Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ



ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄՕրերս հանդիսավոր երդում տվեցին հայկական բանակի ներկայացուցչական ստորաբաժանման՝ պատվոպահակային վաշտի շարքերը համալրած տղաները:

Բարձրահասակ, ֆիզիկապես կոփված տղաները նախորդ շաբաթներին են պատրաստվել այս հիշարժան օրվան՝ շարային քայլք, շարք կանգնել, վերադասին ներկայանալ, զեկուցել, ընթերցել զինվորական երդման տեքստը…

Այդ օրը պատվոպահակախմբի ասպետների հետ երդվեցին նաև հայկական բանակի բեմական արտիստները։ Երգի և պարի համույթի նոր սաները փոխարինելու են ավագ ընկերներին։ Երդման արարողությանը հաջորդող օրերից սկսվելու են փորձերը, պատրաստվելու են համերգների, միջազգային փառատոների, ներկայացնելու են Հայաստանն ու հայկական ռազմապարը բազմաթիվ հարթակներում։

Զինվորական երդում տվողների շարքը եզրափակում են երաժիշտները։ Նրանք նույնպես մասնակցել են ձմեռային զորակոչին հայտարարված մրցույթին, ներկայացրել կարողություններն ու վաստակելով բարձր միավորներ՝ հայտնվել ռազմանվագախմբում։

Հիշարժան միջոցառման վերջում հանդիսավոր երդում տվեց իգական սեռի առայժմ միակ ներկայացուցիչ Արմենուհի Կեսոյանը՝ հայկական բանակի կանանց գումարտակի նոր պայմանագրայինը։

Երդումից հետո Արմենուհին շտապելու է իր ստորաբաժանում՝ յուրացնելու զինվորական այբուբենը։ Իսկ մինչև այդ հանդիսավոր երթն է՝ առաջին անգամ ծնողների ներկայությամբ։

-Այստեղ բոլորն են գիտակցում այն պատասխանատվությունը, որը դրվելու է իրենց ուսերին՝ պատշաճ պատրաստվել, բարձր մակարդակով ներկայացնել հայրենիքն ու զինված ուժերը։ Երդման արարողությունը նոր սկիզբ է, և այն տղաները, որոնք շարք են կանգնել, պիտի պատվով շարունակեն նախորդների գործը, ավելի բարձրացնեն իրենց ստորաբաժանումների հեղինակությունը,- դիմելով միջոցառման մասնակիցներին,- ասաց զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Հակոբյանը:

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #07 (1520) 23.02.2024 - 01.03.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/02/2024