Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ



ՀԱՅԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄՍիրիայում հայերի ներկայությունն ունի հազարամյակների պատմություն։ Հայերը Սիրիայում (պատմական Ասորիք) բնակություն են հաստատել վաղնջագույն ժամանակներից։ Հայոց հզոր Տիգրան Բ Մեծ արքայի օրոք Ասորիքի զգալի մասը որոշակի ժամանակահատվածում (մ.թ.ա. 80-60-ական թթ.) ընդգրկվել է հայկական տերության կազմում։ Նույնիսկ հատվել են հայոց արքայի անունը և պատկերը կրող դրամներ։ Հայկական աղբյուրները հիշատակում են, որ այդ ժամանակ հայերի մեծ գաղթ է տեղի ունեցել դեպի Սիրիայի հյուսիսային շրջաններ։

Սիրիա անվանումը ծագել է Ասորեստանի հին հունական անվանումից՝ Սիրիոն բառից։ Ներկայումս Սիրիան մոտ 184 հազ. քառ. կմ ընդգրկող տարածքով արաբական պետություն է, և նրա տարածքը համընկնում է հին աշխարհի հզորագույն տերություններից մեկի՝ Ասորական թագավորության հետ, որը մ.թ.ա. 612 թվականին կործանվել է Պարույր Սկայորդու հարվածներից։

Հետագայում, մ.թ.ա. IV դարում, Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալության կործանումից հետո, Ասորիքում կազմավորվում է ևս մեկ հզոր պետություն՝ Սելևկյան թագավորությունը, որը նվաճում է հայոց արքայից արքա Տիգրան Մեծը։ Այս ժամանակաշրջանում են առաջին հայերը հայտնվել Սիրիայի տարածքում։

Մ.թ.ա. I դարից սկսած՝ Սիրիայի տարածքը կռվախնձոր է դառնում Հռոմի և Պարթևստանի, հետագայում Պարսկաստանի միջև։

VII դարում ձևավորվում է Արաբական խալիֆայությունը, և արաբները ոչ միայն գրավում են Սիրիան, այլև տեղաբնակներին այնտեղից դուրս են մղում։

Հետագայում, Սիրիայի տարածքը նվաճում են Բյուզանդիան, ապա սելջուկները, խաչակիրները, մոնղոլները, եգիպտական մամլուքները, իսկ XVI դարից՝ 1516 թվականից՝ օսմանյան թուրքերը։

Հայերը ավելի մեծ խմբերով Սիրիայի տարածքում սկսում են բնակվել XI դարից սկսած, երբ կործանվում են Վասպուրականի Արծրունիների և Անիի Բագրատունիների թագավորությունները։ XI դարում բյուզանդացիները Միջագետքի դքսության, որի տարածքն ընդգրկում էր նաև Սիրիան, կառավարիչ նշանակում են հայոց մեծ իշխան Գրիգոր Մագիստրոս Պահլավունուն։ Առհասարակ, Բյուզանդական տիրապետության ժամանակ, Ասորիքի կառավարիչների շրջանում, մեծ թիվ են կազմել հայ զորականները։ Հյուսիսային Սիրիայի տարածքում հայ իշխաններ Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլ Կամսարականը նույնիսկ հիմնում են զորեղ իշխանապետություններ։ Սակայն նրանց մահից հետո հայկական այս իշխանությունները զոհ են գնում խաչակիրների արշավանքներին։

Սիրիայում հայերը հռչակված էին որպես լավագույն արհեստավորներ՝ ոսկերիչներ, արծաթագործներ, մետաքսագործներ, ներկարարներ, սադափագործներ, դերձակներ, կաշեգործներ, ակնագործներ, ինչպես նաև սննդի արդյունաբերության ու շինարարության արհեստավարժ վարպետներ։

XVII դարի հայ նշանավոր պատմագիր Առաքել Դավրիժեցին դրվատանքով հիշատակում է հալեպցի Մուրատ Սարգսին (1592-1662 թթ.), որը աշխարհաբարով կազմել է մի արհեստագիտական ձեռնարկ՝ «Վասն անուանց և որպիսութեանց պատուական ականց», որտեղ նկարագրված են ավելի քան 30 տեսակի թանկարժեք քարեր ու դրանցից յուրաքանչյուրի մշակման եղանակները։

Սիրիայում հայերը ստեղծել են մշակութային ուշագրավ արժեքներ։ Սիրիահայերը հայտնի գրիչներ էին, ծաղկողներ, կազմողներ ու նկարազարդողներ։ Աչքի ընկնող գրիչներից էին՝ Հովհաննես Ուռհայեցին, Խաչատուր Զեյթունցին, Ղազար Դպիրը, Սարգիս Խիզանցին, Աստվածատուր Ուրֆացին, Ղազար Բաբերդցին, Աբրահամ Երեցը և ուրիշներ։ Պահպանվել են ավելի քան 200 ձեռագրեր, որոնց զգալի մասը գտնվում է Հալեպի Հայոց առաջնորդարանում և Զմմառի վանքում։ Հալեպում բավականին բարձր զարգացման էր հասել հայ նկարչությունն ու որմնանկարչությունը։

ՀԱՅԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ1616 թվականին Ամստերդամում պահպանված մի փաստաթղթից տեղեկանում ենք, որ մի կողմից «ֆլաման ազգի բանագնացների» և մյուս կողմից հալեպահայ նշանավոր առևտրականների միջև կնքվում է համաձայնագիր, որ դեպի Հոլանդիա հում մետաքս արտահանող հայ առևտրականները հանդես գան որպես Հոլանդիայի թագուհու առևտրական գործերի ներկայացուցիչներ։

Սիրիան, որն Արևելքի ամենաանկայուն երկրներից մեկն էր, համեմատաբար կայուն և ապահով է դառնում Ասադ ընտանիքի կառավարման շնորհիվ։ Ասադները, որ ազգությամբ ոչ թե արաբ են, այլ ալավի (շիականության ուղղություն), շատ բարյացակամ վերաբերմունք են դրսևորում հայերի նկատմամբ։

Սիրիայում հայերը ժամանակի ընթացքում սկսում են ինքնակազմակերպվել և ցուցաբերելով քաղաքական կազմակերպվածություն՝ վերաճում, դառնում են կենսունակ ու կազմակերպված մի համայնք, որ ամեն կերպ ձգտում է պահպանել իր ազգային դիմագիծը, իր ինքնությունը։ Կարևոր է նաև 1967 թվականի պետական որոշումը, համաձայն որի՝ Սիրիայի հայերին թույլ է տրվում հայկական դպրոցներում 4 ժամ ազգային լեզու՝ հայերեն, և 2 ժամ հայերենով կրոն դասավանդել։ Սիրիայի հայ համայնքը միակն է ազգային փոքրամասնություններից, որ ունի դպրոցներում Հայոց պատմություն և Հայոց եկեղեցու պատմություն մայրենի լեզվով դասավանդելու իրավունք։

Հայ համայնքի համար ազգային գործունեություն ծավալելու է՛լ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում, երբ իշխանության է գալիս Հաֆեզ ալ-Ասադը (1971-2000 )։

Հայերը Սիրիայի զարգացման գործում ունեցած զգալի ներդրման և վաստակած բարի համբավի շնորհիվ կարողանում են վայելել թե՛ իշխանությունների և թե՛ հասարակության համակրանքը։ Որպես Սիրիայի լիիրավ քաղաքացիներ նրանք էապես նպաստում են Սիրիայի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը։ Մեծ եղեռնից հետո փրկություն գտած հայերը ոչ միայն ապաստան են գտնում Սիրիայում, այլև ի նշան երախտագիտության, ամբողջությամբ լծվում են Սիրիայի շենացման ու բարգավաճման գործին։

Սիրիայում հայերը հիմնականում ապրում են Հալեպ, Դամասկոս, Լաթաքիա, Քեսաբ, Կամիշլի, Հոմս, Ռաքքա, Հասաքե քաղաքներում։

Հայ համայնքի կազմակերպման, հայեցի դաստիարակության և հայապահպանության գործում անուրանալի դեր ունի հայ եկեղեցին։ Հայերն ապրելով այլակրոն միջավայրում՝ առավել ամուր են կառչել իրենց հավատքից ու եկեղեցուց, որ օգնել ու նեցուկ է եղել դժվարին ու օրհասական պահերին։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործադրած համառ ջանքերի շնորհիվ է նաև, որ սիրիահայությունը, որ մաս է կազմում Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների, առավել մեծ չափով է պահպանել իր ազգային ինքնությունը (լեզու, կրոն, պատմական հիշողություն, մշակույթ)։

Սիրիայում գործում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Դամասկոսի թեմը (առաջնորդանիստը Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցի) և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հալեպի թեմը (առաջնորդանիստը Հալեպի Քառասուն Մանկունք եկեղեցի)։ Գործում են նաև Հայ կաթոլիկ եկեղեցու Բերիո և Կամիշլիի թեմերը։

Սիրիայի բոլոր հայկական դպրոցները գործում են հայ եկեղեցու հովանու ներքո և իրականացնում են պետական կրթական ծրագրեր։ Բոլոր հայկական դպրոցները վճարովի են, սակայն սոցիալապես անապահով և ոչ վճարունակ ընտանիքների երեխաներին աջակցում են եկեղեցին ու հայկական բարեգործական միությունները։

Սիրիայում գործում են բազմաթիվ հայկական դպրոցներ, որոնք մեծ դերակատարում ունեն հայապահպանության գործում, դրանցից նշանավոր են՝ Ազգային Ազատության վարժարանը, Ազգային Մեսրոպյան վարժարանը, Ազգային Սահակյան վարժարանը, Ազգային Խորենյան վարժարանը, Ալիշան վարժարանը և այլն։ Հայկական ազգային վարժարանների շարքում իր յուրօրինակ տեղն ունի Քարեն Եփփեն վարժարանը, որ կրում է դանիացի մեծ մարդասեր, հայության մեծագույն բարեկամ Քարեն Եփփեի անունը։ Մարդկային բարձր արժանիքներով օժտված դանիացի օրիորդն իր ամբողջ գիտակցական կյանքն անմնացորդ նվիրում է հայ ժողովրդին՝ նրա ֆիզիկական, հոգևոր-բարոյական վերականգնմանը ոչ միայն իր հայրենիքում՝ Դանիայում, այլև տարբեր երկրներում, ընդհուպ մինչև Ազգերի Լիգա։ Հալեպում գաղթական հայերի ապաստանի ու խնամքի հարցերով զբաղվելու համար Ազգերի Լիգան Քարեն Եփփեին է ընտրում որպես իր ներկայացուցիչ։ Նա շրջում է ամբողջ Սիրիայում՝ գյուղ առ գյուղ հայ որբերին ու անօգնական կանանց փնտրելու և օգնություն ցուցաբերելու համար։ Ցեղասպանության օրերին ջուր և սնունդ է հասցնում անապատներով անցնող գաղթականներին, իր տան նկուղում պատսպարում բազմաթիվ փախստական հայերի։ Նույնիսկ սիրիական անապատում կազմակերպում է հարսանիք՝ միաժամանակ ամուսնացնելով հայ որբերից ստեղծված ութ զույգերի։

Մինչև իր կյանքի վերջը (1934 թ.) դանիացի մարդասեր օրիորդը մնում է Սիրիայում՝ իր կյանքն անմնացորդ նվիրաբերելով հայ ժողովրդի զավակներին, կիսելով նրանց վիշտն ու տառապանքները, բայց միաժամանակ հիանալով նրանց ոգու արիությամբ ու կորովով, անկոտրում կամքով, մեծ հավատով ու լավատեսությամբ։

Քարեն Եփփեի պայծառ հիշատակը հայության շրջանում հավերժացնելու մի գեղեցիկ ու բարձր գնահատանքի արժանի քայլ էր Հալեպի ազգային ճեմարաններից մեկը նրա անունով կոչելը։

ՀԱՅԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄXIX դ. արաբական երկրներում սկսվում է մի շարժում, որ կոչվում է Նահդա (արաբ.՝ վերածնունդ, զարթոնք, վերելք)։ Սա մի լուսավորական շարժում էր, երբ Նահդայի գաղափարակիրները վերածնունդ տեսնում էին ժողովրդի դարավոր հետամնացության և կրոնական նախապաշարմունքների հաղթահարման, լուսավորական գաղափարների տարածման մեջ։ Եվ քանի որ այդ գործընթացը տեղի էր ունենում եվրոպական երկրների անմիջական ազդեցության ներքո, ստեղծվում է մի յուրօրինակ մշակութային միաձուլում (սինթեզ), որն էլ սկիզբ է դնում արաբական լուսավորական մտքի զարգացման համար։ Սիրիական Նահդայի շրջանում ծագումով հայ գործիչները մեծ դեր են խաղում արաբական մշակույթի զարգացման համար։ Նրանցից նշանավոր են հատկապես գրող, հրապարակախոս, լրագրող Ադիբ Իսհակը՝ Զալմանեան (1856-1882), և արաբական լուսավորական շարժման առաջամարտիկներից՝ Բուտրուս ալ-Բուսթանին (1819-1863):

Սիրիայի պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայերն օգնել են արաբներին անկախության համար մղվող պայքարում։ Մեծ թվով հայեր դարձել են Սիրիական բանակի սպաներ ու մասնակցել են երկրի պաշտպանությանը։ Սիրիայի ռազմական պատմության մեջ ոսկե տառերով են գրված գեներալ-լեյտենանտ Արամ Կարամանուկյանի (սիրիական հրետանու պետ) և գեներալ Հրանտ Մալոյանի (ներքին անվտանգային ուժերի գլխավոր հրամանատար) անունները։

1928 թվականից հայերը մշտական ներկայություն են ունեցել Սիրիայի օրենսդիր մարմնում։

Արաբական աշխարհը՝ ի դեմս Սիրիայի, դարձավ այն նպաստավոր միջավայրը, որտեղ հնարավոր եղավ պահպանել հայկական ինքնությունն ու համայնքային կառույցները, հայոց լեզուն ու ազգային արժեքները։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (1518) 09.02.2024 - 16.02.2024, Հոգևոր-մշակութային


15/02/2024