ԵՐԴՈՒՄ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
Արդեն մի քանի շաբաթ է՝ նորակոչիկները կապի ուսումնական զորամասերից մեկում սովորում են զինվորական կենցաղի տարրերն ու առանձնահատկությունները: Ամիսներ անց նրանք, որպես գրագետ կրտսեր հրամանատարներ, իրենց մարտավարամասնագիտական հմտությունները կկիրառեն այլ զորամասերում։
-Ինձ համար մեծ արժեք է հայրենիքի պաշտպանի համազգեստ կրելը, և ես զինվորական ծառայությունը ոչ թե պարտք, այլ առաքելություն եմ համարում: Երկու տարի անմնացորդ նվիրումով կպաշտպանեմ Հայրենիքս և այդ գիտակցումով ես այսօր զինվորական երդում կտամ,- ասում է նորակոչիկ Տիգրան Բաբաջանյանը:
-Իմ զինվորական մասնագիտությունը պետք է սովորեմ շատ լավ: Ուրախ եմ, որ ծառայելու եմ որպես կապավոր: Գիտեմ, որ կապը շատ մեծ կարեւորություն ու նշանակություն ունի բանակում,- ասում է մյուս նորակոչիկը՝ Ռաֆիկ Հարությունյանը:
Քաջ գիտակցելով կապավորի մասնագիտության կարևորությունը, Ռաֆիկի պես բոլորն են նպատակադրված հասնելու մասնագիտական պատրաստության բարձր նշաձողի, իսկ արհեստավարժ սերժանտներ դառնալու հարցում տղաներին օգնում ու ճիշտ ուղղություն են ցույց տալիս հրամանատարները։
Նորակոչիկներն արդեն յուրացրել են նաև շարային քայլքի առանձնահատկությունների մի մասը: Սպաները տղաներին հանգամանորեն բացատրել են, ներկայացրել շարային քայլքի նրբությունները, վերադասին ներկայանալու և զինվորական ողջույնի ճիշտ ձևը, կարևոր տարրեր, որոնք առաջիկա երկու տարիներին լինելու են զինվորների առօրյայի անբաժան մասը։
-Շատ ուրախ եմ, որ ծառայությանս մեկնարկը այս զորամասում է տրվում: Մեկ ամսվա զինվոր եմ ու շատ տպավորված եմ: Հայ զինվորի, հայրենիքի պաշտպանի համազգեստն արդեն իսկ պարտավորեցնում է: Կծառայեմ շատ լավ,- վստահեցնում է շարքային Արմեն Շարյանը:
Ռազմական գործի այբուբենը սերտելու արդյունքները տեսանելի կլինեն ամիսներ անց, երբ այսօրվա կապավոր կուրսանտներն արդեն որպես կրտսեր հրամանատարներ կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը նախորոշված զորամասերում։ Տղաներից յուրաքանչյուրն է համոզված՝ երբ կա ցանկություն, նվիրում ու պատրաստակամություն, ցանկացած դժվարություն հաղթահարելի է բանակային կյանքում։
-Հարմարվել եմ ծառայությանը, չկա մի բան, որից դժգոհ լինեմ, տրամադրված եմ միայն ու միայն լավ: Բոլորս միահամուռ ուժերով փորձելու ենք լավ սովորել ու լավ մասնագետ դառնալ, որովհետև մեզանից՝ կապավորներից շատ բան է կախված ,- ասում է Ռաֆիկ Հարությունյանը:
Ծառայել անձնվիրաբար ու արժանի լինել Հայրենիքի պաշտպանի կոչմանը։ Այս ամենն էլ ամրագրվում է զինվորական երդմամբ՝ խորհրդանշական վայրում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հարազատների ու հրամանատարների ներկայությամբ։ Սա իրադարձություն է, որը հիշվելու է ամբողջ կյանքում։ Արժանիորեն ծառայելու երդումով՝ փոքր-ինչ հուզված, բայց հպարտորեն հայկական բանակի շարքերն են համալրում հայրենիքի նորօրյա պաշտպանները։
Զինվորական երդումից հետո տղաները մոտեցան պանթեոնում հանգչող հերոսների շիրմաքարերին ու հարգանքի տուրք մատուցեցին։
Հիշարժան օրվա վերջին դրվագն էլ հանդիսավոր քայլերթն էր: Կարճատև ազատ արձակումից հետո տղաները կվերադառնան զորամասեր ու երդմանը հավատարիմ առաջիկա երկու տարիներին պատվով ու պատասխանատվությամբ կշարունակեն Հայրենիքի պաշտպանի առաքելությունը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #05 (1518) 09.02.2024 - 16.02.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում