ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ՄԻԱՅՆ ՊԱՏՎՈՎ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԴ Է
Մեր այցելության պահին հետախուզական ստորաբաժանման անձնակազմը հինգ կիլոմետր վազք վարժությունն էր կատարում։ Նրանց շարքում էին նաև այն երկու կին զինծառայողները, որոնց պիտի հանդիպեինք, զրուցեինք այդ օրը։ Երկուսն էլ պատերազմի մասնակիցներ են, երկուսն էլ ատեստավորման ընթացքում ամենաբարձր ցուցանիշներն են արձանագրել։ Աղջիկները վարժադաշտից վերադառնում են հոգնած, բայց գոհ. լավ մարզական վիճակում են։
Սկզբում Արմինեի հետ եմ զրուցում (անունը՝ պայմանական)։ Նրա կարծիքն եմ ուզում իմանալ, թե ի՞նչ դերակատարում է վերապահված կնոջը զորքերում և հատկապես՝ հատուկ նշանակության ստորաբաժանումներում։
-Թե որքան կարևոր է կանանց ներկայությունը բանակում, զգացի հատկապես վերջին պատերազմի ընթացքում,- ասում է Արմինեն ու վերհիշում,- երբ դու, կին լինելով, քայլ ես անում, որ այսինչ խնդրին գնաս, տղամարդիկ արդեն չեն կարող ետ կանգնել. պատվի խնդիր է դառնում։ Մի դեպք եմ հիշում, երբ վիրավորին պետք է օգնության հասնեինք, ու այդ տարածքը հուժկու ռմբակոծության տակ էր։ Բարդ իրավիճակ էր. հավանականությունը, որ կարող էինք հասնել վիրավորներին՝ փոքր։ Ես վերցրի բուժօգնության պայուսակս ու ճամփա ընկա։ Երբ հասա տեղ, տեսա, որ տղաներն էլ իրենց պայուսակներն էին վերցրել ու եկել իմ ետևից։ Այդ օրը շատ վիրավորների կարողացանք դուրս բերել մարտադաշտից։ Շատ կարևոր է, որ բարդ իրավիճակներում մեկը ասի, որ ոչ մի պարագայում ետ չենք կանգնելու։ Ոչ թե բառերով ասի, այլ իր քայլերով ցույց տա, որ պատրաստ է իր կյանքը վտանգելով՝ կատարել խնդիրը։ Իսկ երբ դա կինն է անում՝ առավել ևս։
Երբ վիրավորվել էի, և ինձ տարել էին հիվանդանոց, ինձնից մի քանի օր հետո մեր վիրավոր մարտիկներից մեկին էին նույն հիվանդանոց տեղափոխել. ավիահարվածից դեմքն էր այրվել, նաև այլ վնասվածքներ ուներ։ Բայց նա ծիծաղում էր, կատակներ էր անում բուժանձնակազմի հետ։ Բժիշկներն ասել էին, որ օրեր առաջ իր պես մեկին էլ էին բերել, որ կատակում էր, ծիծաղում, աղջիկ էր։ Անմիջապես գուշակել էր. «Հո անունը Արմինե չէ՞ր»։ Ամենաբարդ պահին էլ ծիծաղում ու թեթև ես վերաբերվում քո վիճակին, քանի որ գիտես՝ ինչու ես բանակում, գիտես քո դերը։
-Այսօր կանայք ևս կարող են կամավոր պարտադիր զինծառայության անցնել հայկական բանակում։
-Շատ կարևոր եմ համարում, որ կինը զորքեր մտնի ոչ թե աշխատավարձ ստանալու համար, այլ իր ծառայության իմաստը լիովին գիտակցելով։ Սա գաղափարական գործ է։ Անձամբ ինձ բանակ է բերել զոհված հորեղբորս հիշատակը պահելու, նրա գործը շարունակելու ցանկությունը։ Ես դպրոցում էի աշխատում, զինղեկ էի, ստացել էի փոխտնօրեն դառնալու առաջարկ, հետո նաև՝ տնօրեն։ Գիտեմ, որ կրթության ամենապատասխանատու գործը հենց դպրոցից է սկսվում։ Ուսուցչի առջև նստած, նրա խրատներն ու փոխանցած գիտելիքները սերտած աշակերտներն են հետագայում զինվորներ, սպաներ դառնում։ Նրանք պետք է գաղափարապես այնքան հասուն մտնեն բանակ, որ մեր պաշտպանական համակարգի շղթաների, ցանցի ոչ մի օղակ չթուլանա։ Պետք է դիրքերում կանգնած ամեն մի մարդ գիտակցի, որ նահանջի ոչ մի քայլ չկա, որ մեր ընտանիքներն են մեր թիկունքում։
Երբ Արմինեին հարցնում եմ, թե ի՞նչ է տվել իրեն ատեստավորումը, պատասխանում է.
-Գումարը, իհարկե, նշանակալիորեն ավելացել է, բայց մեր գործում կարևոր է, թե դժվար պահին ով է կանգնելու կողքիդ։ Մարդկային որակները, որ կարևոր են զինծառայողի, հատկապես հետախույզի դեպքում, բոլորովին կապ չունեն իր ստացած գումարի ու պաշտոնի հետ։ Կանանց ներկայությունը զորամասում, իհարկե, անհրաժեշտ է։ Բայց նրանք աշխատավարձ ստանալու համար չպետք է գան, այլ՝ գործի։
Վերջերս մի գիրք կարդացի՝ «Առաջնորդ՝ առանց պաշտոնի»։ Չորս ուսուցիչներ են նկարագրված այդ գրքում, որոնցից մեկը հավաքարար է, մյուսը ձեռնարկատեր է եղել, ընկերության տնօրեն։ Վերջինս մի լքված տուն է վերցրել, բույսեր աճեցրել և դարձրել դրախտ։ Հավաքարարն ասում է՝ «Ես իմ աշխատանքը լավագույնն եմ համարում աշխարհում, որովհետև շատ եմ հարգում և սիրով եմ անում իմ գործը»։ Ձեռնարկատերն էլ ասում է. «Կարևորն այն չէ, որ ես բիզնեսում բարձունքների եմ հասել։ Կարևորը, որ ես ինձ չեմ տեսել այդ գործի մեջ»։ Առաջնորդ լինելը մեր գործում կարևոր է, և դա ո՛չ պաշտոնից է կախված, ո՛չ գումարի չափից։ Առաջնորդություն՝ իր ետևից տանելու, սեփական գաղափարներով այլոց վարակելու կարողություն է պահանջում։
Ես բախտ եմ ունեցել մարտի գնալու այնպիսի նվիրյալների հետ, ինչպիսիք էին մեր լուսահոգի հրամանատարներ Վահագն Ասատրյանն ու Մկրտիչ Հարությունյանը։ Մի անգամ Հարությունյանի սենյակ մտա. նեղսրտել էի, ուզում էի սիրտս թեթևացնել։ Երբ ինքն սկսեց խոսել իր մտահոգությունների, խնդիրների մասին, էլ ոչինչ չասացի. «Ամո՛թ է։ Չի՛ կարելի քո չնչին խնդիրներով ծանրաբեռնել այսքան գլոբալ մտածող, մեծ խնդիրներ լուծող մարդուն»։
Հիմա, ամեն անգամ հրամանատարի լուսանկարի առջևով անցնելիս, գիտեմ, որ իրավունք չունեմ որևէ պահի թուլություն դրսևորելու կամ նեղսրտելու։ Գիտեմ, որ իմ ներկայությամբ օրինակ եմ ծառայում մյուսների համար։ Ուրախ եմ, որ կարողանում եմ օգնել նորեկներին, բացատրել մեր գործի նրբությունները, ոգի տալ։ Ոմանք ասում են, օրինակ՝ «Վազքս լավ չի ստացվում»։ Սկսում եմ պատկերավոր բացատրել. «Երբ սկսում ես վազել, երկու ուսերիդ երկու հրեշտակ են նստում ։ Մեկը սկսում է համոզել. «Մի՛ վազիր։ Ինչի՞դ է պետք»։ Իսկ մյուսն ասում է. «Մի քիչ էլ դիմացիր ու կտեսնես, որ կարող ես»։ Հետո ինձ ասում են. «Բայց ճիշտ էիր ասում. երբ հաղթահարում եմ ինքս ինձ ու սկսում եմ վազել, մի պահ է գալիս, որ էլ չեմ ուզում կանգ առնել»։
Ի՞նչն է հատկապես ուժ տալիս, ոգևորում իրեն նեղ իրավիճակներում՝ հարցիս Արմինեն պատասխանում է.
-Մարտական ընկերությունն ամենավեհ, ամենահզոր բանն է մեր կյանքում։ Ասում են, չէ՞, նախկին հետախույզ չի լինում. երբ նեղ պահին զորացրված ընկերներդ գալիս ու կանգնում են կողքիդ, դա մի այնպիսի զգացողություն է, որ բառերով արտահայտել հնարավոր չէ։ Շատ այդպիսի ընկերներ ունենք։
***
Սոսեն (անունը՝ պայմանական) առաջին մասնագիտությամբ իրավաբան է, կիրթ ու բանիմաց, ինչպես Արմինեն է։ Նրան բանակ է բերել իր աշխույժ բնավորությունը, սերը զինվորական գործի հանդեպ, պատվախնդրությունը։
-Մանկուց միշտ կռիվների մեջ էի լինում,- ժպիտով պատմում է Սոսեն,- բայց չնայած իմ չարաճճիություններին, բոլոր ուսուցիչներս ինձ շատ էին սիրում։ Գիտեին, որ կռիվների մեջ անտեղի չեմ հայտնվի։
Ինչ վերաբերում է կանանց ծառայությանը, Սոսեն նկատում է՝ զորամասում պետք է մոռանաս, որ կին ես, պետք է ձգտես տղամարդկանց հավասար լինել։
-Շատ հետաքրքիր ու կարևոր եմ համարում մեր պետության որոշումն այն մասին, որ կանայք կարող են ծառայության անցնել կամավոր պարտադիր հիմունքներով։ Հորդորում եմ մեր բոլոր այն կանանց, որոնք երբևէ մտածել են զինվորականի մասնագիտությունն ընտրելու մասին, անպայման համալրեն մեր շարքերը։ Երկրի պաշտպանությունը բոլորիս պարտքն է և հավասարապես վերաբերում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց։ Երբ քո երեխայի ապագայի, քո ինքնության ու ինքնասիրության հարցն է դրված, ոչ ոք չի հարցնում՝ տղա՞ ես, թե՞ աղջիկ։ Ինչպես մեր Սոսե մայրիկն է եղել, որ իր գրկանոցը դնելով, վերցրել է սուրն ու կանգնել ոսոխի դեմ։ Կանանց զինծառայությունը շատ դրական երևույթ է զորամասերում։ Ինչ-որ առումով այն նաև զսպվածության է մղում տղամարդկանց, նպաստում է, որ նրանք ավելի կոռեկտ լինեն իրենց պահվածքի, բառապաշարի մեջ։ Նրանց մեջ ուժեղանում է պատվախնդրությունը. եթե կինը կարողանում է ծառայողական խնդիրը կատարել, իրենք էլ պետք է անեն։ Եվ արդյունքում ստացվում է թե՛ մեզ, թե՛ իրենց մոտ։
-Ինչպիսի՞ն պետք է լինեն զորքերում ծառայության անցնող աղջիկները։
-Միայն խնդրում ու հորդորում եմ. սիրով ու հայրենասիրությամբ լցված թող գան,- ասում է Սոսեն։- Ես շատ կցանկանամ, որ մեր ազգի բոլոր կանայք ապացուցեն, որ իրենք Սոսեի սերունդն են։ Որ օգտագործեն այն հնարավորությունը, որ այսօր մեր պետությունը մեզ ընձեռում է, գան ու պատվով, ոգով ծառայեն, սովորեն զինվորական գործը։ Մենք էլ պատրաստ ենք մեծ սիրով մեր փորձը լիարժեք փոխանցել իրենց։
Ես 2010 թվականից ծառայում եմ Հայաստանի Հանրապետության հատուկ նշանակության ստորաբաժանումում։ Եվ ինձ համար մեծ պատիվ է այս համազգեստը կրելն ու հայրենակիցներիս, Հայրենիքիս ծառայելը։ Մասնակցել եմ քառօրյա մարտական գործողություններին, 44-օրյա պատերազմին։ Վերջին պատերազմում հոկտեմբերի 20-ին վիրավորում եմ ստացել, և այդ օրն իմ երկրորդ ծննդյան օրն եմ համարում։ Շատ դաժան կորուստներ եմ ունեցել, մարտական շատ լավ ընկերներ… Բայց այդ ամենն ինձ կոփել է և է՛լ ավելի մեծ ուժ է տվել՝ տղաների անունը վառ պահելու, նրանց տեղը լրացնելու հարցում։ Պատերազմից հետո ուրիշ ոլորտում աշխատելու շատ առաջարկներ եմ ստացել, ընտանիքիս անդամներն են փորձել համոզել, որ դուրս գամ զորքերից, բայց իմ մարտական ընկերների կորուստն ինձ ստիպում է, որ որոշմանս մեջ անկոտրում լինեմ և շարունակեմ քայլել այն ճանապարհով, որում իրենց ընթացքը կանգ առավ։
Պատերազմի դաշտից հեռացել եմ միմիայն վիրավորում ստանալուց հետո։ Այդ օրերից տպավորվել է, թե ինչպես, երբ ուրիշ ստորաբաժանման զինծառայողները ռացիայով լսում էին ձայնս, իմանում, որ մեր խմբում կռվող աղջիկ կա, ոգևորվում էին. «Վա՜յ, դուխիդ մեռնեմ։ Տղե՛րք, մի տեսեք, է՜, աղջիկ կա մեր մեջ»։ Փորձում էի առջևում լինել, ու տղաները, դա տեսնելով, միշտ առաջ էին գնում առանց երկմտելու։
Պատերազմի ժամանակ եղբայրս էլ մարտի դաշտում էր, կամավոր մեկնել էր առաջնագիծ։ Երբ Վահագն Ասատրյանի հրամանատարությամբ գործողության էինք մեկնել, ու մեր լավ տղաներից Խաչատուրյան Խաչատուրը զոհվեց, նոր միայն անդրադարձա, որ պատերազմ է… Մեր դիրքը պիտի ցանկացած գնով պահեինք ու պահեցինք պատվով։ Պետք է դիմանայինք, մինչև կամավորները գային ու փոխարինեին մեզ։ Կամավորները եկան, և նրանց մեջ եղբայրս էր եղել։ Ես հետո իմացա այդ մասին։ Անգամ տնեցիներին տեղյակ չէր պահել, որ կամավոր մեկնում է ռազմաճակատ։ Մինչև հիմա ինքս ինձ ասում եմ. լավ է, որ չեմ իմացել, որ եղբայրս մեր կողքին՝ մարտի դաշտում էր, այլապես ուշքս ու միտքս նրա հետ էր լինելու, ամենուր նրան էի փնտրելու։ Հենց դրա համար էլ ինձ չէր ասել։ Փա՜ռք Աստծո, ողջ ու առողջ վերադարձավ։
Սոսեն շարունակում է.
-Երկրի վրա թող ոչ ոք փառք չփնտրի, քանի որ իրական փառքը միայն պատվով ապրած կյանքդ է։ Հատուկ նշանակության ստորաբաժանման ցանկացած զինծառայող ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ մտքով իսկ չի անցկացնում, որ իրեն երբևէ կարող են փառքի արժանացնել։ Չէ՞ որ մենք ծառայում ենք «Վասն հայրենյաց, առանց փառքի իրավունքի»։
Ատեստավորմանը Սոսեն իրեն փայլուն է դրսևորել՝ մարտավարամասնագիտական, ֆիզիկական և կրակային պատրաստությունից ստացել է «գերազանց» գնահատական։ Միայն շարային պատրաստության արդյունքներից է դժգոհ՝ «լավ» է ստացել: Այժմ էլ դիմել է քննությունը վերահանձնելու ու իր «գերազանցը» ստանալու համար։
Սոսեն պատերազմում իր վիրավորումը ստացել է ընկերոջը մարտի դաշտում օգնություն ցուցաբերելիս։ Վերջինս ծանր վիրավոր էր. հրազենային չորս վիրավորում էր ստացել որովայնի շրջանում։
-Ինձ ասաց. «Գնա՛, թո՛ղ ինձ»։ «Քանի դեռ ողջ ենք,- ասացի,- իրար հետ կլինենք, որտեղ մեր կյանքի թելը կտրվի, այնտեղ էլ կմնանք միասին։ Չե՛մ թողնի քեզ»։ Ուսիս շրջանում միջանցիկ հրազենային վիրավորում ստացա, երբ նրան վիրակապում էի։ Այդ պահին հրետանին մոտակայքում խփեց ու ինձ շատ հեռու շպրտեց։ Երբ զգացի, որ բերանիցս ու ականջիցս արյուն է ծորում, մտածեցի, որ գլխիս են խփել։ Կարծես՝ դանդաղեցված կադրեր լողային աչքիս առջև՝ տղաները ծխի միջով այս ու այն կողմ էին շարժվում։ Հիշում եմ՝ մտովի մորս դիմեցի. «Մա՛մ ջան, կներես, որ քեզ այսպիսի ապրումների մեջ գցեցի»։ Աստծուն դիմեցի. «Կներե՛ս, Տե՛ր Աստված, սխալներիս համար, որ, հնարավոր է, անգիտակցաբար թույլ եմ տվել»։ Մտածում էի՝ ինչպես ֆիլմում է լինում, արդեն մեռել եմ։ Հետո զգացի, որ՝ չէ։ Զարմացա՝ «ըստ սցենարի» պետք է արդեն մահացած լինեի։ Ուրախ եմ, որ հիմա սա պատմելիս ծիծաղում եմ։ Այդ օրը մենք ամենաշատ զոհերն ունեցանք։ Մերձամարտ էր։ Իսկ ընկերս, որ որովայնից չորս փամփուշտից ծանր վիրավորվել էր, հիմա ողջ ու առողջ է, շարունակում է ծառայել մեր զորամասում։
-Ի՞նչ կուզես ասել մեր ազգակիցներին՝ օգտվելով այս առիթից։
-Սիրե՛ք իրար, շա՛տ սիրեք։ Դրակա՛ն տրամադրվեք։ Հայրենիքը սկսվում է հայրենասիրությամբ և վերջանում դրա պակասից։ Ըստ էության, ի՞նչ է հայրենասիրությունը։ Դու քո Հայրենիքում սիրում ես հորաքրոջդ, մորաքրոջդ, բարեկամիդ, ազգակիցներիդ, ծառերը, քարերը, բաց երկնքի տակ մեր երկիր-թանգարանը՝ մեր պատմամշակութային արժեքները։ Ի՞նչ եմ ուզում ասել։ Պարզ մի բան. սիրե՛ք իրար և կսիրեք մեր Հայրենիքը։
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #05 (1518) 09.02.2024 - 16.02.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում