ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐԻՆ ՎՍՏԱՀ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ
Կարծրատիպերը կոտրելով և իրենց ուժերին վստահ հայուհիները ընդամենը ամիսներ առաջ ծառայության են անցել զինված ուժերում՝ համալրելով կանանց հրաձգային գումարտակի շարքերը։ Ուսումնական առօրյան այստեղ հագեցած է ու հետաքրքիր։ Այդ առօրյայի կարևոր ու անբաժան մասն են կազմում գործնական վարժանքները, որոնց նպատակն է կոփել զինանձնակազմը և քայլ առ քայլ ավելի կատարելագործել նրանց մարտավարամասնագիտական հմտությունները, գործողությունների ներդաշնակումը։
Միլենա Ենոքյանը առաջին կին ժամկետային զինծառայողն է, որ մեծ ոգևորությամբ է պատմում այն՝ դեռևս կարճատև ճանապարհի մասին, որն անցել է բանակում։ Նրա պես 18-ից 27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչնեը կարող են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնել կանանց գումարտակում 6 ամիս ժամկետով, որի ավարտին կստանան 1 միլիոն դրամ պատվովճար։ Ծառայության անցնելու համար հարկավոր է պարզապես սիրել զինվորական գործը։
Տաթևիկ Հարությունյանը, Էդիտա Սարյանը ծառայում են առավելագույն պատասխանատվությամբ՝ ընդգծելով, որ կանայք կարող են ընտրել զինվորական գործը և՛ որպես մասնագիտություն, և՛ իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում։
Հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ընտրած աղջիկներն ու կանայք ջանք ու եռանդ չեն խնայում օրեցօր ավելի պատրաստված ու հմուտ դառնալու համար։ Ուստի, կանանց հրաձգային գումարտակում պարապմունքները երբեք չեն դադարում։ Այստեղ ծառայող հայուհիները անընդմեջ բարելավում են իրենց ֆիզիկական հատկանիշները, նոր հմտություններ ու որակներ ձեռք բերում, կոփվում նաև հոգեպես՝ պատվով հաղթահարելով բանակային կյանքի բոլոր դժվարությունները:
Մինչ կանանց հրաձգային գումարտակը համալրվում է, դրան զուգահեռ քայլեր են իրականացվում կանանց ծառայությունը, կենցաղն ու կեցությունը առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու նպատակով։ Զորամասում մեծ ծավալի աշխատանքներ են ընթանում, ստեղծվում են ժամանակակից պայմաններ, որոնք տեսանելի ապագայում նոր թափ են հաղորդելու զինված ուժերում կանանց ներգրավվածությանը։
Ժամկետային ծառայության ավարտից հետո ցանկության դեպքում կանայք և աղջիկները կարող են անցնել նաև պայմանագրային ծառայության՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 5 տարի ժամկետով, որի ավարտին կստանան 5 մլն դրամ պատվովճար։
Գումարտակի կին զինծառայողները վստահեցնում են, որ անընդհատ կատարելագործվելու են, ձեռք են բերելու մարտավարամասնագիտական հմտություններ և լինելու են բանակի ու հայ զորականի կողքին, աջակցելու ու սատար են լինելու նոր զորակոչվող համազգեստ կրելու ցանկություն ունեցող բոլոր կանանց:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #08 (1521) 01.03.2024 - 08.03.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում