ՄԱՆԹԱՇՑԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
Գուրգեն ու Հովհաննես Չոբանյանները մեկ ամիս առաջ են զորակոչվել: Ծառայում են ուսումնական զորամասերից մեկում: Վերջերս էլ հանդիսավոր երդում են տվել ու խոստացել լինել օրինակելի զինվոր, կես տարի անց դառնալ բանիմաց հրետանավոր, կրտսեր հրամանատար։
Ամբողջ օրը միասին են անցկացնում, շարահրապարակ, լսարան, գործնական մարզումներ։ Երկուսով ավելի արագ են հարմարվում բանակային կյանքին, ավելի արագ սերտում զինվորական դասերը։
-Ախպորս հետ պարապմունքներն ու մարզումները հեշտ են անցնում,- ասում է Գուրգենը:
Գուրգենը կրտսեր եղբայրն է: Հովհաննեսի երկամյա տարկետումից հետո է համընկել երկուսի զորակոչը։ Երկուսն էլ մի քանի շաբաթների ընթացքում արդեն հասցրել են մասնագիտական գիտելիքի բավականին պաշար կուտակել:
Զինվորական համազգեստը Չոբանյան եղբայրների համար նորություն չէ, մանկուց են տեսել, նույնիսկ հագել, քանզի նրանց հայրը զինվորական է եղել։
-Զինվորական ծառայությանը մենք մանկուց ենք ծանոթ: Մեր հայրը մեզ շատ բաներ է սովորեցրել, պատմել, ներկայացրել: Փոքրուց տեսել ու սիրել ենք համազգեստը,- ասում է Հովհաննեսը:
Մեծ Մանթաշում, որտեղ ծնվել ու մեծացել են եղբայրները, դժվար թե հանդիպես ընտանիքի, որտեղ չլինեն զինվորականներ կամ էլ մարտական ուղի կերտած տղերք: Գյուղը բոլոր մարտական գործողություններին, ստորաբաժանումների կազմավորմանն ակտիվ մասնակցել է, ինչի մասին վկայում են թվերը։
Եղբայրների հայրը՝ պահեստազորի սպա Պավել Չոբանյանը, այս պահին առաջնագծում է՝ դիրքապահ։ Մարտական ընկերներով զորացրումից հետո էլ չեն դադարել բանակի կողքին ու բանակի շարքերում լինել։
Պավելն ու մյուս մանթաշցիները հայրենիքի պաշտպաններ դարձան առաջին հերթին հայրենասիրությունից դրդված, որ ժառանգել են ծնողներից, և երկրորդը՝ եթե հայրենիքդ չես պահում, ընտանիք դժվար թե պահես, ասում են Մեծ Մանթաշում։ Ասում են՝ եթե երիտասարդը Հայրենիքի պաշտպանության համար օգտակար գործ չի արել, նրան աղջիկ չեն տալիս:
Համայնքի պապերի ու տատերի ավանդույթն այսօր էլ ուժ ունի. տարեցներն էլ ուշադիր հետևում են յուրաքանչյուր երիտասարդի վարքին ու բարքին, հայրենիքի նկատմամբ նրանց պատասխանատվությանը, իրենց օրինակով ոգևորում բոլորին։
Եղբայրների տատիկն ասում է, որ ինքն անձամբ երեք զինվորական է տվել բանակին: Նրա համոզմունքն է՝ բոլորը պետք է ծառայեն:
Չոբանյանների տանն այսօր ուրախ են, որ երկու զինվոր ունեն, երկու պաշտպան:
-Կարոտել ենք: Միաժամանակ երկուսին ճանապարհել յուրաքանչյուր ծնողի համար էլ դժվար է։ Ինձ համար դժվար է, իրենց համար՝ հեշտ,- ասում է մայրը:
Այդուհանդերձ, ընտանիքի հայրը հարցը խիստ է դրել՝ տղաներից պահանջել լինել կարգապահ, զգոնությամբ անցկացնել ամեն րոպեն, սովորել ամեն ինչ, տիրապետել զենքին ու մարտավարությանը։ Այլ սցենարներն անընդունելի են։
Տղաները հոր հորդորը չեն մոռացել, սովորում են՝ ինչպես հարկն է, ծառայում՝ ինչպես կարգն է։ Մեծ Մանթաշը բոլոր ուղղություններում փառապանծ անուն է թողել, պետք է շարունակել բարձր պահել իրենց գյուղի պատիվն ու պատվով շարունակել ավագների գործը։
Ուսումնական ամիսներն ավարտելուն պես ուղևորվելու են մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, լինելու են հաշվարկի հրամանատար ու ստանձնելու են Հայրենիքի անվտանգության ապահովման, անձնակազմի բարեխիղճ ծառայության պատասխանատվությունը։ Արդեն գիտեն ու վստահեցնում են, որ կանեն առավելագույնը, որովհետև իրենք հերոսական մանթաշցիների ժառանգներն են։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #06 (1519) 16.02.2024 - 23.02.2024, Ազգային բանակ