Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱԶԳԻ ԿԱՆԱՅՔ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ



ՀԱՅԱԶԳԻ ԿԱՆԱՅՔ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄՃակատագրի բերումով հայ ժողովրդի զավակները ցիրուցան են եղել աշխարհի տարբեր անկյուններում, եւ տարագիր դարձած մեր հայրենակիցներն իրենց լուման ու ավանդն են ունեցել ապաստանած երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում։

Նրանց շարքերում քիչ չէին նաեւ իգական սեռի ներկայացուցիչները։

ԱՄՆ ռազմարդյունաբերության ոլորտում ունեցած ներդրման շնորհիվ Աննա Կազանջյան-Լոնգոբարդոյի անունն ընդգրկված է Նյու Յորքի «100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում։

Կազանջյան-Լոնգոբարդոն «Saturn» հրթիռային նավիգացիոն համակարգի, «Viking» տիեզերական նախագծի, «Avangard» հեռահաղորդակցության համակարգի մշակողներից մեկն է։

Աննա Կազանջյանը ծնվել է 1928 թվականին Նյու Յորքում, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում։

Աննային ձգում էր գիտության ոլորտը, հետաքրքրված էր անալոգային ու թվային համակարգչային հավելվածներով և հետագայում զգալի ներդրում ունեցավ տիեզերագնացության տեխնիկայի ոլորտում։ Նա համարվում է առաջին կանանցից մեկը, որ աշխատել է ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավերի, կործանիչների և այլ նավերի վրա։

Կազանջյանը զբաղվել է Պենտագոնի համար ստեղծված «Ատլաս» տեսակի բալիստիկ համակարգերի թռիչքի հաշվարկման աշխատանքներով:

1957 թ. Աննա Կազանջյանը մշակեց հատուկ սկզբունքներ, որոնք հնարավորություն էին տալիս թիրախին հարված հասցնել 10 հազար մղոն հեռավորության վրա: Նրա հաշվարկները զետեղվեցին գերգաղտնի հավաքածուում, որը հասանելի է եղել միայն երկրի բարձրագույն պաշտոնյաներին:

Կազանջյան-Լոնգոբարդոն աշխարհի մոտ 100 վայրում եղել է բարդ ռազմական և եղանակային ռադիոտեղորոշիչ համակարգերի կազմակերպման պատասխանատուն։

-Ես փորձում եմ իմ երեխաներին և թոռներին զգացնել տալ, որ իրենք կարող են. իրենց ունակությունների շրջանակում պետք է ջանասիրաբար աշխատեն, քանի որ աշխարհը մի մարգարտախեցի է, որը բացել է պետք։ Կարծում եմ՝ նման մոտեցումը տվել է իր արդյունքը…

Աննա Կազանջյան-Լոնգոբարդոն մահացել է Նյու Յորքում 2020 թվականի դեկտեմբերին:

***

ՀԱՅԱԶԳԻ ԿԱՆԱՅՔ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄԱննա Տեր-Վարդանյանն էլ առաջին կինն է Միացյալ Նահանգներում, որ արժանացել է Գերագույն գլխավոր ավագի (Master Chief Petty Officer)՝ ԱՄՆ ռազմածովային ուժերում զինծառայողների համար հնարավոր բարձրագույն կոչմանը։

Աննա Տեր-Վարդանյանը ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 6-ին, Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, հայ գաղթականների ընտանիքում:

Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց կարճ ժամանակ անց Տեր-Վարդանյանը «Կանայք՝ արտակարգ իրավիճակների կամավորական ծառայության համար» (WAVES) ծրագրով զինվորագրվում է երկրի ռազմածովային ուժերին։

Տեր-Վարդանյաններն ընտանիքով էին ներգրավված ռազմական գործում. քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում էր ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում էր, մայրը ծառայում է Կարմիր խաչում:

Շուտով Տեր-Վարդանյանը ծառայության է անցնում Սան Ֆրանցիսկոյի ռազմածովային կայանում, որտեղ էլ արժանանում է E-7 կոչմանը՝ նավատորմի ղեկավար, այդուհետ աշխատանքի է անցնում Նյու Ջերսիում տեղակայված պարաշյուտիստների աերոգրաֆների դպրոցի աշխատակազմում եւ բարեխիղճ ծառայության շնորհիվ արժանանում E-8 կոչման՝ նավատորմի ավագ ղեկավար, և տեղափոխվում է  Բոստոնի հանրային տեղեկատվական գրասենյակ:

Գերագույն գլխավոր ավագ կոչումն Աննա Տեր-Վարդանյանն ստացել է 1959 թվականին Նյուփորթի ռազմածովային քոլեջում։

Պաշտոնի բարձրացումից հետո Տեր-Վարդանյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում (Փարիզ) ԱՄՆ Ազգային ռազմական ներկայացուցչի պաշտոնում: Այդ պաշտոնում նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին:

Ռազմածովային ուժերում իր ծառայության ավարտից հետո (1963 թ.) Աննա Տեր-Վարդանյանը տեղափոխվել է Կենտրոնական հետախուզական վարչություն: Վարչությունում կատարած ծառայությունների մանրամասները մինչ այսօր գաղտնի են պահվում:

Զինվորական ծառայության 20 տարիների ընթացքում Տեր-Վարդանյանը ծառայել է գրեթե ողջ ԱՄՆ-ում: Նա գերազանց տիրապետել է անգլերենին, հայերենին, ֆրանսերենին և որոշ չափով գիտեր իսպաներեն ու գերմաներեն:

Աննա Տեր-Վարդանյանը կյանքի ընթացքում շատ է ճանապարհորդել. պաշտոնական այցեր է կատարել աշխարհի տարբեր երկրներ, ու չնայած Հայաստանում լինելու մեծ ցանկությանը` նրան այդպես էլ չի հաջողվել այցելել իր նախնիների հայրենիք:

Մահացել է 2011 թվականի օգոստոսի 4-ին՝ 90 տարեկան հասակում, հուղարկավորվել Արլինգտոնի ազգային գերեզմանատանը:

ԱՄՆ պատմության մեջ նրա անունն ասոցացվում է որպես Միացյալ Նահանգների զինված ուժերում կանանց մուտքի համար ճանապարհ հարթողի։

***

ՀԱՅԱԶԳԻ ԿԱՆԱՅՔ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ-Ամերիկյան զինված ուժերում քչերը կային, որ Սյու Սարաֆյան Ջելի պես քաջատեղյակ էին հրամանատար Դվայթ Էյզենհաուերի խոհերին ու տրամադրությանը,- այսպես են բնութագրում մեկ այլ հայուհու՝ Սյու (Սյուզան) Սարաֆյանին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սյու Սարաֆյանը Միացյալ ուժերի գերագույն հրամանատար Դվայթ Էյզենհաուերի երեք օգնականներից մեկն էր:

Ծնվել է 1917 թ. Մասաչուսեթսում, Խարբերդից ներգաղթած հայազգի ծնողների ընտանիքում, մեծացել Դետրոյթ քաղաքում։

Սյու Սարաֆյանը շքանշանակիր սպա էր, Կանանց օժանդակ բանակային կորպուսի անդամ, մասնակցել է Էյզենհաուերի նախաձեռնությանը՝ ուղղված զինված ուժերում կանանց ծառայելու կարողությունն ապացուցելուն եւ անձամբ զգալի դերակատարում է ունեցել դեպի զինված ուժեր կանանց ուղին հարթելու գործում։

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #09 (1522) 08.03.2024 - 15.03.2024, Ճակատագրեր


18/03/2024