Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎԻ ՄԱՐԴԻԿ



ՊԱՏՎԻ ՄԱՐԴԻԿ«Կրտսեր սերժանտ Արման Կիրակոսյան. ծնվել է 2004 թվականին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում: 2012 թվականից հաճախել է շախմատի Արմավիրի մարզադպրոց, մասնակցել է բազմաթիվ հանրապետական մրցաշարերի, լրացրել է երրորդ կարգայինի նորման։

2013 թ. հաղթող է ճանաչվել համադպրոցական «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթում։ 2016-22 թթ. ուսանել է Երևանի ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Մասնագիտացել է ինժեներիայի և ռոբոտաշինության բնագավառում։ ԹՈւՄՈ-ում ուսանելու տարիներին մասնակցել է բազմաթիվ միջազգային դասընթացների և ծրագրերի։

2019 թվականին պատանի Արմանը մասնակցել է VahռandLucie ֆոնդի կողմից արվեստի, տեխնոլոգիաների, երաժշտության, լուսանկարչության և ֆիլմերի ոլորտներում անցկացվող նորարարական գաղափարների ամենամյա մրցույթին։ Նրա անիմացիոն աշխատանքը ներկայացվեց «Ֆիլմեր» անվանակարգում և արժանացավ մրցանակի։

2022 թվականին VOLNA art collective-ի և ԹՈւՄՈ-ի ուսանողների հետ միասին ծրագրավորել և կառուցել է ԹՈւՄՈ-ի կանգառի լուսային արտ-ինստալացիոն հարթակը, կանգառը վերածելով ինտերակտիվ լուսային տարածքի: Նա ղեկավարել և իրականացրել է ծրագրի ինժեներական աշխատանքները։

2022 թվականի հունիսին Արմանն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկա բաժինը (անվճար ուսուցում)։

2022 թվականի հուլիսին Արման Կիրակոսյանը զորակոչվել է ազգային բանակ։ Այժմ ծառայությունը իրականացնում է ՀՀ հյուսիսային սահմաններում, կապի վաշտի կրտսեր սերժանտ է։

Ծառայությանը զուգահեռ Արմանը շարունակում է զբաղվել սիրած մասնագիտությամբ։ Նա ծառայությունից ազատ ժամանակ կյանքի կոչեց իր հերթական ինժեներական մտահղացումը։ Այս գաղափարը Արմանը երկար ժամանակ հաշվարկել և գծագրել էր դեռևս ԹՈւՄՈ-ի դասընթացների ժամանակ։ Սակայն մեխանիզմը հավաքել և ամբողջական տեսքի բերել հաջողվեց միայն վերջերս՝ զինվորական ծառայության ժամանակ։ Նա նախագիծը ներկայացրել է TUMO VahռandLucie2023 տեխնոլոգիական նորարական գաղափարների ամենամյա մրցույթին»:

Այս ամփոփ տեղեկությունը կարդալուց հետո որոշում եմ զրուցել հենց զինվորի հետ, հետո մտափոխվում եմ. ո՞վ ավելի լավ կպատմի իր 20-ամյա տղայի հաջողությունների մասին, եթե ոչ հայրը, ով ավելի լավ կձևակերպի նրա հաջողությունների գաղտնիքը…

-Բացառիկ խելացի ու աշխատասեր տղա ունեք,- ասում եմ զինվորի հորը՝ Ամատունի Կիրակոսյանին:

-Կիրակոսյանները ապուպապով հայտնի արհեստավորներ են, հո Արմանը բացառություն չէ՞ր լինելու:

Չհասկացա՝ ինչ ասեց: Արհեստավոր պապերը ի՞նչ կապ ունեն Արմանի մասնագիտության՝ ռոբոտաշինության հետ: Ամատունին երևի չի նկատում զարմացած հայացքս ու ոգևորված պատմում է:

-Նախ՝ ասեմ, որ արդեն 6 սերունդ է, որ Կիրակոսյաններն ընդամենը մեկ ժառանգ են ունենում՝ բազմաթիվ աղջիկներ ու մի տղա, որը շարունակում է գերդաստանի պատմությունը: Տղաս, ես, Թելման հայրս, Ամատունի պապս, Սարիբեկ մեծ պապս ու նրա հայրը՝ Կիրակոսը, իրենց ծնողների միակ արու զավակն են: Կիրակոսը ֆայտոնչի էր: Նա սկզբում ֆայտոն էր քշում, հետո մի ֆայտոնը դարձրեց երկու, երեք, չորս…հետո դարձավ դրանց ղեկավարը:

-Կարճ ասած՝ սեփական տաքսու ծառայություն ուներ:

Կիրակոսյանների արհեստավորական տոհմի պատմությունը հետաքրքիր է, բայց, միևնույն է, չեմ հասկանում, թե էս խոսակցությունը ոնց է գալու-հանգի ժամանակակից դրոններին:

-Պերճ Պռոշյանի «Ռես Կիրակոսը» իմ ամենամեծ պապն է: Ռես Կիրակոսի մասին համագյուղացիները, ընկերները ասել են՝ պատվի մարդ է: Ինքը վաղուց չկա, բայց մենք՝ նրա ժառանգներս, պատվի մարդ բնութագիրը հպարտորեն փոխանցում ենք իրար, որպես օրինակ ու ամենաթանկ ժառանգություն:

Ես սկսում եմ նշումներ անել, որ մտապահեմ լսածս:

-Սարիբեկ պապս ուռկանի ցանց էր գործում: Տարածաշրջանում հայտնի արհեստավոր էր: Որտեղից որտեղ գալիս էին, որ պապիս գործած ուռկանը գնեն, որովհետև նրա գործը որակով էր, երկար էր դիմանում, չէր պատռվում: Սարիբեկ պապիս խոսքը նույնպես չի կորել, եկել-հասել է մեզ: Քո արհեստը քո պատիվն է՝ ասել է Սարիբեկ պապս:

-Այսինքն՝ թե գործդ լավ չես անում, պատիվդ գետնով ես տալիս:

Զինվորի հայրը գլխով է անում:

-Ամատունի պապս մեխանիզատոր էր:

-Տրակտորի՞ստ:

-Ո՛չ, ավտոպարկի ղեկավարն էր: Ասում են՝ անգիր գիտեր մեքենաների, ամեն մի պտուտակի լեզուն, աչքերը փակ քանդում-հավաքում էր մեքենաները: Ու ո՜նց էր սիրում իր գործը:

Ես մոռացել եմ զինվորին էլ, ռոբոտաշինությունն էլ, անհամբեր սպասում եմ, թե երբ է հերթը հասնելու Ամատունու հորը:

-Հայրս՝ Վարպետ Թելմանը, խառատ էր: Չէ՛ բառերով պատմելու չէ, թե ինչ բծախնդիր զգուշությամբ ու ինչ ներշնչանքով էր կերտում իր դետալները…

-Կերտո՞ւմ էր…

Ես շատ եմ խանդավառվում՝ տեսնելով իրենց մասնագիտությանը նվիրված, իրենց գործը սիրող ու, որ ամենակարևորն է, իրենց գործի վարպետ մարդկանց: Նրանք, որպես կանոն, հրաշալի մարդիկ են՝ բարեխիղճ են, ազնիվ, պատասխանատու, արժանապատվության շեշտված զգացումով:

ՊԱՏՎԻ ՄԱՐԴԻԿ-Հորս դեմքի երանությունը պիտի տեսնեիք, երբ տաշում էր դետալը, հետո մոտեցնում էր աչքերին, սրբում երկաթափոշին ու շուռումուռ տալիս: Եթե ճիշտ իր ուզածի պես չեղավ, հազար անգամ կմշտկեր, որ իդեալական արդյունք ստանա: Հայրս ստեղծագործում էր, հետաքրքիր լուծումներ էր գտնում, նորամուծություններ էր անում իր արհեստում: Արմանը ժամերով կանգնում էր հաստոցի կողքին ու նայում, թե պապը ոնց է աշխատում: Հետո ինքն էր փորձում: Մեծ սեր ուներ էլեկտրական շղթաների հանդեպ: 7-8 տարեկան երեխա էր էդ ժամանակ, բայց լարեր էր կցմցում իրար, հատկապես սիրում էր լամպեր վառել: Պապ ու թոռ ընկերություն էին անում: Միասին աշխատում էին, ժամերով զրուցում: Հայրս մի սեյֆ ուներ, որտեղ պահում էր իր որսորդական զենքը, հաստոցաշինական գործիքներն ու կարևոր դետալները: Սեյֆի բանալին ոչ մեկիս չէր տալիս: Երբ հայրս մահացավ, ասացի՝ գոնե կարողանանք գտնել սեյֆի բանալին… Արմանս բերեց բանալին ու տվեց ինձ: Փաստորեն, Արմանին էր վստահել սեյֆի բանալին…. ու շատ բաներ, որ աննյութական են և ամենաթանկն են աշխարհում՝ իր մտքերը, իր խորհուրդները, իր դասերը: … Ես 27 տարվա մանկավարժ եմ, բայց խառատ հայրս ավելի հեշտ լեզու գտավ տղայիս հետ, ավելի արագ հասավ նրա հոգուն: Հղկեց…

-Ի՞նչը հղկեց,- ինձ թվում է՝ «հղկեց»-ը նոր մտքի սկիզբ է, որը ինչ-որ դետալի կամ սարքի է վերաբերում:

-Տղայիս բնավորությունը, մտքերը, հոգին հղկեց …Արմանը ինքնամփոփ է: Նա իր աշխարհում է ապրում: Երբ փոքր էր, ժամերով նստում էր ինչ-որ սխեմայի առաջ ու պրպտում: Մի օր հարցրի, թե ինչ կուզենա՝ որպես իր ծննդյան օրվա նվեր, ասաց՝ պայալնիկ:

Ես գիտեմ մեր զինվորի մասնագիտական ու ծառայողական հաջողությունների մասին, շատ եմ ուզում ճանաչել նաև նրա մարդկային կերպարը, նրա խառնվածքի գույները: Հայրը ժպտում է:

-Արմանը չոր ու համառոտ պատասխաններ է տալու, երբեք չի խոսելու իր զգացմունքների մասին, գեղեցիկ բառեր չի ասելու… Մանավանդ՝ չի արտաբերելու հայրենասիրություն բառը: Չի հիշելու, թե ինչպես ծառայության ժամանակ հրաժարվեց արձակուրդից, քանի որ ընկերոջը արձակուրդ չէին տվել:

Արմանը ամուր բնավորություն ունի, ազդեցության չի ենթարկվում, համառ է ու նպատակասլաց: Ես ժողինստիտուտն եմ ավարտել, մայրը երաժիշտ է, մենք ամեն ինչ արեցինք, որ հետևի մեզ, մեր հետքով գնա, բայց նա մնաց իր ռոբոտների, սխեմաների ու դրոնների հետ: Մեծ երազանքներ ունի, ուզում է նոր խոսք ասել ռոբոտաշինության ասպարեզում: Բայց ես ամենից շատ գոհ եմ այն բանից, որ տղայիս երազանքները հանգում են մարդկանց օգնելու, իր երկրին առաջընթաց բերելու ցանկությանը: Նա անընդհատ որոնումների մեջ է՝ ինչպես ծառերի բուժումը վստահել ռոբոտներին, ինչպես թեթևացնել ձեռքի աշխատանքը և բերքը տեղափոխել դրոններով, ինչպես ռոբոտաշինությունը կիրառել ռազմական ոլորտում…

Ամատունի Կիրակոսյանը ինձ խորհուրդ է տալիս Արմանի հետ զրուցելու փոխարեն դիտել մի քանի տեսանյութ, որտեղ Արմանը պատմում է իր աշխատանքների մասին: Սեղանին դրված է ինչ-որ սարք, որի մասերը դզզալով միանում կամ բաժանվում են, հետո էկրանին հայտնվում են զանազան սխեմաներ, իսկ Արմանը ոգևորված պատմում է: Ես, իհարկե, ոչինչ չեմ հասկանում, բայց ոչ այն պատճառով, որ Արմանն օտար լեզվով է պատմում: Նրա անգլերենը հրաշալի է, պարզապես մեխանիկական էներգիայի մինիմալ կորուստները կամ փոկերի միջև շփումն ու անկյունային հաճախությունը ինձ մայրենի լեզվով էլ ոչինչ չեն ասում: Բայց Արմանի ինքնաբավ դեմքից ու ինքնավստահ խոսքից գլխի եմ ընկնում, որ ամեն ինչ լավ է ու ավելի լավ է լինելու:

…Արդեն հասկացել եմ, թե ինչու էր զինվորի հայրը որդու ձեռքբերումները թվարկելուց առաջ պատմում իր արհեստավոր պապերի մասին, շեշտում, որ նրանք առաջինն էին իրենց մասնագիտության մեջ ու պատվի մարդիկ էին: Կասկած չկա, որ նախնիների օրինակն աչքի առաջ՝ կրտսեր սերժանտ Արման Կիրակոսյանը երբեք կանգ չի առնի, կշարունակի նվաճել միկրոսխեմաների, բացվող-փակվող սարքերի և ռոբոտների աշխարհը: Ու որքան էլ նրա բացատրությունները անհասկանալի են ինձ, ես հպարտությամբ ու գորովանքով եմ հետևում դզզացող պտուտակների շարժին. որովհետև գիտեմ՝ դրանք իմ, իմ հայրենակիցների, իմ բանակի ու իմ երկրի բարօրության համար են:

-Բանակում Արմանն իրեն շատ լավ է զգում, -ասում է Ամատունի Կիրակոսյանը,- ճիշտն ասած՝ մի քիչ մտավախություն ունեի, թե ոնց է ձուլվելու զինվորական կոլեկտիվին, ոնց է համատեղելու իր բծախնդիր մաքրասիրությունն ու կոլեկտիվ կենցաղը, ոնց է հարմարվելու զինվորական խոհանոցին… Բայց անհանգստությունս արագ փարատվեց: Հիմա ընկերները օգնում են Արմանին, հրամանատարները հնարավորություն են տալիս զբաղվելու մասնագիտությամբ, երբեք հիգիենայից կամ ճաշերից չի դժգոհել:

Զինվորի հայրը շարունակում է պատմել, իսկ ես մտածում եմ, որ հենց պատվի մարդիկ են բարձր պահում մեր երկրի պատիվը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #07 (1520) 23.02.2024 - 01.03.2024, Ազգային բանակ


29/02/2024