Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ՎԵՐՍԿՍՎՈ՞ՒՄ Է



Ալժիրի հյուսիս-արևմուտքում գտնվող Տիարետ քաղաքում զանգվածային հուզումների արդյունքում տուժել է 30 մարդ, այդ թվում նաև` անկարգությունները դադարեցնել փորձող ոստիկաններ: Ինքնահրկիզմամբ կյանքին վերջ տված երիտասարդի հուղարկավորության ընթացքում սկսված անկարգությունների մասնակիցները թալանել են խանութներ, կոտրել բազմաթիվ առևտրական հաստատությունների ցուցափեղկերը և քարկոծել ոստիկաններին: Հուզումները հանդարտեցվել են ոստիկանության կիրառած արտասվաբեր գազի օգնությամբ:

2011 թվականի գարնանն Ալժիրում ևս ծայր առած զանգվածային հուզումները երկրի իշխանությունները ճնշեցին ձեռնարկած ուժային մեթոդներով, բայց և դիմեցին քաղաքական ու սոցիալական մի շարք զիջումների:

Միաժամանակ հաղորդվում է, որ Մալիի մայրաքաղաք Բամակոյում բազմահազար ցուցարարներ շրջապատել են երկրի նախագահի նստավայրը՝ պահանջելով խաղաղ բնակչությանը պաշտպանել Մալիի հյուսիսում անկախության ձգտող տուարեգ ցեղերի հարձակումներից: Ցուցարարներն այրվող ավտոդողերով փակել են մայրաքաղաքի գլխավոր պողոտաների երթևեկությունը:

Իսկ Կատի քաղաքում բողոքի ցույցի են դուրս եկել զինծառայողների կանայք, որոնք պնդում են, թե իրենց ամուսիններն անհրաժեշտ չափով զինված ու հանդերձավորված չեն ապստամբների դեմ պայքարելու համար: Այստեղ ևս հաճախացել են հարձակումները տուարեգների տների ու խանութների վրա:

Նախօրեին Մալիի նախագահը երկրի բնակչությանն էր դիմել միջէթնիկական հանդուրժողականության կոչով և պահանջել զինծառայողների վրա կրակ բացող ապստամբներին չշփոթել խաղաղ կյանքով ապրող տուարեգների հետ, որոնք հանդիսանում են պետության օրինապահ քաղաքացիներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


03/02/2012