ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ
Տարիներ առաջ, երբ դեռ ՀՀ ԶՈՒ Երեւանի կայազորի Սպայի տան գրադարանում էի աշխատում, հիշում եմ՝ օր չկար, որ մշակութային այս օջախը չթնդար խրոխտ պարեղանակներից…
Անցնող-դարձողը գիտեր՝ «Սարդարապատի» պարողներն են՝ Մուրադի տղերքը…
Ու Մուրադի տղերքն իրենց խրոխտ պարով թնդացնում էին ոչ միայն Սպայի տունը, այլեւ հասնում սահմանային զորամասեր, բարձրանում ամենաբարձր մարտական դիրքեր՝ ոգի եւ ավյուն հաղորդելով հայրենիքի պաշտպաններին:
Պետական, կառավարական, ազգային տարբեր միջոցառումներին մշտապես հանդես է եկել «Սարդարապատը» կատարումներով, Մուրադ Հակոբյանի ղեկավարած համույթը մշտապես բարձր է պահել զինված ուժերի պատիվը ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում։
Պարուսույցի համար կարեւոր չէր՝ Ազգային օպերային թատրոնի բեմում հանդես կգային, Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում, զորամասում, մարտական դիրքում, ինքն առաջնորդվում էր անխախտ մի սկզբունքով՝ հանդիսատեսին միայն լավագույն կատարում:
Լայնընդգրկուն է «Սարդարապատի» շրջագայությունների «աշխարհագրությունը»՝ ԱՄՆ, Սերբիա, Կանադա, Իսպանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա… ու միշտ վերադարձ գլխավոր մրցանակներով:
Տարբեր պարեր են ներառված համույթի պարացանկում՝ դասական, հայկական, աշխարհի ժողովուրդների: Օտար երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրերը մեկ անգամ չէ, որ հիացել են «Սարդարապատ» համույթի՝ իրենց ազգային պարերի կատարումների վարպետությունից….
Հայկական պարի նվիրյալների մի ամբողջ սերունդ է կրթել ու դաստիարակել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Սարդարապատ» պետական համույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը՝ բոլորի սիրելի ընկեր Մուրադը, ում կյանքն անմնացորդ նվիրում էր պարարվեստին եւ հատկապես՝ մարտական պարերին:
Պարի հանդեպ անհուն սերը մանկությունից էր գալիս, պապը գյուղի պարբաշին էր (պարգլուխը՝ խմբապարն առաջ տանողը), հետո «Պիոներ պալատում» պարի զարմանահրաշ աշխարհի «այբուբենին» կծանոթանա ընկեր Օսիկի՝ Հովսեփ Շամամյանի մոտ:
1973-1975 թվականներին՝ որպես պարող, ծառայում է Բալթյան նավատորմի երգի-պարի անսամբլում, ելույթներով հանդես գալիս Խորհրդային Միության տարբեր զորամիավորումներում։
Զորացրվելուց հետո Մուրադ Հակոբյանը իր առաջին պարախումբն է հիմնում Երևանի Մռավյանի անվան դպրոցում, իսկ 1978 թվականին պարի դպրոցը տեղափոխում է ԽՍՀՄ զինված ուժերի Երեւանի կայազորի Սպայի տուն:
Հայաստանի անկախացումից հետո՝ 1993 թ. Մուրադ Հակոբյանը հիմնադրում է ՀՀ ԶՈւ «Սարդարապատ» պարի պետական համույթը:
Դժվար, անլույս օրեր էին… Քաղաքի տարբեր անկյուններից սաները ոտքով գալիս էին փորձերի, մոմի մարմրող լույսերի տակ, ցուրտ դահլիճում պարապում էին ու պարային ծրագրով մեկնում սահմանագոտի՝ թեժ հատվածներ:
1998 թ.-ից «Սարդարապատը» արդեն համալրվում է ժամկետայիններով, ու վեց ամիսը մեկ նոր համալրում, փոխվում է ժամկետայինների կազմը, ու ընկեր Մուրադը նույն սիրով ու նվիրումով, նույն համբերատարությամբ նորից սկսում է ուսուցանել, բացատրել նորաթուխ պարող զինվորներին պարարվեստի զինվորաշունչ նրբերանգները:
Իրեն երբեք հանգիստ նստած չէիք տեսնի, միշտ պրպտող, անսպառ եռանդով լի, մտքով «գծապատկերում» էր պարային կոմպոզիցիաները: Ու ամեն պար, ամեն պարային ներկայացում՝ ինքնատիպ, չկրկնվող, նոր մատուցմամբ ու պարտադիր ՝ ոգեղեն ու ոգեշունչ՝ Մուրադավարի…
-Երբ «Սարդարապատը» բեմ էր բարձրանում, այդ ողջ զորությունն ու ոգեղենությունը մեկեն փոխանցվում էր դահլիճին,- ասում է ռեժիսոր Լեւոն Իվանյանը,- Մուրադին վաղուց եմ ճանաչում, բանակի բոլոր տոներին, հանդիսություններին «Սարդարապատը» միշտ էլ մասնակցել է, եւ ես էլ որպես ռեժիսոր իր հետ միասին թատերային-սցենարական բեմադրական լուծումներ էինք որոնում: Միասին տարբեր պատասխանատու ծրագրեր ենք իրականացրել (նվիրված հայկական բանակին)։ Իր տեսակի մեջ բացառիկ ներկայացումներ, որ առանց վարանելու կարող ենք ասել, որ հատուկ էին բալետարվեստին եւ մեկ էլ Մուրադին…
Մուրադի մասին խոսելիս պետք է անպայման շեշտել նաեւ, որ նրա շնորհիվ հայկական պարարվեստը որձաքարի ամրություն ստացավ, որպես պարուսույց չափազանց ինքնատիպ էր, ռազմապարերի, մարտապարերի ոլորտը տանող դեր ուներ…
-Մարտապարերը տղամարդու հոգեբանության վրա մեծ ազդեցություն ունեն, դաստիարակիչ ներուժ,- միշտ շեշտադրում էր Մուրադը:
***
Ու այսպես՝ 30 տարուց ավելի «Սարդարապատը» զինվորագրված է պարարվեստին ու հայրենիքին:
-Հայրս զինվորական չէր, բայց էությամբ, մտածելակերպով, գործելաոճով ասես կատարյալ զինվորական լիներ՝ կանոնավոր, կարգապահ, խիստ ու անասելի պահանջկոտ։ Ու տարբերություն չկար, որ ես իր որդին եմ, բոլոր սաներին նույն խստությամբ էր վերաբերվում: Բայց, հավատացեք, ոչ մեկս չէինք նեղանում, որովհետեւ որքան եւ խիստ էր ու պահանջկոտ, նույնչափ էլ նաեւ բարի էր ու հուզական, խստությունը շաղախված էր սրտացավությամբ ու անսահման հոգատարությամբ։ Գովասանքի մեջ չափազանց ժլատ էր, ու երբ ասում էր՝ լավ է, ուրեմն կատարյալից էլ մի բան ավելի էր,- պատմում է Մուրադ Հակոբյանի որդին՝ Էդգարը, որ իր հայրիկի գործի արժանի շարունակողն է,- հասարակ ու պարզ էր հայրս, անմիջական, չէր վարանի, կարծիք կհարցներ աշակերտից, սովորական հանդիսատեսից կհետաքրքրվեր՝ հըն, ո՞նց է ստացվել, ու երեխայի նման կոգեւորվեր ջերմ գնահատականից: Հայրս ապրում էր պարով, պարն իր ապրելու բանաձեւն էր, կենսակերպը, բեմում մոռանում էր ամեն ինչ, անձնականը հետին պլան էր մղված… Վերջին բաց դասին տղաս՝ Հայկն էլ պարեց, սիրուն պարեց, հզոր: Հայրս հուզված-ոգեւորված բեմ բարձրացավ ու որդուս մատնացույց անելով, ասաց՝ այ, հիմա հանգիստ կարող եմ գնալ…
***
Պատերազմի օրերին Մուրադի հոգում փոթորիկ էր, սահմանից եկող ամեն լուր նախ սրտի միջով էր անցնում… Ապրիլյանի, 44-օրյայի ժամանակ էլ մի քանի անգամ դիմել էր, որ պարային ծրագրով գնան ռազմադաշտ, իր զենքով՝ պարով ոգեղենացնելու, ոգեշնչելու կյանքը հայրենիքի համար վահան դարձրած զինվորներին։
Մեջը խմորված զգացողությունները, կուտակված հույզերն ու ապրումներն ամբողջացրեց պարային ստեղծագործության մեջ ու անվանեց «Ամենամեծ մարտական»: Ասում էր՝ իմ կյանքի ամենամեծ մարտական պարն է, սակայն ինքը բեմադրությունը չհասցրեց տեսնել… Մի քանի զորամասում արդեն դիտել են ներկայացումը, պարի ամեն տողատակում չհուսահատվելու, չընկճվելու, մաքառելու ուղերձ կա…
Պարն ասելիք պիտի ունենա, հակառակ պարագայում, դա չի դառնում բեմ բարձրացնելու բան՝ ասում էր պարարվեստի նվիրյալը:
***
Դահլիճում «Ամենամեծ մարտական» պարն են պարում Մուրադի տղերքը:
Պարում են ոգեղենացած, ոգեշունչ՝ Մուրադավարի…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #05 (1518) 09.02.2024 - 16.02.2024, Հոգևոր-մշակութային