ՍԻՐԻԱԿԱՆ ՀՐԵՏԱՆՈՒ ԳԵՆԵՐԱԼԸ
Հայերն աշխարհին տվել են բազմաթիվ տաղանդավոր ռազմական գործիչներ, որոնք մեծ հեղինակություն ու համաշխարհային հռչակ են ձեռք բերել՝ ծառայելով այն երկրների բանակներում, որոնք ապաստան են տվել կամ հանգամանքների բերումով հայրենիք են դարձել նրանց համար։ Այս հոդվածում կպատմենք մեր հանրահայտ հայրենակցի՝ սիրիական բանակի գեներալ-լեյտենանտ Արամ Կարամանուկյանի մասին:
Սիրիական ռազմական պատմության մեջ ոսկե տառերով է գրված Արամ Կարամանուկյանի անունը։ Ռազմական, քաղաքական երևելի հայ գործիչը ծնվել է 1910 թվականի մայիսի 1-ին Արևմտյան Հայաստանի Այնթապ քաղաքում։ Արամ Կարամանուկյանի հայրը՝ Հակոբը, որ հայտնի փաստաբան էր Այնթապում, 1915 թվականի եղերական իրադարձությունների ժամանակ կարողանում է իր ընտանիքն անվտանգ տեղափոխել Հալեպ, որտեղ ապաստանել էին մեծ թվով հայ գաղթականներ։ Հակոբ Կարամանուկյանն ու Մարիամ Լեյլեքյանն իրենց զավակին հիմնավոր կրթություն են տվել։ Արամ Կարամանուկյանը 1934 թվականին ավարտելով Դամասկոսի զինվորական վարժարանի հրետանու բաժինը, 1935-1937 թթ. ուսումնառությունը շարունակում է Բեյրութում, իսկ հետո, մասնագիտությանն ավելի լավ տիրապետելու նպատակով, մեկնում է Ֆրանսիա և 1945 թվականին ընդունվում Փարիզի հրետանային բարձրագույն դպրոցը։ 1946 թվականին Սիրիայի անկախանալուց հետո լեյտենանտ Կարամանուկյանը վերադառնում է Սիրիա։ Թեև ֆրանսիական զինվորական հաստատությունն ավարտում է գերազանցությամբ ու ստանում ֆրանսիական բանակում մնալու գայթակղիչ առաջարկ (Ֆրանսիայում մնալը հեռանկարային էր երիտասարդ զինվորականի համար), այնուամենայնիվ, Արամ Կարամանուկյանն իր պարտքն է համարում վերադառնալ Սիրիա և իր ստացած գիտելիքները ծառայեցնել այդ երկրի բանակաշինության գործին։ 1949-1957 թթ. նա գլխավորում է սիրիական բանակի հրետանին, դառնում այս զորատեսակի անփոփոխ գլխավոր հրամանատարը։
Մեծ է Արամ Կարամանուկյանի մասնակցությունն ու դերակատարումը 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմում և շատ ծանրակշիռ այնքան, որ իսրայելական բանակի հրամանատարությունը խոշոր պարգև է խոստանում նրան, ով կսպանի կամ գերի կվերցնի սիրիական բանակի հրետանային գնդի հայազգի հրամանատարին՝ ոչնչացնելով Գոլանի ռազմավարական բարձունքներին ամրացած հրետանային կարամանուկյանական համակարգը։ Իսկ իսրայելական բանակի բարձրագույն հրամանատարներից մեկը՝ Յակով Դորին, Կարամանուկյանին համեմատում է հանրահայտ ֆրանսիացի զորահրամանատար, մարշալ Ժան Վիկտոր Մորոյի հետ։
Արամ Կարամանուկյանի ղեկավարությամբ սիրիական բանակը, մասնավորապես հրետանին, դառնում է երկրի պաշտպանական համակարգի հանգուցային մասը, ստանում է այնպիսի կշիռ ու կարևորություն, որ Մերձավոր Արևելքի մյուս երկրների բանակների ղեկավարները խոստովանում են, որ իրենք երկյուղում են միայն սիրիական բանակի հրետանուց։
1953 թվականին Սիրիայի նախագահ Ադիբ Շիշակլին Արամ Կարամանուկյանին շնորհում է գեներալի կոչում, իսկ 1957 թվականին նախագահ Շուքրի ալ-Քուաթլին Կարամանուկյանին նշանակում է ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանատան ռազմական կցորդ։ 1961 թվականին Կարամանուկյանն ընտրվում է Սիրիայի խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի (արաբ.՝ Մաջլիս ալ-Շաաբ) պատգամավոր՝ միաժամանակ լինելով Սահմանադիր ժողովի անդամ։ Նա երկար տարիներ Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի ռազմական խորհրդականն էր։
Արամ Կարամանուկյանը 32 տարի անբասիր ու անմնացորդ ծառայելուց հետո 54 տարեկանում անցնում է վաստակած հանգստի և իրեն նվիրում գիտական աշխատանքին։
Իր ամբողջ գիտակցական կյանքում մեր մեծանուն հայրենակիցը անհագուրդ սեր է դրսևորում գրի ու գրականության, ընթերցանության նկատմամբ։ Գիտելիքները մշտապես լրացնելու ծարավը նրան կրկին տանում է Ֆրանսիա՝ սովորելու աշխարհահռչակ Սորբոնի համալսարանում, որտեղ և պաշտպանում է «Օտարները և զինվորական ծառայությունը» ատենախոսությունը՝ 1972 թվականին ստանալով իրավագիտության դոկտորի գիտական աստիճան։ 1978 թվականին այս մենագրությունը առանձին գրքով լույս է տեսնում ֆրանսերեն։ Գրքի մի առանձին գլուխ՝ «Հայկական լեգեոն» վերնագրով, նվիրված է Հայկական լեգեոնի ստեղծման պատմությանը: Արամ Կարամանուկյանը բացառիկ նորահայտ նյութեր ու փաստաթղթեր է ներկայացնում 1916 թվականին ֆրանսիական բանակի կազմում ձևավորված հայկական զորամասի մասին, որ կազմավորվել էր Անտանտի երկրների ներկայացուցիչներ Մարկ Սայքսի, Ժորժ Պիկոյի և Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա (1916 թ. հոկտեմբերի 27)։
Արամ Կարամանուկյանը Մերձավոր Արևելքում ծագումով հայ միակ զինվորական գործիչն է մինչև այժմ, որ իր անձնուրաց ու անբասիր ծառայության համար բարձրագույն պարգևների է արժանացել ոչ միայն Սիրիայում, այլև Լիբանանում, Եգիպտոսում և Ֆրանսիայում։
Սիրիայի հայ համայնքի երախտավորներից էր Արամ Կարամանուկյանը։ Նա հսկայական գումարներ էր հատկացնում Սիրիայում հայկական դպրոցների ու եկեղեցիների կառուցման գործում, աջակցում հայերեն լույս տեսնող թերթերին ու ամսագրերին։ Նրա հայանպաստ գործունեությունը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Ա-ն՝ նրան շնորհելով «Կիլիկիայի Ասպետ» բարձրագույն շքանշանը, իսկ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսը նրան պարգևատրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրագույն՝ «Ներսես Շնորհալի» շքանշանով։ Արամ Կարամանուկյանն արժանացել է նաև Ֆրանսիայի կառավարության Պատվո լեգեոնի ասպետի շքանշանով՝ Officier de la d’honneur։
Կյանքի վերջին տարիներին Արամ Կարամանուկյանն իրեն նվիրում է ճանապարհորդությանը։ Նա լինում է Արևմտյան Հայաստանում, այցելում Վան, Էրզրում, Մուշ, Ադանա, Տրապիզոն, ինչպես նաև լինում իր վաղեմի ծննդավայրում՝ Այնթապում։ 1980-ական թվականներին իր որդիների ու թոռների հետ առաջին անգամ այցելում է Խորհրդային Հայաստան, իսկ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո համակարգում է Սփյուռքից ուղարկվող մարդասիրական բեռները։
Կյանքի մայրամուտին՝ 1995 թվականին նա վերջին անգամ այցելում է պատմական հայրենիք և որդիներին ու հարազատներին պատվիրում. «Դուք պետք է ապրեք այստեղ, և սա այլևս չի քննարկվում»։ Մեր նշանավոր հայրենակիցն իր մահկանացուն կնքում է 1996 թ. դեկտեմբերի 23-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքում։ Իր կտակի համաձայն՝ նրա աճյունի մի մասը ամփոփում են Մայր հայրենիքում՝ հարազատ եղբոր՝ Լևոնի գերեզմանի կողքին, իսկ մյուս մասը տեղափոխում են Հալեպ և հողին հանձնում հայկական եկեղեցու բակում։
Պատրաստեց՝ ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #07 (1520) 23.02.2024 - 01.03.2024, Պատմության էջերից