Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ



Հնդկական բանակի հայ գնդապետները

Հնդկաստանի հայ գաղթօջախն այդ երկրին տվել է ոչ միայն հիանալի վաճառականական խավ, հմուտ նավապետներ, նշանավոր իրավաբաններ, այլեւ երեւելի զինվորականներ, որոնք քաջաբար մարտնչել են հնդիկ ժողովրդի ազատության ու անկախության համար։

Նշենք երեքին, երեքն էլ՝ գնդապետներ։

19¬րդ դարում հնդկահայ զինվորականներից ամենանշանավորը, անշուշտ, Հակոբ Պետրոսյանն էր։ Ճակատագրի բերումով ընկնելով հեռավոր երկիր, նա թողնում է վաճառականությունը, անցնում զինվորական ծառայության եւ հավատարմորեն ծառայում ռաջայական իշխանությանը։ Գնդապետի աստիճան ստանում է 1780 թվականին։ Նրա հրամանատարությամբ գործել է 12 հետեւակային եւ 4 հեծելազորային գունդ՝ 150 հրետանիով։ Դա մի ամբողջ բանակ էր, ինչը վկայում է նրա հանդեպ հնդիկների տածած մեծ վստահության մասին։ Շատ կարեւոր է, որ նա բոլորի կողմից ընդունվում եւ ճանաչվում էր որպես հայ։ Նրա բանակում նույնիսկ հայկական ջոկատ է եղել։ Հետագա ժամանակներում էլ Հակոբ Պետրոսյանի զորավարական տաղանդի մասին գովեստով են խոսել հնդիկ բարձրաստիճան զինվորականները, բարձր գնահատել նրա ծառայությունները Հնդկաստանին։

Հակոբ Պետրոսյան զորավարը հատկապես փայլեց 1840-ական թվականների սկզբին, երբ հնդիկ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ անգլիական գաղութարարների թեւակոխել էր վճռական փուլ։ Այդ ժամանակ հայազգի զորականն արդեն 78 տարեկան էր…

Հոր ճանապարհով գնաց Հակոբ Պետրոսյանի որդին՝ Հովհաննեսը։ Նրան էլ շնորհվեց գնդապետի աստիճան՝ որպես մարտական վաստակի արժանի գնահատական։ Ցավոք, Հովհաննեսի զինվորական աստղը շուտ մարեց. 1850 թվականին նա դավադրության զոհ գնաց…Հնդկական բանակում մեկ այլ գնդապետ էլ է եղել՝ Մովսես Մանուկը։ Նա զինվորական բարձր պաշտոն է ունեցել՝ Հայդարաբադի զորքերի հրամանատար։ Հայ բարձրաստիճան զորավարը հատկապես աչքի է ընկել 1837-1851 թթ. Հայդարաբադի մարտերում։

Բարձր զինվորական դիրքեր գրավելով հնդկական բանակում, հայ գնդապետներն այդպես էլ չմոռացան իրենց հայությունը։ Նրանք հայ համայնքի պարծանքն էին…

 

Հայոց հակինթները

Հետաքրքիր պատմություն կա՝ կապված այն երեք դրվագազարդ հակինթե քարերի հետ, որոնք պատրաստել է հայ անանուն վարպետը սրանից 16 դար առաջ։ Դրանք երեքն էլ նույնն են չափսերով ու պատկերներով, ուստի բավարարվենք մեկի նկարագրությամբ։

Հակինթե քարը կարմիր է, միակտոր, 16 սմ երկարությամբ եւ 11,5 սմ լայնությամբ։ Քարի վրա մեծ վարպետությամբ փորագրված են բյուզանդական Կոստանդին թագավորի եւ Հեղինե թագուհու դիմապատկերները։ Երկուսն էլ նայում են իրար, իսկ կենտրոնում թռչող հրեշտակն է, որի ձեռքին սկիհ կա։ Քանդականկարի ներքեւի մասում պատկերված են հրեշտակի փետուրներ։

Ինչպես ասացինք, վարպետն այս հակինթե քանդականկարից պատրաստել է երեք հատ։ Դրանցից մեկի լուսանկարը գտնվել է Երզնկայի հայոց թեմական առաջնորդի մոտ, որը սիրահոժար այն հանձնել է ազգագրագետ, բանասեր Թեոդիկին՝ զետեղելու իր «Ամենուն տարեցույցում»։ Թեոդիկն իր տարեցույցում վերապատմում է այդ երեք քարերի հետ կապված պատմությունը։

Առաջին քարը, բնականաբար, հանձնվել է Կոստանդին թագավորին։ Թե հետո ինչ ճակատագիր է ունեցել այն՝ հայտնի չէ։

Երկրորդ քարն ընկել է Հռոմի կայսրերից մեկի ձեռքը, հետագայում հայտնվել քաղաքի թանգարանում։ Ըստ տեղեկությունների՝ այն այսօր էլ գտնվում է այնտեղ։

Երրորդ քարը պատկանել է Տրդատ թագավորին։ Ինչ-ինչ ճանապարհներով այն հայտնվել է Քեմախի Սուրբ Առաքելոց վանքում եւ պահվել գուրգուրանքով։ Այդ գեղեցիկ քարին վերագրվել է բուժիչ հատկություն, եւ անհրաժեշտության ժամանակ այն հանել են գաղտնարանից՝ ամոքելու հավատացյալների ցավերը։ Քարն այդպես էլ կոչվել է՝ «Համաբույժ դեղթափ»։ Վանքում այն պահվել է մինչեւ 1915 թվականը, բայց հետո ինչ է եղել, ում ձեռքն է ընկել՝ հայտնի չէ։

16 դարի հնություն ունեցող այդ թանկագին մասունքին շատ հնագետներ, ճանապարհորդներ, պարզապես մեծահարուստներ են ցանկացել տիրանալ՝ մեծ գումարներ խոստանալով, բայց հայոց եկեղեցին պահել¬պահպանել է այն։ Հետո, հավանաբար, այդ մեծարժեք քարը, որն արվեստի հիասքանչ գործ է եղել, կուլ է գնացել եղեռնի ավերածություններին։

 

Վարդան Օսիկյանի գյուտը

Հանրագիտարաններում, պատմական գրականության մեջ վավերացված է այն փաստը, որ ԱՄՆ¬ում շերամապահության արմատավորման ու զարգացման ակունքների մոտ կանգնած են եղել հայ շերամաբույծներ, որոնք Վիրջինիայի նահանգապետի կողմից հատուկ հրավիրվել են այդտեղ՝ օգնելու ամերիկացիներին։

Բայց, պարզվում է, հայերի ավանդն ամերիկյան շերամապահության մեջ դրանով չի ավարտվել։ 20¬րդ դարի սկզբներին Նոր Օռլեանում առաջին անգամ բնական գունավոր մետաքս է ստացել հայազգի դոկտոր Վարդան Օսիկյանը։ Գիտական փորձերը տեւել են ավելի քան տասը տարի եւ պսակվել հաջողությամբ։ Վարդան Օսիկյանի կողմից առանց ներկի կամ քիմիական բաղադրության գունավոր բնական մետաքսի ստացումը ճանաչվել է որպես գյուտ եւ փառք ու հարստություն բերել գիտնականին։

Անշուշտ, ամեն ինչ հարթ չի անցել։ ԱՄՆ¬ի առեւտրական տեսչությունը կատարել է մանրազնին ուսումնասիրություններ՝ հավաստելու գյուտի վավերականությունը։ Զեկուցագրում նշվել է, որ, իրոք, Օսիկյանի կողմից գունավոր մետաքսն ստացվել է բնական ճանապարհով՝ շերամի կերի քանակի եւ որակի միջոցով։

ԱՄՆ կառավարությունը հետաքրքրվեց հայ գիտնականի գյուտով։ Ամերիկյան մետաքսագործությանն սպասվում էր նոր հեռանկարներ։

 

Իշխանուհին՝ արհեստագործ

13¬րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմության» մեջ վկայում է, որ 1196 թվականին Գետիկի նորակառույց վանքին (ներկայիս Տավուշի մարզում, Դիլիջանի մոտ) վարագույր է նվիրել Հաթերքի իշխանուհին, որ հենց ինքն էլ գործել էր դուստրերի հետ։ Գանձակեցին այսպես է նկարագրում այդ գործը. «Իր աղջիկների հետ գործեց գեղեցիկ վարագույր սուրբ խորանի համար, այծի փափկագույն մազերից, գույնզգույն ներկված եւ քանդակակերպ գործված, վրան ճշտորեն պատկերված Փրկիչը եւ այլ սրբեր, որը հիացմունք էր պատճառում տեսնողներին»։

 

Հոնկոնգի նշանավոր հայերը

ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ

Առաջին հայերը Հոնկոնգում հայտնվել են 17¬րդ դարում, իսկ արդեն 18¬րդ դարի կեսերին այստեղ կազմակերպված հայկական գաղթօջախ կար իր բազմաթիվ ընկերություններով՝ «Սեթյան», «Աբգարյան», «Աղաբեկյան» եւ այլն։ Ժամանակին Հոնկոնգի համալսարանի ռեկտոր Հինդեյ Ռայտը գրել է. «Ես իմ հետազոտությունների ընթացքում հանդիպել եմ հայերի, որոնք այստեղ են եկել ավելի վաղ, քան պորտուգալացիները»։ Ուրեմն, հայերը Հոնկոնգը «նվաճել են» ավելի շուտ, քան եվրոպական գաղութարարները։

Հոնկոնգի, ինչպես նաեւ Մակաո կղզիների հայության մասին հիանալի տողեր է թողել եկեղեցական քարոզիչ Ժակ Բրաունը. «Հայերը ճարտար են, արթնամիտ, հանդուգն եւ ժրաջան»։

Բրաունն այսպես ասելու իրավունք ուներ լիարժեքորեն։ Հոնկոնգի հայերն ունեին իրենց նշանավոր գործիչները, որոնք դեր էին խաղում կղզու կյանքում, նպաստում նրա տնտեսական զարգացմանը։

Վկայակոչենք երկու օրինակ։

18¬րդ դարի վերջերից սկսած` Հոնկոնգն աստիճանաբար դառնում էր միջազգային առեւտրի խոշոր կենտրոն, լայն կապեր հաստատում եվրոպական խոշոր քաղաքների հետ, իսկ ահա ժամանակակից նավահանգիստ չուներ։ Թիֆլիսում լույս տեսնող «Նոր դար» հանդեսը ¥1884 թ.¤ բերում է մի հետաքրքիր փաստ. Հոնկոնգի նավահանգիստն իր 11 մթերանոցներով կառուցել է տեղի հայ գործարար Պոլ Չաթըրը։ Եվ ոչ միայն իր դրամով, այլեւ իր իսկ ծրագրով, ինչը վկայում է այդ հայ մարդու ընդունակությունների, խելքի մասին։

Ուշագրավ մեկ այլ փաստ բերում է Կ. Պոլսում լույս տեսնող «Արեւելք» հանդեսը ¥1879 թ.¤։ Հոնկոնգ կղզին իր աննախադեպ զարգացմանը զուգընթաց` զգում էր «ցամաքի կարիք», եւ փայլատակեց տեղի հայ մեծահարուստ Խաչիկ Աստվածատրյանի միտքը։ Նա էր, որ առաջին անգամ առաջ քաշեց ծովից «ցամաք նվաճելու» գաղափարը։ Դա ծովի հաշվին Հոնկոնգի նավահանգիստն ընդլայնելու գաղափարն էր։ Հանդեսը գրում է, որ Խաչիկ Աստվածատրյանի առաջարկը ժամանակակիցները համարել են «… դարուս մեջ հղացած ամենեն հանդուգն, ամենեն համարձակ, ամենեն ընդարձակ, ամենեն հանճարեղ ծրագիրներեն մեկը»։

Խաչիկ Աստվածատրյանը մեծ բարերար է եղել։ Նրա օժանդակությամբ է կառուցվել Հոնկոնգի համալսարանի շենքը, բազմաթիվ այլ շինություններ։ Ազգասեր հայը չի մոռացել իր հայրենակիցներին՝ Հոնկոնգի հայ համայնքը մշտապես վայելել է նրա օգնությունն ու աջակցությունը։

Հայ բարերարի ծառայությունները չեն մոռացվել։ Ինչպես վկայում է պատմաբան Ա. Աբրահամյանը, այսօր էլ Խաչիկ Աստվածատրյանի անունով Հոնկոնգում կա երկու փողոց, մեկը՝ «Աստվածատրյան», մյուսը՝ «Խաչիկ»։

 

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #09 (1522) 08.03.2024 - 15.03.2024, Հոգևոր-մշակութային


18/03/2024