Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏՔ Է ՍԻՐԵՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒ ՆՎԻՐՎԵՍ



ՊԵՏՔ Է ՍԻՐԵՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒ ՆՎԻՐՎԵՍՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան այսօր ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման դարբնոցն է։ Հատկապես վերջին տարիներին ակադեմիան շարունակական բարեփոխումների շրջան է անցնում, որոնց պարբերաբար անդրադառնում ենք։ Այս անգամ էլ  ցանկացանք իմանալ հենց այս կրթօջախի սաների կարծիքն ու նրանց դիտանկյունից հետևել ակադեմիայի ուսումնական և կրթական գործընթացին, նրանցից տեղեկանալ ուսումնական ծրագրերի և նոր հնարավորությունների մասին։

 

Ռազմական ակադեմիա  ընդունվելու՝ Գոռի որոշումը լիովին գիտակցված և կշռադատված է եղել։ Երիտասարդը դպրոցն ավարտել է  2020 թվականի ամռանը և ժամկետային զինծառայության է անցել լայնածավալ  պատերազմի նախաշեմին, եղել է առաջնագծում, ամենաթեժ գոտիներից մեկում մասնակցել մարտական գործողություններին, վիրավորում է ստացել։

-Ծնվել ու մեծացել եմ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում, ուսուցիչների ընտանիքում,- պատմում է Գոռը,- 2020 թվականի պատերազմի ժամանակ, մինչև հոկտեմբերի 18-ին բեկորային վիրավորում ստանալս, առաջնագծում էի։ Բուժվելուց հետո ծառայությունս շարունակեցի մեր գյուղի սահմաններին, մարտական հերթապահություն եմ իրականացրել մեր սարերում։ Մինչև բանակ մեկնելս էլ մտածում էի զինվորական դառնալու մասին։ Հայրս է դեռևս փոքրուց իմ մեջ հայրենասիրություն սերմանել։ Երբ բանակ մեկնեցի, իդեալական-գրքային էի պատկերացնում ամեն ինչ։ Պատերազմից հետո, սակայն, որոշ հիասթափություն կար մեջս։ Բայց սա երկար չտևեց։ Կարծում եմ՝ ամենաուժեղը նա է, որ կարողանում է ոտքի կանգնել ու փորձել սեփական ներդրումն ունենալ հիասթափություն պատճառած երևույթները վերացնելու գործում, կրում պատասխանատվության իր բաժինն ու փորձում դուրս գալ ամենադժվար իրավիճակներից։ 2022 թվականի ամռանը, երբ ավարտեցի ժամկետային ծառայությունս, ընդունվեցի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ։ Բայցևայնպես, ես ինձ միշտ սպայական ուսադիրներով էի պատկերացնում, զինվորական գործը ձգում էր։ Չէի  դադարում հետաքրքրվել բանակային անցուդարձով։ Համակարգում ծառայող ծանոթներս խորհուրդ էին տալիս, որ ընդունվեմ ռազմական ակադեմիա, եթե ցանկանում եմ լավ ռազմական կրթություն ստանալ։ Վերջին տարիներին այստեղ տեղի ունեցած դրական տեղաշարժերն ու փոփոխություններն ինձ շատ գրավեցին: Որոշեցի ու ընդունվեցի ու գոհ եմ ընտրությանս համար։

Խոսելով այն առավելությունների ու հնարավորությունների մասին, որ այսօր ընձեռում է ռազմական ակադեմիան՝ Գոռն ասում է.

ՊԵՏՔ Է ՍԻՐԵՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒ ՆՎԻՐՎԵՍ-Պետք է սիրես զինվորական գործն ու նվիրվես դրան, ու միայն այդ դեպքում է, որ քայլ առ քայլ կարող ես հասնել նպատակներիդ: Պետք է նախ և առաջ հստակ գիտակցես, թե ինչի ես ուզում հասնել և ջանք չխնայես անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու համար, և իհարկե, ցանկացած ոգևորություն և նպատակասլացություն մարդն ինքն է իր մեջ զարգացնում։ Սա է հաջողության հիմքը։ Շատ բաներ կան, որ ինձ այստեղ ոգևորում են՝ սկսած ուսման պայմաններից, վերջացրած սաներին ընձեռված հնարավորություններով։ Հայրս մահացել է 2017 թվականին։ 20 տարեկանում, օրինակ, ժամկետային զինծառայությունս ավարտելուց հետո ես միաժամանակ և՛ պետք է սովորեի ինչ-որ քաղաքացիական բուհում, որպեսզի լավ կրթություն ստանայի, և՛ պետք է աշխատեի՝ ընտանիքիս հոգսերը հոգալու համար։ Այսօր  և՛ բարձրակարգ կրթություն եմ ստանում,  և՛ որպես լավ սովորող կուրսանտ՝ բարձր կրթաթոշակ եմ ստանում, կարողանում եմ օգնել ընտանիքիս։

Բացի այդ, ռազմական ակադեմիան զարգանալու և բարձր որակավորում ստանալու հնարավորություն է տալիս։ Չէի ասի, թե 4-5 տարի առաջ այսպես հնարավոր էր խոսել մեր ռազմաուսումնական հաստատությունների վերաբերյալ, բայց այսօր հստակ տեսնում եմ այդ հնարավորությունը։ Այսօրվա ակադեմիան մեր կուրսանտներին մեծ հնարավորություններ է տալիս։ Բացի սոցիալ-կենցաղային բարեփոխումներից, ուսուցման որակն է բարձրացել, արհեստավարժ դասախոսական կազմ ունենք, ռուհը համագործակցում է հանրապետության այլ բուհերի հետ, արտերկրում վերապատրաստվելու հնարավորություններ է տալիս կուրսանտներին ու սպաներին և այլն։ Դեռ շատ բարեփոխումներ էլ ընթացքի մեջ են։ Իրականում, մինչև այստեղ գալս լսել էի դրանց մասին, բայց տեղում համոզվեցի, թե ինչքան շատ աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով։

-Լսել եմ, որ փոխանակման ծրագրում ես ներգրավված։

-Լավ առաջադիմություն ունեցող կուրսանտներին արտասահմանյան մի շարք երկրների առաջատար ռազմական ակադեմիաներում ուսանելու հնարավորություն է տրվում՝ բակալավրի աստիճան ստանալու համար։ Ես ընտրել եմ Իտալիան։ Առաջին կուրսի առաջին իսկ կիսամյակից սկսել եմ իտալերեն պարապել։ Մեզ օտար լեզու ուսուցանում են այլ բուհերից հրավիրված մասնագետները։ Մեր այն տղաները, որոնք սիրում են զինվորական գործը, մեր երկրի ապագայի հետ կապված մեծ ձգտումներ ու նպատակներ ունեն, ռուհը նրանց կտա այդ հնարավորությունը։ Խոսքս, էլի եմ ասում, այն տղաների մասին է, որ գիտակցաբար, ջանասիրաբար կվերաբերվեն իրենց ուսմանը։ Բացի բարձրագույն կրթությունից, որն այստեղ ստանում ենք, բանակում ծառայելու փորձը շատ բան է տալիս մարդուն՝ առաջին հերթին՝ առաջնորդության որակներ։

-Իսկ ինչպե՞ս ես տեսնում ապագադ այս ոլորտում։

-Չեմ ուզենա դեռ ոչինչ չարած՝ ամպագոռգոռ ինչ-որ բաների մասին խոսել։ Իմ նախնական նպատակն է լավ կրթություն ստանալը, լավ փորձ ձեռք բերելը, մարդկային լավ որակներով զինվելը և այդ ամենը իմ կարիերայի ստեղծմանը և պետությանս կայունացմանը, զարգացմանն ու ամրացմանը ծառայեցնելը։

Կարող ես, իհարկե, քաղաքացիական ոլորտներից մեկում լավ մասնագետ լինել ու դրանով պիտանի լինել Հայրենիքիդ։ Բայց այսօր մեր երկրի համար ամենակարևոր, ամենապահանջված մասնագիտությունն, ըստ իս, զինվորականի գործն է, ամենապահանջված մասնագետը՝ բարձրակարգ զինվորականը։ Ուզում եմ ասել, որ եթե լավ զինվորական ծառայություն ես անցել, արել ես այն ամենը, ինչ անհրաժեշտ է երկրիդ պաշտպանության համար, կարող ես այնուհետև դառնալ լավ քաղաքապետ, լավ բիզնեսմեն, լավ քաղաքագետ և այլն։ Եվ վերջում նորից կրկնեմ, որ միայն այն դեպքում կլինի սա, եթե բարձր գիտակցականությամբ վերաբերվես ծառայությանդ։

***

ՊԵՏՔ Է ՍԻՐԵՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒ ՆՎԻՐՎԵՍ-Դեռ փոքրուց եմ սիրել զինվորական գործը,- ասում է երկրորդ կուրսի կուրսանտ Սարգիս Խաչատուրյանը։ – Զենքի հանդեպ սերը, զինվորականի մարտնչող կերպարը միշտ ինձ համար առանձնահատուկ նշանակություն են ունեցել։  Քրոջս ամուսինը՝ այն ժամանակ դեռ ռազմական ինստիտուտի շրջանավարտ, կապիտան Հայկ Խաչատրյանը, ծնունդով Ջերմուկից էր: Հենց նա էր այդ կերպարի կրողն ինձ համար. հրետանավոր էր։ Նա զոհվեց 44-օրյա պատերազմում։ Սա էլ իր հերթին պարտավորեցրեց ինձ, որ հենց այս մասնագիտությունն ընտրեմ։ Նա՝ որպես լավ հրամանատար, ինձ շատ էր ոգևորում։ Հիշում եմ, թե երբ արձակուրդ էր գալիս, և զանգում էին զորամասից, որքան ջերմ էր պատասխանում։ Զինակիցների հետ միշտ սիրալիր էր, բարեհամբույր, կարեկից։ Եթե որևէ խնդիր էր լինում, միշտ սփոփում էր, հանգստացնում, վստահեցնում, որ անլուծելի խնդիր չկա։ Սա շատ է տպավորվել։ Երբեք չէր բարձրաձայնում իր որևէ խնդրի մասին, փորձում էր ինքը  ամեն ինչ պատվով լուծել։ Փորձում եմ, հիշելով նրա այդ բոլոր բարձր հատկանիշները, իմ մեջ էլ դրանք զարգացնել։ Հայկը պատվով կատարեց իր խնդիրը պատերազմում՝ որպես հրամանատար։

Նրա ստորաբաժանումն այդ օրը թշնամու ինքնաթիռի ռմբակոծության տակ է հայտնվել։ Վիրավոր վիճակում Հայկը օգնել ու վտանգավոր հատվածից դուրս էր բերել իր ծանր վիրավոր զինվորներին՝ լուրջ չվերաբերվելով սեփական վիրավորմանը։ Փորձել էին նրան համոզել, որ ինքն էլ վիրավոր է, իր մասին էլ մտածի, բայց պատասխանը միշտ եղել է. «Չէ՛, 18 տարեկան զինվորներիս ինչպե՞ս թողնեմ, իմ մասին մտածեմ»։ Բայց իր համար այդ ժամանակը ճակատագրական է եղել…

…Միշտ ժպտերես էր, հնարամիտ։ Շատ դժվար էր Հայկին հունից հանելը։ Ճիշտն ասած՝ ինքս էլ եմ փորձել դա անել, դե, փորձում էի ապագա փեսայիս։ Չարաճճիություն էինք անում, բայց այդ ամենը հիմա միայն քաղցր հուշ է դարձել… Երեք տարեկան աղջիկ ունեն, շատ նման է հայրիկին՝ իր բնավորությամբ, խառնվածքով, իր քայլերով…

-Ի՞նչ փոխվեց քո մեջ։ Մի ուրիշը կարող էր ասել՝ ինչի՞ս է պետք, հեշտ մասնագիտություն չէ, վտանգավոր է և այլն։

-Եվ ինձ այսպես ասողներ էլ կային։ Բայց  որոշում կայացնելիս ես  լսել եմ միայն իմ ներքին ձայնին։ Եվ վստահ լինելով իմ ուժերին, վստահ լինելով, որ կարող եմ այդ բեռն իմ ուսերին կրել՝ ընդունվեցի ռազմական ակադեմիա, և այժմ փորձում եմ իմ երազանքները, իմ մտադրություններն իրականություն դարձնել։ Մոտոհրաձիգ եմ։ Բայց կարևոր չէ, թե կոնկրետ ինչ զինվորական մասնագիտություն ես ընտրում, այլ այն, որ գերազանց տիրապետես մասնագիտությանդ։

Սարգիսը աչքի է ընկնում լավ ծառայությամբ. բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից։

-Իհարկե, խրախուսանքն ինձ ավելի է պարտավորեցնում, որ լավ ծառայեմ, ձգտեմ ավելի բարեխիղճ լինել, բայց ամենակարևորը մարդու նպատակասլացությունն է։ Եթե մտել ես այս գործի մեջ, եթե թաթախվել ես այս ամենի մեջ, պետք է ձգտես պատվով դուրս գալ, պատվով կատարել խնդիրդ։

-Ի՞նչ դրական տեղաշարժեր ես տեսնում այսօր ձեր ռուհի կրթական համակարգում։

-Միայն այն բարձրակարգ շինությունը, որ կառուցել են մեզ համար, արդեն իսկ տպավորիչ է. բոլոր անհրաժեշտ պայմաններով, տեխնիկապես հագեցած լսարաններով, ինչի արդյունքում՝ ուսումնական նյութերը շատ ավելի հեշտությամբ ենք յուրացնում։ Ռազմական գիտելիքները մեզ փոխանցվում են սլայդների ու տեսանյութերի տեսքով։ Ամենաբազմազան ու հագեցած նյութեր ենք ուսումնասիրում, և մեզ մնում է միայն այդ ամենը գործնականում կիրառելը։ Մնում է սովորել, ու լա՛վ սովորել։

ՊԵՏՔ Է ՍԻՐԵՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒ ՆՎԻՐՎԵՍՏարիներ առաջ շատ քչերն էին մտածում զինվորական մասնագիտություն ընտրելու մասին։ Բայց հիմա արդեն շատ ավելի մեծ է հարգանքը ե՛ւ զինվորական համազգեստի ե՛ւ զինվորական գործի հանդեպ։ Հարցուփորձ են անում, ուզում են ծանոթանալ պայմաններին, ծառայության անցնելու հնարավորություններին։

-Այս կարճ ժամանակաընթացքում, ըստ քեզ, ի՞նչը փոփոխվեց։ Դու դեռ երկրորդ կուրսում ես։ Քո դասընկերները նույն տղաներն են, նույն երիտասարդները, ի՞նչն է փոխվել նրանց մտածելակերպում։

-Կարծում եմ՝ երբ  լսում են մեր երկրի շուրջ ստեղծված վիճակի մասին, մարդկանց մեջ ցանկություն է առաջանում պաշտպանելու Հայրենիքը։ Հասկանում են, որ մեր փոխարեն ոչ ոք չի անելու դա։ Ես ինքս էլ ինձ շրջապատող տղաներին  փորձում եմ բացատրել այս ամենը։ Հայրս դպրոցի տնօրեն է։ Ես նրանից խնդրեցի, որ ՆԶՊ մի դաս ես անցկացնեմ ու դպրոցահասակ տղաներին փորձեցի ներկայացնել այս գործի կարևորությունը, առանձնահատկությունները, մատչելի կերպով բացատրեցի նրանց և հընթացս, նաև զարգացնում էի իմ հրամանատարական, առաջնորդի հմտությունները։ Բացի զուտ մասնագիտական գիտելիքներից, տղաներին ներկայացնում էի ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները, առավելությունները։ Քաղաքացիական կյանքում նույն այն խմբակների համար, որոնց մենք այստեղ անվճար հաճախում ենք՝ սուսերամարտ, բոքս, սամբո, ձյուդո, լող, ձիավարություն, դահուկավազք և այլն, ես պետք է հսկայական գումարներ վճարեի։ Բացի այդ, լավ կուրսանտները, ի տարբերություն քաղաքացիական բուհերի ուսանողների, նաև լավ կրթաթոշակ են ստանում հենց առաջին կուրսից և կարողանում են հոգալ իրենց կարիքները։  Ըստ կիսամյակային միջին որակական գնահատականի՝ որոշվում է կրթաթոշակի չափը։ Ես լավ եմ սովորում ու բարձր կրթաթոշակ եմ ստանում։

Մյուս առավելությունը, որ կարող եմ նշել, առողջ ապրելակերպով զբաղվելու հնարավորություն-պահանջն է։ Ամեն առավոտ 4 կմ վազքը, օրինակ, արդեն իսկ առողջ ապրելակերպի հիմքն է՝ չհաշված մնացած պարապմունքներն ու վարժանքները։ Չորս տարի ուսանելուց հետո էլ ուսանողները Երևանում նվազագույնը 80 ք/մ բնակարան են ստանում, որը քսան տարի ծառայելուց հետո կարող են սեփականաշնորհել։

Դասախոսական կազմից նույնպես շատ գոհ ենք։ Բազմակողմանիորեն զարգացած մարդիկ, մասնագետներ են, որոնցից սովորելու շատ բան ունենք։ Մթնոլորտը նույնպես լավն է կրթօջախում։ Էլ ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ մարդուն։

Կուրսանտը պետք է թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես ամուր լինի։ Առաջնահերթը սա է։ Պետք է լավ սովորի։ Մինչև զորքեր մեկնելը մենք պետք է լավ նախապատրաստվենք։ Գիտենք, որ պետք է այստեղից գիտելիքներով զինված գնանք զորքեր, լինենք լավ հրամանատարներ ու պաշտպանենք մեր Հայրենիքը։

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆԻ

Խորագիր՝ #07 (1520) 23.02.2024 - 01.03.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/02/2024