ԶԻՆՎՈՐԸ ԵՐԿՐԻ ՏԵՐՆ Է
Զրույց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Էլբակյան, այսօր նույնիսկ ամենահզոր ու պաշտպանված երկրները իրենց անվտանգությունը ամրացնելու խնդիր ունեն, որովհետև լիարժեքորեն պաշտպանված չեն պատերազմներից, աղետներից, ներքին ցնցումներից: Ձեր կարծիքով՝ ինչպես պետք է ապահովել մեր ազգապահպանությունն ու հավաքական դիմադրողականությունը:
-Մեր հիշողությունը մեր ազգային փորձառության, իմաստնության, հասունության հիմքն է, որը մեզ հնարավորություն է տալիս չկրկնելու անցյալի սխալներն ու ձևակերպելու հաջողության հասնելու ուղիները: Հին ազգերը պարտավոր են ավելի իմաստուն ու խոհեմ լինել, որովհետև նրանք ավելի շատ են սովորել:
Պատմության ամեն ժամանակահատված ձևավորում է իր դեմքը: 30 տարի մենք նիրհեցինք՝ հաջողության բարձին թիկնած, կարծելով, թե ժամանակի սլաքները անդառնալիորեն կանգնել են մեր հաղթանակի վրա: Մինչդեռ Շեքսպիրն ասում է, որ նա է հասնում փառքի, ով դառնում է թարգմանն իր ժամանակի: Այդուամենայնիվ, մենք այսօր պարտված չենք: Պարզապես պիտի կարողանանք կոտրել մեր մտքի կաղապարները, պիտի սթափ գնահատենք մեր հնարավորությունները ու չվախենանք ինքնուրույն ու վճռական քայլերից:
-Այն, ինչ հիմա Դուք ասում եք, հնչո՞ւմ է բեմից: Ձեր խոհերի գեղարվեստական մարմնավորումները կերպավորվա՞ծ են թատրոնում:
-Թատրոնը աշխարհի փոքր մոդելն է: Բեմում, բնականաբար, հավաքական կերպարներ են, ավելի խիտ են, վառ, ընդգծված, խորհրդանշական: Սիրանո դը Բերժըրակը՝ բանաստեղծն ու մեծ սիրահարը, հոգեվարքի մեջ վերցնում է սուրն ու ասում ՝ այստեղ իմ հին թշնամիներն են՝ սուտը, կեղծիքը, դավաճանությունը: Ես ձեր դեմ կռվում եմ, կռվում եմ, կռվում եմ….Հետո ասում է ՝ տվե՛ք սաղավարտս, որպեսզի մարտիկի իր ամբողջական հանդերձով հեռանա աշխարհից: Այս հավերժական կերպարը վեհ ու ազնիվ մտքեր է հուշում: Բարոյապես բարձրանալու ներքին մղում է արթնացնում:
Ամենավատ տարբերակը կյանքի ստվերը, աղտեղությունը արվեստ բերելն ու արվեստի թեմա դարձնելն է, ընդ որում՝ առանց շեշտադրումների, եզրահանգումների ու վերաբերմունքի։ Արվեստի առաքելությունը իրականության լուսանկարումը չէ։ Ընդհակառակը, արվեստի խնդիրն է անբարո ու խեղված իրականությանը հակադրել մի ուրիշ իրականություն, ուր իշխում են բարձր գաղափարներն ու ճշմարիտ արժեքները, ուր ընչաքաղցության փոխարեն կա անշահախնդրություն, անտարբերության փոխարեն՝ գթասրտություն, չարության փոխարեն՝ սեր, դավաճանության փոխարեն՝ հավատարմություն, մորթապաշտության փոխարեն՝ անձնվիրություն, երկչոտության փոխարեն՝ քաջություն…
Հիշո՞ւմ եք Չարլի Չապլինի կերպարները։ Նա պատմում էր զարգացման, ուրբանիզացիայի թոհուբոհում հայտնված փոքր մարդու ողբերգության մասին, ու մեր հոգում արթնացնում էր կարեկցանք, մեր հայացքն ուղղում էր դեպի փոքր մարդու դրաման։ Արվեստագետի զգայուն հոգին ու դիտողունակ աչքը արձանագրում էր իր ժամանակի ցավը։
-Ձեր աղջիկը՝ Լիլի Էլբակյանը, դերասան է եւ ռեժիսոր։ Հասկանո՞ւմ եք նոր սերնդին՝ նրանց իդեալները, ձգտումները, մտահղացումները:
-Առհասարակ, ես բարձր եմ գնահատում բարձրացող սերնդին, խրախուսում եմ նրանց ազատ մտածողությունը, ինքնավստահությունը, համարձակությունը։ Ես վստահ եմ, որ նրանք կստեղծեն 21-րդ դարի հայ ազգային մշակույթը՝ զերծ գավառականությունից, սահմանափակությունից, կաղապարներից ու պատեհապաշտությունից։
-Եվ ինչպե՞ս կհամատեղվեն 21-րդ դարի մտածողությունը, գեղագիտական ըմբռնումները եւ հայոց ազգային մշակույթի ավանդույթները։
-Յուրաքանչյուր ազգ ունի իր հավաքական խղճի գաղափարը՝ բարոյական ներքին օրենքը, որը դրված է մարդկային փոխհարաբերությունների գնահատման հիմքում՝ որպես լավի ու վատի, չարի եւ բարու, առաքինության եւ մոլորության սահմանագիծ։ Սա ազգայինի բաղադրիչներից կարեւորագույնն է… Մեր երկիրը լեռների ու ձորերի, ժայռերի ու քարափների երկիր է, բազմաշերտ, ծալքավոր, խորախորհուրդ։ Այդպիսին է նաեւ մեր մտածողությունը, մեր էսթետիկան, մեր հոգու կառուցվածքը։ Սա ազգային կերպի բնորոշիչներից մեկն է։ Վրացական ճարտարապետական կոթողները դիտելիս թվում է՝ ուր որ է քարը կպոկվի տեղից ու կթռչի։ Մերը՝ չէ, մերը ամուր կպած է հողին, զուսպ է, ներփակ։
-Այսօր շատ ռեժիսորներ, դերասաններ բողոքում են, որ բարձր արվեստի պահանջարկը նվազել է:
-Ամենադժվարը ներհայեցողությունն է, դու տգեղը, վատը, բացասականը որոնում ես քեզնից դուրս: «Պաղտասար ախպարը» նայելիս անարդար ու տգետ դատավորներին նույնացնում ես քո հարևանի, քո ընկերոջ, քո համագյուղացու, բայց ոչ քեզ հետ, որպեսզի ծիծաղելը ավելի հեշտ լինի: Հիմա ֆաստֆուդի ժամանակներ են, մարդիկ արագ են ապրում, իսկ արագության մեջ կորչում, լղոզվում են ամենակարևոր արժեքները:
-Մենք միշտ էլ շատ մեծ դերակատարում ենք վերապահել արվեստագետներին, նրանց համարել ենք ազգի բարոյական առաջնորդները, ցանկացել ենք, որ նրանք խոսեն ժողովրդի հետ, ասեն ճշմարտությունը:
-Արվեստագետը պիտի խոսի իր ժողովրդի հետ, բայց ոչ ամբիոնից, բայց ոչ ճառերով: Արվեստագետի լեզուն հնչյունն է, գույնը, գեղարվեստական խոսքը, արվեստագետի ասելիքը մարմնավորված է նրա ստեղծագործության մեջ: Տեսեք, ավելի մատչելի, ավելի հասկանալի ուղերձ, քան Աստծո պատվիրաններն են, չկա: Մի՛ գողացիր, մի՛ սպանիր…Բայց անգամ ամենապարզ խորհուրդները կարող են անտեսվել, եթե մարդը չի ուզում հասու լինել դրանց: Ով ականջ ունի լսելու, կլսի: Ով փակել է ականջները, կմնա անհաղորդ: Այդուհանդերձ, արվեստագետի հղումը պիտի հասցե ունենա: Բայց նա չպետք է մատնացույց անի, այլապես արվեստը կդառնա պարզունակ քարոզ:
-Պարոն Էլբակյան, եկեք հիշենք հայ բեմի երախտավոր Էդգար Էլբակյանին։ Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էր Էդգար Էլբակյանը կյանքում՝ բեմից դուրս, ի՞նչ յուրահատկություններ ուներ։ Արդյոք նույնքան վառ ու ինքնատի՞պ էր, որքան բեմի վրա։ Ի՞նչ ակունքից, արժեքներից էր սկիզբ առնում նրա կերպարը:
-Հայրս մշեցի Գեւորգ Էլբակյանի որդին էր։ Գեւորգ պապս կոտորածից փրկվել ու ապաստանել էր Լենինականի մանկատանը։ Նա եղել էր դուրգարի աշակերտ արհեստավորների քաղաքում։ Հետո բարի մարդկանց օգնությամբ գնացել էր Թիֆլիս եւ ընդունվել Ներսիսյան դպրոց։ Պապս լավ կրթություն էր ստացել։ Նա քիմիկոս էր եւ գրականագետ։ Ջավախքի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցը պապս է հիմնել։ Պապս իր ավանդն ունի նաեւ հայկական օպերայի հիմնադրման գործում։ «Մի գիշեր արթնացա, տեսնեմ՝ հայրս անհանգիստ քայլում է սենյակում,- պատմում էր Էդգար Էլբակյանը,- հարցրի՝ պա՛պ, ինչո՞ւ չես քնում, ի՞նչ ես մտածում: Ասաց` մտածում եմ՝ իմ բոլոր ընկերներին աքսորել են, ինձ ինչո՞ւ են խնայում։ Երբ հորս աքսորեցին, նա մի տեսակ հանգստացավ։ Երբ հրաժեշտ էր տալիս երեխաներին, դեմքին տարօրինակ խաղաղություն կար, ներքին անդորր»։
Էդգար Էլբակյանը բազմաթիվ առաքինությունների հետ ժառանգել էր նաեւ հոր գեղեցիկ ձայնը։ Նա երգող մարդ էր, նրա հոգին էր երգում։ Հիշում եմ՝ Զարեհ Տեր-Կարապետյանի հետ ինչպիսի ներշնչանքով էին կատարում Գալանտերյանի ռոմանսները։ Էդգար Էլբակյանի սիրտը ամբողջովին ներծծված էր բարությամբ ու սիրով։ Նա այնքան հեռու էր շահախնդրությունից ու նյութապաշտությունից։ Օգնում էր մերձավորին, օտարին, բարեկամին, թշնամուն, լավին ու վատին եւ՝ այնքան անաղմուկ, անպաճույճ, չկարեւորելով արածը։ Մենք մայրիկիս տանն էինք ապրում, բայց երբ հորս բնակարան տվեցին, նա հրաժարվեց, թե՝ թատրոնի դիմահարդարին տվեք, նա էլ տուն չունի։
Էդգար Էլբակյանը արտիստ էր էությամբ՝ վառ, հմայիչ, սրամիտ, հումորով։ Նա բացառիկ լեզվազգացողություն ուներ, անթերի խոսում էր բոլոր բարբառներով, ու դա լրացուցիչ հմայք էր հաղորդում նրա կերպարին։
Մայրս հորս սիրահարվել էր առաջին հայացքից։ Ասում էր՝ Էդգարը նման չէր ոչ մեկին, ասես ուրիշ աշխարհից եկած լիներ։ Նա հորս խնամում էր մի տեսակ մայրաբար, գորովանքով ու հոգատարությամբ։ Մայրս լեզվաբան էր ու թատրոնի սիրահար, ծնողներիս միջեւ ուժեղ հոգեկան կապ կար, փոխըմբռնում, ներդաշնակություն, մեր ընտանիքը խաղաղ էր ու սիրով լի։
Էդգար Էլբակյանը շատ զգայուն էր, նրա հոգու կառույցը շատ նուրբ էր ու փխրուն։ Եվ չդիմացավ։ Չդիմացավ… տեսնել-չխոսելու, լսել-լռելու պարտադրանքին։ Այդ լռությունը նրան քայքայեց ներսից։ Էդգար Էլբակյանը տասը տարի կռիվ տվեց անբուժելի, մահացու հիվանդության դեմ։ Այդ ի՞նչ գերբնական ուժ էր, որ ստիպում էր նրան ցավերը զսպելով՝ բեմ դուրս գալ, այդ ինչ Աստվածային սեր էր բեմի, թատրոնի հանդեպ։ «Անդրոն ու Սանդրոն» հեռուստաներկայացման նկարահանումների ժամանակ նրա վիճակը շատ վատ էր, ամեն դրվագից հետո պառկում էր, հանգստանում, ուժ հավաքում, որ կարողանա ոտքի վրա մնալ ու խաղալ հաջորդ տեսարանը։
-Դուք Էդգար Էլբակյանի միակ զավակն եք։ Հայր եւ որդի մտերի՞մ էիք, համախո՞հ էիք։ Առհասարակ, Դուք նմա՞ն եք իրար։
-Էդգար Էլբակյանը չէր ցանկանում, որ իր որդին դերասան դառնա։ Ես մեծացել եմ ազատ, առանց պարտադրանքի, հետեւելով իմ նախասիրություններին։ Ամբողջ օրը բակում էի, ծառերի վրա։ Երբ դասերս սովորում էի, գերազանց էի ստանում, բայց ավելի հաճախ չէի սովորում։ …Պատմվածքներ էի գրում, նույնիսկ պատանեկան գրական մրցանակ եմ շահել։ Մանկությանս տարիներին ես շատ քիչ եմ շփվել հորս հետ, նա առավոտ կանուխ դուրս էր գալիս տնից եւ վերադառնում էր ուշ երեկոյան։ Մինչեւ 8-րդ դասարան ես թատրոն չեմ գնացել, ներկայացում չեմ դիտել։ Բժիշկները արգելել էին։ Որովհետեւ դեռեւս նախադպրոցական տարիքից բեմում հնչող տեքստերը ծայրից ծայր անգիր էի անում ու սկսում նմանակել դերասաններին։ …Որոշված էր, որ ես բժիշկ եմ դառնալու։ Ցարական բանակի սպա, ռուս-թուրքական պատերազմի հերոս, ռազմական բժիշկ Արամայիս Մալխասյանը իմ պապն է (մորս կողմը սերում է հայտնի Խորասանովների տոհմից), եւ մեր ընտանիքում բժշկի մասնագիտությունը շատ հարգված էր։ Բայց… Մի օր դպրոցում թատրոնի տոմսեր բաժանեցին։ Քանի որ ինձ հետաքրքրող աղջիկները թատրոն էին գնալու, ես էլ չհրաժարվեցի։ Այդ օրը ես դիտեցի մի ներկայացում, որը մինչ օրս իմ տեսած լավագույն բեմադրություններից մեկն է։ Դա «Դատական գործ» ներկայացումն էր՝ Աճեմյանի բեմադրությամբ, բեմի վրա մի սքանչելի դուետ էր՝ Էդգար Էլբակյան-Գուրգեն Ջանիբեկյան։ Երեւի հենց այդ օրը ճակատագրական եղավ։
Երբ ընդունվեցի թատերական ինստիտուտ, հայրս ամիս ու կես չխոսեց հետս։ Ես ավարտեցի դերասանական բաժինը Կիմ Արզումանյանի, իսկ ռեժիսորականը՝ Մարատ Մարինոսյանի արվեստանոցում։ Առաջին անգամ հորս հետ բեմ դուրս եկա, երբ ուսանող էի։ Խորեն Աբրահամյանն ինձ հրավիրեց խաղալու «Հաջի Փայլակ» ներկայացման մեջ Հաջի Փայլակի դերը։ Այդ դերակատարումից հետո ինձ ընդունեցին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն։ Դա մեծ հաջողություն էր սկսնակ դերասանի համար։
Հայ մտավորականության՝ բանաստեղծների, գրողների, դերասանների, երաժիշտների, նկարիչների 60-ականների սերունդը բացեց փոքրիկ պատուհան դեպի լույսը, արդարությունը, բարին, գեղեցիկը։ Դեպի սերն ու գթասրտությունը… այդ պատուհանից մի հզոր ալիք, մի առինքնող, թարմ հոսանք խուժեց ներս՝ մեր սիրտը, հոգին, միտքը, օդը վարակեց վեհությամբ, տոգորեց բարձր գաղափարների, վսեմ արժեքների բարոյականությամբ։ Իմ սերունդը այդ ժամանակաշրջանի հոգեզավակն էր։ Դա անհանգիստ սերունդ էր, իր «Բրաբիոն ծաղիկը» որոնող սերունդ, առաքելությամբ աշխարհ եկած։ Դա մի սերունդ էր, որը պեղում էր կյանքը, որ հետո մարդուն վերադարձնի նրա լույսը, սերը, պոետականությունը։ Որ հուշի դեպի լույսը գնալու ճանապարհը։ Սարոյանն ասում էր՝ ես պարզ հետազոտող եմ։ Ես հետազոտում եմ կյանքը ու, երբ այնտեղ, որտեղ պիտի աղտեղություն լիներ, հանկարծ ազնվություն եմ գտնում, հասկանում եմ, որ մեր կյանքը լի է անսպառ բարությամբ։ Ի վերջո, արվեստը մեկ առաքելություն ունի՝ այս աշխարհը մի քիչ փոխել դեպի լավը։
…Զրույցը երկարեց, բայց բանակի, զինվորի մասին չխոսեցինք։
-Խոսենք։
-Հայրենիքի ու ազգի պաշտպանությունը սրբազան գործ է։ Աստված մարդուն ազատ ապրելու իրավունք է տվել, ու այդ ազատությունը պաշտպանելը Աստվածատուր օրհնություն ունի։ Զինվորը երկրի տերն է, սպան երկրի տերն է, որովհետեւ ինչ պաշտպանում ես (այն էլ կյանքի գնով) քոնն է։ Մենք պիտի սովորենք զինվորից, անձնվիրաբար պաշտպանենք մեր բաժին հայրենիքը, ասել է թե՝ մեր բաժին գործը նվիրումով անենք։
-Պարոն Էլբակյան, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան հոբելյանական տարեդարձը, մաղթում եմ առողջություն և ստեղծագործական հաջողություններ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #08 (1521) 01.03.2024 - 08.03.2024, Հոգևոր-մշակութային