Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԱԶԱՆՔՈՎ



ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԱԶԱՆՔՈՎԿիրակի օրը, վաղ առավոտյան, հեռախոսս զնգում է, կիսախուփ աչքերով մի կերպ կարդում եմ համարը: Ընկերուհուս 12-ամյա աղջիկն է:

-Ի՞նչ կա, Մանե՛:

-Ուզում ենք դասարանով Բանակի տոնի առթիվ հայրենասիրական միջոցառում կազմակերպել: Նայի՝ ուզում ենք՝ խրոխտ լինի, էլի, հաղթական: Որ բոլորը հպարտանան մեր բանակով…

-Շատ ապրեք,- ասում եմ:

-Մի սցենար ունենք՝ «Իմ հերոսը» վերնագրով, 12 տարեկան աղջիկ է գրել: Շատ լավ սցենար է, բայց զինվորը վերջում զոհվում է: Սցենարն ուղարկեմ քեզ, դու էնպես արա, որ զինվորը վերջում հաղթած տուն վերադառնա:

Ես ծիծաղում եմ: Հիշում եմ Մանեի սիրունիկ, ներշնչված դեմքը ու ծիծաղում եմ: Մանեի հայրը զինվորական է, վերջին 20 տարում սահմանից չի իջել: Մանեն զինվորական համազգեստ ունի, ծնված օրվանից է ունեցել: Նրա ուսադիրների աստղերը փոխվում են իմինի հետ զուգահեռ: Երբ ես նոր կոչում եմ ստանում, Մանեն հորը խնդրում է՝ իրեն նոր աստղեր նվիրել: Հիմա Մանեի համազգեստի ուսերին երկու մեծ աստղ կա: Նա որոշել է արհեստավարժ զինվորական դառնալ: Ինքն է այդպես ասում՝ արհեստավարժ զինվորական-հետախույզ:

-Կանեմ, Մանե՛ ջան,- ասում եմ,- էնպես կանեմ, որ զինվորը ապրի:

Հանկարծ հիշում եմ, որ սցենարիստը 12 տարեկան է:

-12 տարեկանի գրած սցենարը ի՞նչ պիտի լինի: Կուզե՞ս՝ նորը գրենք:

-Ընկեր Արզումանյանը ասաց՝ շատ լավ սցենար է, դու մենակ վերջը փոխի, որ զինվորը չզոհվի:

Քիչ անց ես կարդում եմ սցենարը ու չեմ հավատում, որ հեղինակը 12 տարեկան երեխա է: Մայրը որդու օրոցքի մոտ հայրենասիրական երգեր է երգում ու Հայրենիքը անառիկ պահելու պատգամ է տալիս ամեն օր: Որդին պատվախնդիր տղամարդ է դառնում ու, երբ Հայրենիքի սահմանները վտանգվում են, կամավոր գնում է ճակատ՝ մոր խորհրդով ու մոր օրհնանքով: Նա հերոսաբար ընկնում է հանուն Հայրենիքի, վերջին պահին խնդրելով, որ իրեն «Եռաբլուրում» չփնտրեն, քանի որ իր հոգին միշտ սահմանին է մնալու՝ իբրև հայրենապաշտության ու խիզախության ոգի… Ու այս ամենը համեմված հրաշալի երկխոսություններով ու միջանկյալ պատմություններով:

Ես փնտրում-գտնում եմ հեղինակին: Շողեր Հակոբյանը շուտով 15 տարեկան կդառնա: Նա սովորում է Դավթաշեն համայնքի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցի իններորդ դասարանում: Սցենարը գրել է երեք տարի առաջ ու բեմադրել իրենց դպրոցում: Ես Շողերին մեր տուն եմ հրավիրում: Բարձրահասակ, նուրբ ու գեղեցիկ աղջիկ է, երկար հյուսքով: Իսկական հայուհի:

-Ո՞նց ես էդպիսի հասուն ու բովանդակալի սցենար գրել,- ես տալիս եմ ինձ ամենաշատը հետաքրքրող հարցը:

-Էդ հարցին պատասխանելու համար պիտի ամենասկզբից պատմեմ: Ես ազատամարտիկ Գնել Հակոբյանի թոռն եմ: Պապս վերջերս մահացավ: Երեկ նորից դիտեցի իմ ատամնահատիկի արարողության ժամանակ պապիս բաժակաճառը: Ամբողջը Հայրենիքի մասին էր: Ասում էր՝ պիտի երբեք չմոռանանք այն տղաներին, որոնց շնորհիվ այսօր ինքնիշխան պետություն ու հայրենիք ունենք: Ասում էր՝ Հայրենիքը միակն է, որ թանկ է բոլորիս կյանքից: Ինչ ուզում ես՝ դիր կշեռքի մյուս նժարին, Հայրենիքի նժարը իջնելու է…

Պապս չէր սիրում պատմել իր մասին, նա միշտ Հայրենիքից էր խոսում, մեր պատմությունից, մեր ռազմական փառքից, իր մարտական ընկերների սխրանքներից: Պապս մարդուն գնահատելու մի չափանիշ ուներ՝ հայրենասիրությունը: Զենքով սահման պահելը պապիս համար քիչ էր, ու նա մի օր որոշեց չվերադառնալ Երևան, այլ իր ընտանիքը տեղափոխել սահմանամերձ գյուղ: Տատս՝ Սուսաննան, երկու զավակներին՝ հորս ու հորաքրոջս առած, թողել է իր երևանյան հարմարավետ բնակարանը ու գնացել ամենահեռավոր սահմանամերձ գյուղում բնակվելու: Տատս՝ Սուսաննա Թովմասյանը, պապիս արժանի կին է: Ես նրանով նույնքան հպարտանում եմ, որքան իմ սահմանապահ պապիկով: Նրանք ավելի քան 15 տարի ապրեցին սահմանամերձ գյուղում և Երևան վերադարձան միայն այն ժամանակ, երբ առողջական խնդիրներ ունեին, պիտի մայրաքաղաքում վիրահատվեին ու բուժվեին:

Երևանում բնակվելիս պապս շարունակում էր պարբերաբար սահման բարձրանալ, իսկ տատս համագործակցում էր պաշտպանության նախարարության հետ ու զանազան սոցիալական ու մշակութային միջոցառումներ էր իրականացնում սահմանամերձ բնակավայրերում, որպեսզի ինչ-որ չափով թեթևացնի բնակիչների կենցաղային հոգսերը, նրանց ուրախություն պարգևի: Որպեսզի մարդիկ ավելի ամուր կապվեն իրենց հողին: Որպեսզի զինվորներն ավելի խրոխտ ու ոգեղեն լինեն, զգան թիկունքի սերն ու աջակցությունը:

Քառօրյա մարտական գործողությունների ժամանակ պապս 70-ի մատույցներում էր արդեն, բայց զենք վերցրեց ու գնաց սահման: Ես այդ ժամանակ 7 տարեկան էի, բայց երբեք չեմ մոռանա մեր ընտանիքի տագնապն ու սպասումը, երբ պապս սահմանին էր, ու չեմ մոռանա այն ուրախությունը, երբ պապս ողջ ու առողջ վերադարձավ:

ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԱԶԱՆՔՈՎԻմ ընտանիքի պատմությունը ամբողջական չի լինի, եթե չպատմեմ հորաքրոջս ամուսնու՝ Արթուր հորեղբոր մասին: Նա պապիկիս մարտական ընկերն է, թեև նրա որդու տարիքին է: Երբ Արթուրը ծանր վիրավորվում է գլխից ու զանազան ծանր վիրահատությունների ենթարկվում, պապիկս նրան հիվանդանոցից բերում է մեր տուն, որ տատս խնամի: Թե քանի անքուն գիշեր է լուսացրել տատս հերոս կամավորականի մահճակալի մոտ, թե ինչպես է խնամել անծանոթ տղային, Արթուր հորեղբայրը բոլորից լավ ու հուզական է պատմում: Արթուրը առաջին կարգի հաշմանդամ էր, բայց դա չխանգարեց, որ հորաքույրս սիրահարվի հերոս ռազմիկին: Տատս ու պապս շատ լավ հասկանում էին, թե ինչ դժվարություններ են սպասում իրենց աղջկան, բայց չընդդիմացան, ու Արթուր հորեղբայրը դարձավ նրանց երկրորդ որդին:

Իմ մյուս հպարտությունը եղբայրս է՝ Էդուարդը: Նա գերազանցությամբ ընդունվեց ու կարմիր դիպլոմով ավարտեց Ռյազանի օդադեսանտային ակադեմիան: Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր մեկնեց առաջնագիծ:

Ես այս ընտանիքի անդամն եմ: Մեր տան մեծերի ամենապատվաբեր հարստությունն ու ամենամեծ հպարտությունը պապիկիս, Արթուր հորեղբորս ու տատիկիս՝ Պաշտպանության նախարարությունից ստացած բազմաթիվ գերատեսչական մեդալներն են: Ու ես ամեն ինչ անում եմ, որ պատվով կրեմ քաջ ու հայրենասեր տղամարդկանց, պատվախնդիր ու նվիրյալ կանանց ազգանունը: Ես գերազանցիկ եմ: Շատ եմ սիրում «Ռազմագիտություն» առարկան: Զենքի քանդման-հավաքման մրցույթում ամենալավ արդյունքն եմ ցուցաբերել: Ռազմագիտության օլիմպիադայի փուլերում 20 հնարավորից 20 միավոր եմ վաստակել: Կրակայինից «գերազանց» եմ ստանում: Իմ «Ռազմագիտության» ուսուցիչը կին է՝ ընկեր Մարոնյանը: Երբ նա փոխարինեց տղամարդ ուսուցչին, ես մտածում էի, որ մեր ռազմագիտության դասերից կպակասի ուժն ու ոգեղենությունը, բայց այդպես չեղավ: Հետո ես հասկացա, որ կանայք նույնպես կարող են Հայրենիքի զինվոր լինել՝ չկորցնելով իրենց կանացիությունն ու կատարելով որպես կին իրենց վերապահված պարտականությունները: Շատ խանդավառված եմ աղջիկների զորակոչով: Անչափ սիրում եմ զինվորական համազգեստը: Սկզբում որոշել էի դիպուկահար դառնալ, բայց հիմա ուզում եմ ծառայել ռազմարդյունաբերության ոլորտում: Ուզում եմ՝ իմ երկիրը արտադրի աշխարհի ամենահզոր զենքերը: Հարգում եմ հզոր ռազմարդյունաբերություն ու ժամանակակից զինանոց ունեցող ազգերին: Ես վստահ եմ՝ մեր երկրին փայլուն ապագա է սպասում, որովհետև ես գիտեմ իմ սերնդակիցներին, նրանք խելացի են, լցված են ուժեղ Հայաստանի երազանքով ու այդ երազանքի իրականացման համար ոչինչ չեն խնայի:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #05 (1518) 09.02.2024 - 16.02.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/02/2024