ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ ԼԻՆԵԼԸ՝ ՊԱՏԻՎ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Էջմիածինցի Ներսիսյանների օջախում անսահման ուրախություն է տիրում՝ զինվոր որդին՝ Արթուրը, հայրենիքի հանդեպ պարտքը կատարած տուն է վերադարձել:
-Միանշանակ է՝ ամեն տղա էլ պիտի ծառայի,- ասում է զորացրված զինվորը:- Հայրս մի լավ խոսք ունի՝ Հայրենիքի զինվոր լինելը պատիվ ու երջանկություն է:
Զինվորի հայրը՝ Արմեն Ներսիսյանը, ներքին հպարտությամբ է լսում որդուն:
Պահեստազորի փոխգնդապետ է Արմենը, շուրջ 29 տարի ծառայել է զինված ուժերում, բազմաթիվ պատվոգրերն ու մեդալները խոսուն վկաներն են նվիրված ծառայության:
-Մինչև զորակոչվելս հունահռոմեական ըմբշամարտով էի զբաղվում, զգալի հաջողությունների էի հասել, սակայն առողջական որոշակի խնդիրների պատճառով, որ անհամատեղելի էին մարզաձեւի հետ, ստիպված էի թողնել սպորտը,- պատմում է փոխգնդապետը:- Մեկնեցի ժամկետային ծառայության: Երեք ամիս ծառայելուց հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվեցի։
Ռազմական ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո Արմենը զորամասերից մեկում նշանակվում է դասակի հրամանատար: Երկու տարի հետո նրան վստահվում է վաշտերից մեկի հրամանատարությունը, հետո գումարտակի շտաբի պետի պատասխանատու պաշտոնը:
Տարիները գումարվում էին տարիներին, ու տարիների հետ ուսադիրներին ավելանում էին աստղերը, ավելանում էր նաեւ պատասխանատվությունը:
-Անկեղծ ասած՝ հայրս էր շատ ուզում, որ զինվորական դառնամ, իր հորդորով ընտրեցի այս ճանապարհը։ Մեր գերդաստանի առաջին զինվորականն եմ, ազգս ինձ կատակով «Գեներալ» է ասում…
Տարբեր զորամասերում է ծառայել Արմենը։
-Արտաքուստ փայլուն թվացող զինվորական ուսադիրների հետեւում նաեւ բազում դժվարություններ կան. զինվորականի գործը սովորական աշխատանք չէ, որ սկսվի եւ ավարտվի սահմանված ժամին: «Աշխարհից կտրված» զորամասերում եմ ծառայել: Ամենից դժվարը, թերեւս, ընտանիքից հեռու լինելն էր, բայց կար գիտակցումը նաեւ, որ հենց ընտանիքիս համար եմ այստեղ, հայրենիքիս այս մի հատվածի անվտանգության պատասխանատուն էլ ես եմ: Երեք զավակ ունեմ, երկուսի ծնվելիս սահմանին եմ եղել…
-Ծառայությունը ինձ լավ ընկերներ է տվել, ու մեր ընկերությունը թրծվել-ամրապնդվել է հազար ու մի դժվարություն հաղթահարելով: Հրաշալի զինվորներ եմ ունեցել, որոնց հետ կապը ծառայությունից հետո էլ շարունակվում է: Կարծում եմ՝ վաստակել եմ զինվորին պարզ ճակատով նայելու հպարտությունը…
Փոխգնդապետը մեկիկ-մեկիկ թվարկում է 29 տարվա իր զինվորական կյանքի դժվարություններն ու ձեռքբերումները, մտովի նժարում ու ժպտում՝ ապագա կնոջս հետ էլ ծառայությանս շնորհիվ եմ ծանոթացել, ու բացում է փակագծերը. «Առաջնագծում էի ծառայում, արձակուրդ պիտի գնայի: Զինվորներիցս մեկը, որ իմ ծննդավայրից էր, խնդրեց, որ իր տնեցիներին հանդիպեմ ու տեղյակ պահեմ, որ ինքը լավ է (դե, այդ ժամանակ կապ չկար): Այդ օրն էլ իմ ծննդյան օրն էր, որոշեցի զինվորիս խնդրանքն էլ կատարեմ ու նոր միայն հանգիստ խղճով տուն գնամ՝ տնեցիներիս հետ տարեդարձս նշելու: Զինվորի տան դուռը թակեցի, ու երբ դուռը բացվեց, շեմին տորթը ձեռքին մի աղջիկ էր կանգնած: Կատակեցի՝ ի՞նչ գիտեիք, որ այսօր իմ ծնունդն է:
-Իմ ծնունդն է՝ ըմբոստացավ աղջիկը։
Զինվորիս քույրն էր, որ հետո իմ կինը պիտի դառնար, իմ ու կնոջս ծնունդը նույն օրն է՝ վեց տարվա տարբերությամբ։
***
-Վերջին տարիներին զորակոչի շրջանում հավաքակայանում էր իմ հիմնական գործառույթը,- ասում է փոխգնդապետն ու զավեշտալի մի դրվագ վերհիշում:- Տարիներ առաջ հավաքակայանում տղաները մի սրահում էին գտնվում, ծնողները՝ դիմացի սրահում ու տեսակապով հետեւում էին, թե ինչպես էին իրենց զավակներն ապակեպատ թմբուկներից հանում իրենց «ծառայության հասցեն» ու բարձրաձայն կարդում: Հիշում եմ՝ երիտասարդներից մեկը կարդաց ապագա ծառայավայրի անունը՝ Բերդ, ու մեկ էլ ծնողների սպասասրահից աղմուկ լսվեց, իրարանցում սկսվեց: Պարզվում է՝ զինվորի մայրը որդու ծառայավայրի անունը լսելով՝ խառնվել է ու արագ զանգել ամուսնուն՝ հասիր, ումուդ, մեր ճիժ չիյնաս ինչի բերդ է ընկել, մե խասա, տես, ինչ ենք անում… Սա, իհարկե, հումորային մի փոքրիկ դրվագ վերհիշեցի, իսկ ավելի լուրջ՝ ուզում եմ առանձնակի ակնածանքս բարձրաձայնել մեր զինվորների հանդեպ, ինձ հիացրել է հատկապես պատերազմից, մարտական գործողություններից հետո բանակ գնացող տղաների մեծամասնության վճռականությունը, հայրենանվիրումը՝ վախ չունեին, ոգիները բարձր։ Պատերազմի ժամանակ էլ հավաքակայանից ճանապարհ էինք դնում մարտադաշտ մեկնողներին, ինչ ոգեղենություն էր տիրում, խիզախության, հերոսության մարմնացում էր ամեն մեկը…
Արմենն ինքն էլ վերադասին դիմել էր, որ թույլ տան ռազմադաշտ գնա, սակայն մերժել էին։
-Ինձ ընդգրկեցին մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբում, որտեղ, անկեղծ լինեմ, հոգեբանական առումով ավելի ծանր էր, քան երեւի թե բուն պատերազմի դաշտում… Դժվար, անպատմելի դժվար էր զոհված զինվորի ծնողին գույժը հայտնելը, մխիթարանքի բոլոր խոսքերն անզոր են որդեկորույս ծնողի ցավը սփոփելու…
Սենյակում ծանրանում է լռությունը…
-Ես գիտեմ, որ հավաքակայանից դուք բանակ եք ճանապարհել ձեր որդուն,- փորձում եմ զգայուն ու ցավոտ թեմայից կտրուկ անցում կատարել։
-Ամեն զորակոչվող տղայի տեսնելիս՝ որդուս եմ պատկերացրել, զրուցել եմ, խրատ տվել, հորդորել եմ հրամանատարների խոսքը լսել, բացատրել եմ, որ ոչ մի սպա էլ չի ցանկանա, որ իր զինվորի մազը ծռվի: Նույն խորհուրդներով էլ որդուս եմ ճանապարհել։ Հպարտ եմ, որ որդիս պատվով ծառայեց ու վերադարձավ։
Զրուցում ենք նաեւ զորացրված զինվորի հետ։
-Զինվորականի որդիները ծառայելիս, վստահ եմ, առանձնակի դժվարության չեն բախվում, քանի որ մանկությունից կարգուկանոն են տեսնում, պարտաճանաչություն ու պատասխանատվություն,- ասում է Արթուրը:- Բանակն ինձ մի ամբողջ կյանքի փորձառություն է տվել, լավ ընկերներ՝ եղբոր նման հարազատ։ Բանակը հասունացնում է, կոփում ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես։ Բանակում ես երկու արժեք ավելի կարեւորեցի՝ ընտանիքս ու մեծ ընտանիքս՝ Հայրենիքը, որ պիտի ոչ միայն սիրել, այլ նաեւ պաշտպանել, հարկ եղած դեպքում նաեւ՝ կյանքի գնով…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #06 (1519) 16.02.2024 - 23.02.2024, Ազգային բանակ