ՍԹԻՎԵՆ ԶԱԻԼՅԱՆ. ՕՍԿԱՐԱԿԻՐ ՖԻԼՄԵՐԻ ՀԱՅ ՍՑԵՆԱՐԻՍՏԸ
1944 թվականին հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն օրիգինալ սցենար» (Best Original Screenplay) անվանակարգում հաղթող է ճանաչվում Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» դրամատիկական կինոնկարը։ Metro-Goldwyn-Mayer կինոընկերությունը Վիլյամ Սարոյանին առաջարկում է գրել սցենար պատերազմական թեմաներով, որը կներկայացնի պատերազմի ավերիչ հետևանքներն ամերիկացիների կյանքում և կբարձրացնի նրանց ոգին։ Իսկ մինչ ֆիլմը կհայտնվի մեծ էկրաններին, կարճ ժամանակամիջոցում իր գրած սցենարի հիման վրա Սարոյանն ընթերցողների դատին է հանձնում «Մարդկային կատակերգություն» վեպը, որն ընդամենը մեկ շաբաթում ձեռքից ձեռք է անցնում, ինչպես ժամանակի մամուլն է նշում՝ դառնում է բեսթսելեր։ Սա այն եզակի դեպքերից է, երբ հեղինակն իր գիրքը գրում է ֆիլմի սցենարի հիման վրա։ Սովորաբար սցենարներն են գրվում որևէ գրքի հիման վրա։ Այս դեպքում հակառակն է լինում։
Վիլյամ Սարոյանի ծնունդից ուղիղ 45 տարի անց՝ 1953 թվականին, նույն Ֆրեզնո քաղաքում, Արևմտյան Հայաստանից ԱՄՆ գաղթած Զալինյանների ընտանիքում ծնվում է Սթիվը, որ տարիներ հետո նույնպես, ինչպես իր նշանավոր հայրենակիցը, արժանանում է կինոաշխարհում ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակին՝ «Լավագույն սցենար» անվանակարգում։
Սթիվենը, ինչպես Սարոյանը, փողոցում լրագրեր էր վաճառում, որպեսզի աշխատած գումարով երեկոյան հնարավորություն ունենար դիտելու հերթական կինոնկարը։
Ջիմ Զաիլյանը՝ Սթիվենի հայրը, ռադիոլրագրող էր և զավակին մեծացրել էր Մեծ եղեռնի մասին իր ծնողներից լսած հավաստի պատմություններով։ Սկզբնական կրթությունն ստանալով ծննդավայր Ֆրեզնոյում՝ Սթիվեն Զաիլյանը մեկնում է Սան Ֆրանցիսկո՝ ընդունվելու կինեմատոգրաֆիայի համալսարան։ Ուսանողական տարիներին արդեն նա սկսում է ֆիլմի սցենարներ գրելու իր առաջին փորձերը։ Եվ այդ աշխատանքը նա կատարում է այնքան հմուտ ու վարժ, որ նրան սկսում են ներգրավել մեծ կինոնախագծերում։ Այստեղ՝ հայաշատ Սան Ֆրանցիսկոյում, Սթիվենը պատահաբար փողոցում հանդիպում է Ռուբեն Մամուլյանին (XX դարի ամերիկահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր), իսկ երեկոյան ծնողների հետ խոսելիս, շատ լուրջ ու անկեղծ ասում է. «Տեսա Մամուլյանին և շատ հստակ որոշում կայացրի, թե ինչ եմ ուզում դառնալ»։
1980 թ. լույս է տեսնում Թոմաս Մայքլ Քենելիի «Շինդլերի տապանը» գիրքը, որ պատմում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանացի արդյունաբերող Օսկար Շինդլերի կենսագրությունը։ Գրքում հեղինակը պատմում է, թե ինչպես Օսկար Շինդլերը խույս տալով նացիստական ուժերի հետապնդումներից, կարողանում փրկել մոտ 1200 հրեայի կյանք (գնելով կանխիկ գումարով), աշխատանքի տեղավորելով նրանց Չեխիայի և Լեհաստանի իր գործարաններում։
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը գրքի հիման վրա նկարահանում է «Շինդլերի ցուցակը» ֆիլմը, որը 1994 թվականին արժանանում է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակի միաժամանակ 7 անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմական զարդարանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն յուրօրինակ սաունդտրեկ (ֆիլմի երաժշտություն)»։ Ֆիլմը շատ կարճ ժամանակում մեծ հռչակ է ձեռք բերում և դառնում է Հոլիվուդի պատմության մեջ երբևէ ստեղծված լավագույն ֆիլմերից մեկը։
Հայտնի են շատ դեպքեր, երբ ֆիլմը էկրան է բարձրացել աշխարհահռչակ գրքի մոտիվներով։ Բայց շատ հազվադեպ են դեպքերը, երբ ֆիլմն ավելի հաջողված է լինում, քան գիրքը, որից, թեև, ոգեշնչվել են ֆիլմի հեղինակները։
Ահա այս հանրահայտ ֆիլմի սցենարի հեղինակը մեր հայրենակից Սթիվեն Զաիլյանն է։
Ֆիլմի աննախադեպ հաջողությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին և պրոդյուսերներին հարցնում են. «Ինչո՞ւ են ֆիլմի սցենարը վստահել ազգությամբ հայի»։ Աշխարհահռչակ ռեժիսորն ու պրոդյուսերը պատասխանում են. «Որովհետև երկու մերժված սցենարները նախկինում գրել էին հրեաները։ Մեզ անհրաժեշտ էր իրադարձությունների նոր մոտեցում, որը, մեր կարծիքով, կարող էր իրագործել միայն հայը։ Եվ հատկապես այն հայը, որի ծնողները հավանաբար պատմել են իրեն ցեզասպանության մասին։ Եվ այդ հարցում մենք չենք սխալվել»։
«Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար Սթիվեն Զաիլյանն արժանացել է նաև «Ոսկե Գլոբուս», Humanitas Prize, Գրողների ամերիկյան գիլդայի (ընկերակցության), BAFTA, ինչպես նաև Սցենարիստների ասոցիացիայի մրցանակներին։ 2009 թվականին մեր հայրենակիցը ճանաչվում է տարվա լավագույն սցենարիստ։
Սթիվեն Զաիլյանը սցենարներ է գրել այնպիսի հանրահայտ ֆիլմերի համար, ինչպիսիք են, օրինակ՝ «Արթնացումներ», «Իռլանդացին», «Վիշապի դաջվածքով աղջիկը», «Հաննիբալ», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Բազեն ու ձնեմարդը» և այլն։
Սթիվեն Զաիլյանը հիմնում է նաև իր պրոդյուսերական կենտրոնը՝ Film Rites անունով, որտեղ, բացի սցենարներից, զբաղվում է նաև ֆիլմերի ռեժիսուրայով ու պրոդյուսերական աշխատանքով։
Իր հարցազրույցներից մեկում Սթիվեն Զաիլյանը խոստովանել է. «Ես միշտ երազել եմ նկարահանել մի ֆիլմ հայկական թեմաներով, սակայն չեմ ստացել և ոչ մի առաջարկ։ Հատկապես Հոլիվուդում կուզենայի ֆիլմ նկարահանել Մեծ եղեռնի մասին, որպեսզի օտար հանդիսատեսին ներկայացնեմ այդ ժամանակների իրականությունը։ Ցեղասպանության դատապարտումը յուրաքանչյուր մարդու պարտքն է ամբողջ աշխարհում»։
Պատմական հանգամանքների բերումով աշխարհահռչակ հայերն ապրել ու ստեղծագործել են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ ու շատ երկրներում, և որոնց շնորհիվ աշխարհն ու համայն մարդկությունը բացահայտել է հային, ծանոթացել նրա ստեղծագործական ուժին ու տաղանդին։
Ծննդավայրը կորցրած կամ էլ այն հեռվում թողած հայ մարդը, նրա սերունդները հարյուրավոր տարիներ հոգևոր ու նյութական արժեքներ ստեղծելով այլոց համար, շենացնելով օտար հողը, երբեք չեն դադարել հայի ոգին կրելուց։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #06 (1519) 16.02.2024 - 23.02.2024, Հոգևոր-մշակութային