Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ



ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ

 

«Նա առաջին օտարերկրացին է, որի աճյունը ամփոփվեց Պանթեոնում, քանի որ այնտեղ միայն ֆրանսիացիներն են հուղարկավորված։ Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է։ Միսաք Մանուշյանը մեր երկրի մեծության մի մասնիկն է։ Նա մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, և մենք պարտավոր ենք նրան մեծարել»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն

 

Էմանուել Մակրոնի 2023 թվականի հունիսի 18-ի հրամանագրով ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները 2024 թվականի փետրվարի 21-ին՝ Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժից ուղիղ 80 տարի անց, տեղափոխվում և վերահուղարկավորվում են Փարիզի Պանթեոնում՝ դառնալով հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության կարևոր խորհրդանիշներ։

1791 թվականից Փարիզի Սուրբ Ժենևի տաճարը վեր է ածվել ազգային մեծերի հանգստարանի, մի սրբավայր Պանթեոնի, որտեղ ամփոփված են Ֆրանսիացի նշանավոր անձանց աճյունները կամ աճյունասափորները։ Այժմ Միսաք և Մելինե Մանուշյանները հանգչում են այնպիսի ֆրանսիացի մեծությունների կողքին, ինչպիսիք են՝ Վիկտոր Հյուգոն, Ֆրանսուա Վոլտերը, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքսանդր Դյուման և այլք։

«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիացի ազգի, դիմադրության ոգու՝ հանուն ազատության պայքարի»։

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի Ադիյաման գյուղում։ Նրա հայրը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի օրերին, իսկ մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքն ու նրա մեծ եղբայրը՝ Կարապետը, կարողանում են փրկվել ու տեղահանված մեր այլ հայրենակիցների հետ նախ հասնում են Սիրիա, ապա ապաստան գտնում Լիբանանի ՀԲԸՄ հովանու ներքո գործող որբանոցում։ Այդ տարիներին Լիբանանի տարածքը Ազգերի լիգայի մանդատով ենթարկվում էր Ֆրանսիային, և այդ էր պատճառը, որ որբանոցի բոլոր երեխաները գերազանց տիրապետում են ֆրանսերենին, և շատ չանցած` նրանցից շատերը, այդ թվում Միսաքն ու Կարապետը, հասնում են Ֆրանսիա, որտեղ էլ սկսվում է քաջ հայորդու հերոսական ուղին։ Մանուշյան եղբայրները նախ տեղափոխվում են Մարսել, իսկ շատ չանցած՝ ապաստան են գտնում Փարիզում։

ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ1927 թվականին վախճանվում է Միսաք Մանուշյանի եղբայրը՝ Կարապետը, որի մահը շատ մեծ վիշտ է պատճառում Միսաքին։ Իսկ երբ 1930-ականներին սկսվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Միսաքը կորցնում է նաև աշխատանքը…

Իր երկու հայրենակիցների հետ Միսաք Մանուշյանը հիմնադրում է «Ջանք» և «Մշակույթ» գրական հանդեսները, որոնք քարոզելով ձախակողմյան գաղափարներ, միևնույն ժամանակ տեղի հայերի շրջանում նպաստում էին հայկական մշակույթի ու հայի ոգու պահպանմանը։ Տպագրում էին նաև ֆրանսիական գրականության արժեքավոր նմուշները։ Մանուշյանը միաժամանակ ստեղծագործում էր, ֆրանսերենից թարգմանում Շառլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Արթյուր Ռեմբոյի ստեղծագործությունները։ Սորբոնի համալսարանում հաճախում էր գրականությանը, փիլիսոփայությանը, պատմությանն ու տնտեսությանը նվիրված դասախոսությունների։

1935 թվականին Միսաք Մանուշյանը դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի, իսկ 1937-ին՝ կենտրոնական վարչության անդամ։ 1935 թվականին Հայաստանի օգնության կոմիտեի կազմակերպած երեկոներից մեկի ժամանակ նա ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մելինե Ասատրյանի հետ, որը նույնպես Մեծ եղեռնի տարիներին կորցրել էր ծնողներին և որբանոցում անցկացրած տարիներից հետո հայտնվել էր Ֆրանսիայում։

ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸՄիսաք Մանուշյանը Մելինեի հետ մասնակցում է Դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստ նվաճողների։ Նա ղեկավարում է երեք ջոկատ, որոնք կարևոր հանձնարարություններ էին կատարում՝ իրականացնելով տասնյակ հաջողված հարձակումներ գերմանական զավթիչների դեմ։ Նրա ջոկատները կոչվում էին իր իսկ անունով՝ «Groupe Manouchian»։ Մանուշյանի ջոկատում իրար կողքի մարտնչում էին հայն ու լեհը, ֆրանսիացին ու հրեան, բուլղարացին ու ռումինացին, իսպանացին ու իտալացին, հունգարացին ու չեխը, բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Ֆրանսիայի ազատության ու անկախության, ովքեր ընկան հանուն բոլոր ժողովուրդների պայծառ ապագայի, հանուն աշխարհի խաղաղության։

1943 թվականի նոյեմբերի 16-ին ոստիկանությունը ձերբակալում է Մանուշյանին ու նրա խմբի անդամներին։ Իսկ Մանուշյանի կինը՝ Մելինեն, կարողանում է փախչել: Նրան հեռակա դատապարտում են մահվան։ Մանուշյանի խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվում է 68 մարդ։ Ի դեպ, մեր նշանավոր հայրենակից Շառլ Ազնավուրի ընտանիքն այդ ծանր ու վտանգավոր ժամանակներում սատարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին։

Միսաք Մանուշյանը ենթարկվում է անասելի տանջանքների և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվարի 21-ին, իր խմբի 21 անդամների հետ մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Մոն-Վալերիեն ամրոցում։ Մահապատժի օրը Մանուշյանը Մելինեին ուղղված նամակում գրում է. «Ես կամավոր մտա Ազատագրական բանակ և մեռնում եմ նպատակից ու հաղթանակից երկու քայլ հեռավորության վրա։ Երջանկություն բոլոր նրանց, ովքեր կապրեն ու կճաշակեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը և ազատության համար բոլոր կռվողներին արժանապատվորեն կհիշեն։ Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր վատություն են արել ինձ, բացի նրանցից, ովքեր դավաճանել են մեզ՝ իրենց կաշին փրկելու համար, և նրանց, ովքեր վաճառում են մեզ։ Սիրելի՛ Մելինե, ես քեզ խնդրում եմ պատերազմից հետո ամուսնանալ՝ առանց սխալվելու, և երեխա ունենալ։ Կատարիր իմ վերջին խնդրանքը՝ ամուսնացիր մեկի հետ, ով քեզ կկարողանա երջանկացնել։ Ես կյանքին հրաժեշտ եմ տալիս նայելով արևին, հիասքանչ բնությանը, որոնք այնքան սիրում եմ: Երջանկություն քեզ»։

ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸՆամակի բնօրինակը պահվում է Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում։ 1955 թվականին ֆրանսիացի նշանավոր բանաստեղծ Լուի Արագոնը ոգեշնչված այդ նամակից, գրում է «Տողեր՝ հիշատակի համար» (Strophes pour se souvenir) բանաստեղծությունը։ Իսկ ֆրանսիացի երգիչ-երգահան Լեո Ֆերեն Լուի Արագոնի բանաստեղծության հիման վրա 1961 թվականին գրում է իր հայտնի «Կարմիր ազդը» (L’affiche rouge) երգը։

Պատերազմից հետո Փարիզի Մոն-Վալերիեն բլրի վրա, Բուլոնյան անտառի հարևանությամբ, Ժառլ դը Գոլի նախաձեռնությամբ կառուցվում է հուշահամալիր՝ «Մարտնչող Ֆրանսիա» անունով՝ նվիրված Դիմադրության շարժման մարտիկներին, այդ թվում նաև Միսաք և Մելինե Մանուշյաններին։ 1978 թվականի նոյեմբերի 4-ին Միսաք Մանուշյանի գերեզմանին տեղադրվում է քանդակագործ Արա Հարությունյանի՝ հայկական տուֆից կերտած արձանը, որի վրա փորագրված էին հետևյալ խոսքերը. «Փա՛ռք նրան, ով զոհվեց, որպեսզի Ֆրանսիան ապրի»։ Միջոցառմանը ներկա էր նաև Միսաք Մանուշյանի այրին՝ Մելինե Մանուշյանը։

2009 թվականին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանը նկարահանում է «Ոճրագործության բանակ» (L’armee du crime) կինոնկարը՝ նվիրված Միսաք Մանուշյանի և նրա մարտական ընկերների հիշատակին։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (1520) 23.02.2024 - 01.03.2024, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


29/02/2024