Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ



ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸԱրարատ Գևորգյանը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի չորրորդ կուրսում:

-Բոլորն էլ երեխա ժամանակ երազում են բժիշկ կամ զինվոր դառնալ: Ինձ հաջողվեց երկուսը համատեղել. ընդունվեցի ռազմաբժշկական ֆակուլտետ,- այսպես սկսվեց զրույցը կուրսանտ Արարատ Գևորգյանի հետ:

Այս երկու մասնագիտությունների սերտման ճանապարհին Արարատը բազում դժվարությունների միջով է անցել: Արարատը գիտի, որ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: Նրան փոքրուց սովորեցրել են դժվարություններից չվախենալ: Եվ նա փորձում է իր առջև ծառացած դժվարություններն ինքնուրույն հաղթահարել: Ավելին, իր իսկ ձևակերպմամբ՝ դրանք իրեն ավելի են կոփել, և նա համառ նախանձախնդրությամբ ու հաստատուն քայլերով գնալու է իր մեծ նպատակի ետևից:

-Իհարկե, ինչքան դժվար է, այնքան հետաքրքիր է: Քննաշրջան, քննություններ, դժվար է, բայց միշտ հասկանում եմ, որ դա նրա համար է, որ դու ավելի լավը դառնաս: Ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա սեր, իսկ սերը մեծ է թե՛ բժշկության և թե՛ ռազմական գործի հանդեպ,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Արարատ Գևորգյանը:

Երկու համազգեստ և երկու երդում: Արարատը խոստովանում է, որ երկու մասնագիտությանն էլ հավասարապես հավատարիմ է լինելու:

-Հարյուր տոկոսով պետք է և՛ բժիշկ լինեմ, և՛ զինվորական: Այս երկու էությունները պետք է այնպես համատեղեմ մեջս, որ մեկը մյուսին չխանգարի: Եթե ուզում ես քո գործում առաջավոր լինես ու քո ընտրած մասնագիտությամբ օգտակար լինես Հայրենիքիդ ու քո հայրենակիցներին, ուրեմն պետք է շատ լավ սովորես, տքնես օր ու գիշեր,- համոզված է կուրսանտ Գևորգյանը:

***

Արամ Գևորգյանը նույնպես ուսանում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում:

Տասներկուերորդ դասարանում տեղեկանալով ռազմաբժշկական ֆակուլտետում սովորելու առավելությունների մասին, որոշել է դիմել հենց այս բաժին։

-Երազանքիդ կամ նպատակիդ հասնելու համար անհրաժեշտ է ունենալ ամուր կամք, լինել չափից դուրս աշխատասեր, կարողանալ ժամանակը ճիշտ տնօրինել, ջանք ու եռանդ չխնայել,- համոզված է Արամը:

Վեցերորդ կուրսում պետական քննությունները հանձնելուց հետո տղաները կավարտեն համալսարանը, կընդունվեն ինտերնատուրա, դրանից հետո էլ՝ զորամասային օղակ, դրանից հետո արդեն օրդինատուրա՝ նեղ մասնագիտություն սովորելու համար, հետո արդեն ծառայություն զինվորական հոսպիտալում։

Արամի և Արարատի նման բազմաթիվ տղաներ են ամեն տարի դիմում ռազմաբժշկական ֆակուլտետ, որտեղ դիմորդների մրցույթն ամեն տարի թեժ է լինում:

-Ֆակուլտետ ընդունելության կարգը սկսվում է պաշտպանության նախարարի հրամանով, որից հետո բոլոր դիմորդները պարտավոր են ներկայանալ համալրման և զորահավաքային համապատասխան տարածքային ստորաբաժանում, որտեղ հաշվառվելուց հետո դիմորդները ենթարկվում են մանրակրկիտ բուժզննության, ինչից հետո ձևավորվում է դիմորդի գործը, որն էլ փոխանցվում է ռազմաբժշկական ֆակուլտետ։ Մինչ այդ, դիմորդները դպրոցներում և միջին մասնագիտական հաստատություններում պետք է հանձնեն անհրաժեշտ քննությունները: Էլեկտրոնային տարբերակով դիմումները լրացնելուց և քննական փուլը ավարտելուց հետո հանրապետական ընդունող հանձնաժողովը հրապարակում է մրցույթի արդյունքները,- ընդունելության կարգն է համառոտ ներկայացնում ԵՊԲՀ ամբիոնի պետ Գոռ Վարդանյանը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների առօրյան ոչնչով չի տարբերվում ուսանողական կյանքից, նրանք ընդգրկված են ուսանողական բոլոր միջոցառումներին, նրանցից շատերը ուսխորհրդի անդամներ են:

-Ֆակուլտետում ուսումնական փուլը բավականին հագեցած է: Դասավանդումն է՛լ ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պարբերաբար անցկացվում են բարեփոխումներ։ Ընդամենը օրեր առաջ բժշկական համալսարանը ստացավ բժշկական կրթության միջազգային ֆեդերացիայի միջազգային ակրեդիտացիա: Սա նշանակում է, որ բժշկական ուսուցումը ստանդավորված է արդեն աշխարհին համահունչ չափանիշներով, ինչը տալիս է երաշխիք, որ մենք կստանանք վստահելի վերջնարդյունք,- ասում է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը:

Պաշտպանության նախարարության նախաձեռնած բարեփոխումների շրջանակում ներառված է նաև սոցիալական փաթեթը, անվճար բուժսպասարկում իր և ընտանիքի անդամների համար, քսան տարի ծառայելուց հետո երեք սենյականոց բնակարան՝ սեփականության իրավունքով,- որն է՛լ ավելի է բարձրացրել ֆակուլտետի գրավչությունը:

-Մյուս առավելությունն էլ բարձր առաջադիմություն ունեցող կուրսանտին տրվող կրթաթոշակն է, որը կարող է ընդհուպ հնգապատիկ բարձր լինել բազային կրթաթոշակից։ Միջազգային դիպլոմը, որ ստանում են մեր կուրսանտները, կոնվերտացվում է ամբողջ աշխարհով մեկ: Ռազմաբժշկական ֆակուլտետում սովորելը, հետագայում ինտերնատուրան, ապա նաև զորամասային օղակը ավարտելուց հետո կուրսանտներին կլինիկական օրդինատուրա անվճար սովորելու հնարավորություն է տրվում ոչ միայն Հայաստանի առաջատար հիվանդանոցներում ու կլինիկաներում, այլև արտերկրում։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո կուրսանտները հնարավորություն կունենան նաև ուսանելու բժշկական համալսարանի կենտրոնական հոսպիտալի փորձառու բժիշկների մոտ, դառնալ լավագույններից մեկը և երիտասարդ տարիքում անցնել վաստակած կենսաթոշակի և աշխատել քաղաքացիական հիվանդանոցներում կամ էլ շարունակել պայմանագիրը պաշտպանության նախարարության հետ։

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Խորագիր՝ #06 (1519) 16.02.2024 - 23.02.2024, Ազգային բանակ


22/02/2024