծառայության իրենց տարածքի ստորաբաժանումներում առցանց տարբերակով հետևում են վիճակահանությանը:

***

ՄԵՐ ՀԵՐԹՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԵԼՈՒՄինչ հերթական խումբը կմասնակցի վիճակահանությանը, ԶՈՒ ԲՀԱ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սպանդար Մուրադյանը զորակոչիկներին ներկայացնում է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, մանրամասնում ծրագրի առանձնահատկությունները, հնարավորություններն ու արտոնությունները։

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո անցնել պայմանագրային զինծառայության։ Ըստ նախատեսվող կարգի՝ ժամկետային պարտադիր զինծառայողը հինգ տարի պայմանագրային զինվորական ծառայության, իր զեկուցագրի համաձայն, կարող է նշանակվել ինչպես իր բնակավայրին մոտ զորամասում, այնպես էլ իր ցանկությամբ նշանակվել այլ զորամասում կամ շարունակել ծառայությունը տվյալ (նախորոշված) զորամասում։ Ժամկետային պարտադիր զինծառայողին հաշվարկվելու եւ վճարվելու է զբաղեցրած հաստիքին համապատասխան բավարարում, ինչպես նաեւ պայմանագրային զինվորական ծառայության հինգ տարի ժամկետը լրանալիս տրամադրվելու է նաեւ հինգ միլիոն դրամ պատվովճար։ Ծրագրի շահառուն օգտվելու է պայմանագրային զինվորական ծառայողին հասանելիք բոլոր սոցիալական երաշխիքներից:

-Հարկ է նշել, որ նախորդ զորակոչերի համեմատ, ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն ակնհայտորեն մեծացել է, ինչպես նաև՝ բարձր է ծրագրի վերաբերյալ իրազեկվածության աստիճանը։ Ծրագրից օգտվել ցանկացողների աճի միտումն ինքնին այդ ամենի վկայությունն է։ Ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած զինծառայողների անվանացուցակները ուղարկվում են նրանց նախորոշված զորամասեր՝ ծառայության առաջին վեց ամիսների ընթացքում բացատրական աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով,- տեղեկացրեց փոխգնդապետ Մուրադյանը:

Արմավիրցի Արթուր Այվազյանը նպատակադրվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայել: Զինվորական հայրիկի խորհրդով ու հորդորով է որոշումը կայացրել:

-Կայուն աշխատանք, բարձր աշխատավարձ, բնակավայրին մոտ ծառայելու հնարավորություն, ծառայությունից հետո էլ՝ հինգ միլիոն պատվովճար,- Արթուրը ծրագրի հնարավորություններն է թվարկում ու լրացնում՝ դեռ կես տարի ժամանակ էլ ունեմ վերջնական որոշում կայացնելու:

Սամվել Հովսեփյանը եւս զինվորականի որդի է, ինքն էլ է որոշել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայել:

-Տրամադրված գնում եմ՝ կարեւորելով հայրենյաց պաշտպանի առաքելությունը:

-Տրամադրությունս բարձր է, տրամադրվածությունս՝ մարտական,- էջմիածինցի Հրաչյա Գրիգորյանն է,- բանակ գալուց առաջ մի լավ խնջույք արեցինք, մերոնց նախօրոք պատվիրել էի՝ հուզվել-տխրել չկա, ուրախ ու հպարտ եղեք, որ մեր երկրի, մեր Հայրենիքի զինվորն եմ:

-Սարգիս Գալստյան,- ներկայանում է հաջորդ զրուցակիցս,- չորս քրոջ միակ եղբայրն եմ: Ամենամեծ քրոջս որդին՝ Ռոբերտը, ծառայում է, ինձնից մեկ տարով մեծ է: Զանգել, հումորով ասում է՝ քեռի՛ ջան, կգաս մոտս ծառայության, ոչ մի խնդիր չես ունենա:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում է սովորում Սարգիսը:

-Գնում եմ բանակ, որ պաշտպանեմ իմ ընտանիքն ու Հայրենիքը, մեր պապերի ու հայրերի շիրիմները, իմ երկրի խաղաղությունը:

Դերենիկ եւ Արայիկ Գասպարյաններն էլ եղբայրներով են հայրենիքի պաշտպան դառնում:

-Եթե ծառայել, ապա միայն Հայրենիքին,- ապագա դեղագործ Գագիկ Թաթոյանն է միանում խոսակցությանը։

-44-օրյա պատերազմի մասնակից եղբայրս՝ Լևոնը, սիրում է կրկնել՝ հայրենիքին ծառայելը ոչ թե պարտք է, այլ՝ պատիվ ու արժանապատվություն, հիմա մեր հերթն է հայրենիքի վահանը դառնալու,- զրույցը եզրափակում է ծովինարցի Պետրոս Սարդարյանն ու վստահեցնում՝ կծառայենք պատվով…

Մեր Հայրենիքի նորօրյա պաշտպաններն են բանակ գնում, գնում են գրելու հայրենյաց պաշտպանի սեփական կենսագրությունը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #04 (1517) 02.02.2024 - 09.02.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/02/2024