ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ
Սիլվա Կապուտիկյանը մեր ամենահայտնի ու սիրված բանաստեղծուհին է։ Նրան պատվել են «Ամենայն հայոց բանաստեղծուհի» տիտղոսով։
Սիլվա Կապուտիկյանը այն երջանիկ պոետներից է, որ կյանքի օրոք համաժողովրդական սիրո արժանացավ։ Այդ սերն ու վստահությունը վաստակելը հեշտ չէր։
Սիլվա Կապուտիկյանի ասույթները
Լեզուն ոչ միայն քերականությունն է, ոչ միայն բառապաշարն է, այլև ժողովրդի արմատն է, նրա արյունը, ներվային համակարգը, շնչառության ռիթմը։ Լեզուն մարդու երկվորյակն է։
***
Ես երբեք չեմ բաժանվել իմ հայրենիքից, որտեղ էլ որ ճանապարհորդել եմ, իմ մեջ և ինձ հետ է եղել իմ ժողովուրդը, ինչպես երեխայի հետ՝ իր մայրը, ինչպես մարդու հետ իր մոր կերպարը։
***
Ազնիվ մարդը չի գնում հարմարության, վախենում է արդար ապրելու երջանկությունը կորցնելուց։
***
Կյանքի բոլոր տարիներն էլ հավասար սիրելի են, քանի որ կյանքն ինքն է սիրելի։
***
Հետաքրքիր պատմություններ
Սիլվա Կապուտիկյանը մի անգամ ռադիոյով ելույթ է ունենում և քննադատում այն օրենքը, ըստ որի՝ 3 ռուբլի գողացած մարդուն բանտարկում են երեք տարով, մինչդեռ մեծ ավազակները դրսում ազատ շրջում են։ Չէ՞ որ այդ մարդն ընդամենը հացի խնդիր է լուծել։
Կապուտիկյանի խոսքը մեծ արձագանք է գտնում։ Այն տպված հասնում է մինչև Կոշի քրեակատարողական հիմնարկ։
Բանտարկյալները իրար են փոխանցում տեքստը, քննարկում և որոշում են հանդիպում կազմակերպել մեծ բանաստեղծուհու հետ։
Կապուտիկյանը գնում է Կոշ, հանդիպումն անցնում է ջերմ մթնոլորտում։ Բանտարկյալները բանաստեղծուհուն հավաստիացնում են, որ այդուհետ նա իրենց հատուկ պաշտպանության տակ է և կարող է դուռն առանց կողպելու անգամ քնել։
Բանտարկյալները նաև նվիրում են իրենց պատրաստած ձեռնափայտը, որն այժմ պահվում է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։
***
1973 թ. ձերբակալում են մեծ կինոռեժիսոր, նկարիչ Սերգեյ Փարաջանովին։ Սիլվա Կապուտիկյանը նամակ է գրում ԽՍՀՄ-ի ղեկավար Բրեժնևին՝ անթույլատրելի համարելով նման մեծությանը բանտում պահելը։ Նրա պահանջը, ցավոք, անարձագանք է մնում։
Ազատություն ստանալուց հետո Փարաջանովը Սիլվա Կապուտիկյանին մի քանի խորհրդանշական նվերներ է տալիս՝ որպես շնորհակալություն։ Դրանցից մեկը «Մայր Հայաստան» կարպետն է, որն այժմ գտնվում է բանաստեղծուհու տուն-թանգարանում։
***
Կապուտիկյանը չի տեսել հորը` Բարունակ Կապուտիկյանին։ Նա մահացել է աղջկա ծնվելուց երեք ամիս առաջ։ Մայրը՝ Լիան, ծանր է տարել ամուսնու մահը և այդպես էլ չի ամուսնացել։
Լիան հավատում էր իր աղջկա հաջողություններին։ Փոքրիկ տան մեջ առանձին սենյակ էր հատկացրել Սիլվային։ «Բարունակ Կապուտիկյանի աղջիկը չէր կարող վատը լինել»,- ասում էր Լիան, երբ նրան հարցնում էին աղջկա մասին։
***
Սիլվա Կապուտիկյանի զարմուհին՝ Ռաֆլետա Հաճյանը, պատմում է, որ մի անգամ բանաստեղծուհու մայրը՝ տիկին Լիան, իրենց կորած կատվի մասին մի գեղեցիկ բանաստեղծություն է գրում: Զարմուհին հիացած ասում է.
-Մորաքո՛ւյր, ոնց որ իսկական բանաստեղծուհի լինես:
Տիկին Լիան վիրավորվում է և Վանի բարբառով ասում.
-Տո ծրտո՛տ, էն ժամանակ, որ ես բանաստեղծություն կգրեի, Սիլվան դո՞ր էր:
-Մորաքո՛ւյր, բա ինչո՞ւ ես ասում` Սիլվան հորից` Բարունակից է ժառանգել գրելու ունակությունը. քեզնից է ժառանգել:
Տիկին Լիան հանկարծ լրջանում ու ասում է.
-Չէ՛, Սիլվան տեղով Բարունակն ի, էնոր խոսքը, էնոր միտքն ուրիշ ի…
***
Կապուտիկյանի հայրը՝ Բարունակը, Արևմտյան Հայաստանում դասավանդելիս մինչ ամուսնանալը Սիրվարդ անունով մի աշակերտուհի էր ունեցել, որին սիրահարված էր եղել, ու որը մնացել էր որպես երազանք։ Հենց նրա անունով են կոչել Սիլվային։
Երբ Կապուտիկյանը արդեն հայտնի բանաստեղծուհի էր, Ֆրանսիայից եկած մի կին նրան հարցնում է, թե գիտի արդյոք, թե ում անունն է կրում։
Բանաստեղծուհին պատասխանում է՝ այո՛, և պատմում հոր սիրո պատմությունը։
Կինն ասում է.
-Այդ Սիրվարդը ես եմ…
***
Խոսքեր Սիլվա Կապուտիկյանի մասին
Թերևս մեզանից ոչ ոք չի կարողացել իր ստեղծագործության մեջ այնպես զուգակցել միտքն ու զգացմունքը, ավանդականն ու ժամանակակիցը, ազգային ձևն ու մարդկային խորքը, եղերգականն ու մարտականը, հետիոտն, գիտակցված պրոզաիզմն ու ճախրող բանաստեղծականը, ինչպես Կապուտիկյանը։
Համո Սահյան
«Պոետները, սկսած մեծն Թումանյանով, պահել են էս մոլորված ազգին։ Եվ կան, շատ կան նորեր, պոետներ, բայց Սիլվան ուրիշ է, ասածը քրոջ, մոր խոսք է, բարի խորհուրդ, որ ոտքդ քարին չառնի։ Ո՛չ նկարիչը կարող է դա ասել, ո՛չ կոմպոզիտորը, ո՛չ ճարտարապետը, պոետին է Աստված տվել ասելու այն, ինչ մարդը կուզեր ու պետք է որ լսեր»։
Էդուարդ Իսաբեկյան
Ինչ իմանայի, որ կլինեմ ժամանակակիցը մեր խոշորագույն բանաստեղծուհու… Սիլվան եղավ բարձրագույն չափը հայ բանաստեղծուհու, հառաչանքն ու կորուստը հայ աղջկա, նրա սիրո պոեզիան հավերժ է:
Գրիգոր Գուրզադյան
Կապուտիկյանի «Խճանկարներ հոգու քարտեզի գույներից» գիրքը երևույթ է առաջին հերթին իհարկե հայ գրականության և ապա նաև մեր ողջ բազմազգ գրականության մեջ։ Կարդում եմ գիրքը և զգում մայրական սրտի տրոփյունը՝ ողբերգական, բազմաչարչար, բազմափորձ ու անսահման բարի… Սիլվան ոչ թե գիրք է գրել, այլ սխրանք է գործել։
Էդուարդաս Մեժելայտիս
Քաղաքացիական արու կեցվածքը «թույլատրված էր» նրա տաղանդի շնորհիվ և միայն տաղանդի։ Ինձ հարազատ է հատկապես նրա նուրբ քնարերգությունը, ես-ի պատմությունը, թեև մենք-ի մեջ էլ հրաշալի ու շիկացած էջեր կան։
Պերճ Զեյթունցյան
Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան՝ շատ խավար կլիներ մեր երկիրը։
Ավետիք Իսահակյան
Թող այն տպավորությունը չստեղծվի, թե խոսելով Կապուտիկյանի հատկապես սիրային բանաստեղծությունների մասին՝ ուզում եմ ինչ-որ չափով նվազեցնել նրա հիանալի հայերգության արժեքն ու նշանակությունը, քավ լիցի։ Բայց եթե այդ թեմաներով գրած գործերում նա թեև ոչ շատ, բայց, այնուամենայնիվ, մրցակից ունի իր ժամանակակիցների մեջ, ապա կանացի հոգեբանական գաղտնարաններին մերձենալիս հայ պոեզիայում առայժմ անմրցակից է, և հենց այդ պատճառով էլ Կապուտիկյանը ի սկզբանե մինչև օրս ամենամեծ բանաստեղծուհին է։
Վահագն Դավթյան
Մեր սիրելի՛, անզուգակա՛ն Սիրվարդ, մեր մեծ, հանճարեղ ժողովրդի զավակն ես դու` ամբողջովին ծնված մեր հողից, սնված մեր արմատներից, մեր տանջանքներից ու ուրախություններից, այն ժողովրդի, որը երբեք չի տիրել, չի տրորել, այլ միշտ տրորված լինելով` շարունակել է շտկել իրանը, բարձրացնել գլուխը և նորից նայել արևին, նորից ստեղծել, ստեղծել, ստեղծել…
Ապրի՛ր, ստեղծի՛ր, բա՛րձր պահիր Մեծ ժողովրդի անունը, նրա իդեալները, նրա արդար դատի իրավունքը:
Մարտիրոս Սարյան
Խորագիր՝ #05 (1518) 09.02.2024 - 16.02.2024, Հոգևոր-մշակութային