Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐԸ



ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐԸԱրևով ողողված, արևոտ քարով կառուցված տաճար։ Ահա այսպես են ճարտարապետները բնութագրում Ախուրյան գետի ձախ ափին, Անիպեմզա գյուղի մոտ գտնվող հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Երերույքի տաճարը, որ հիմնվել է IV-V դարերում։ Տաճարը կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։

Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Նիկողայոս Մառը իր աշխատության մեջ անդրադառնում է տաճարին ու նրա անվանմանը, նշելով, որ տվյալ վայրում եղել են վայրի այծեր՝ երեներ, որ զոհ են մատուցել։ Իսկ ըստ ժողովրդական ստուգաբանության՝ տաճարի անվանումն առաջացել է սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից նայողին թվացել է, թե կառույցը երերում է։ Մեկ այլ կարծիքի համաձայն՝ անունն ստացել է պատմական Շիրակ գավառի գյուղերից մեկի՝ Երերուց գյուղի անունից։ «…եւ որպէս երեւի յարձանագրութենէ անտի՝ կոչէր յառաջագոյն անուն տեղւոյս Երերվաց դաստակ»։

Քրիստոնեության ընդունման և տարածման ժամանակաշրջանում (IV դ.) հեթանոսական տաճարները հիմնականում վեր էին ածվում քրիստոնեական տաճարների՝ հարմարեցնելով նոր գաղափարախոսության պահանջներին։ Ահա այսպես Երերույքի տաճարը, որ ըստ ականավոր ճարտարապետների՝ եղել է հեթանոսական տաճար, վեր է ածվում քրիստոնեական վեհաշուք տաճարի՝ պահպանելով հնագույն զարդանախշային մանրամասները։

Երերույքի տաճարը զարգացման է հասել քրիստոնեության արշալույսին՝ IV-V դարերում, սակայն հետագայում ևս՝ Անի մայրաքաղաքի ծաղկման շրջանում (X-XI դարերում, նաև ավելի ուշ՝ XIII դարում) նույնպես գործունեություն է ծավալել հայ հասարակական և հոգևոր-մշակութային կյանքում։

Երերույքի տաճարը վաղ քրիստոնեական կառույցներից ամենամեծն է։ Տաճարի մասին գրավոր աղբյուրները շատ սակավ են։ Մուտքերից մեկի ձախ կողմում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ XI դարում Բագրատունյաց Հովհաննես-Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգության համար։

Ըստ նշանավոր հայ ճարտարապետ Թորոս Թորամանյանի նկարագրության՝ տաճարի պատերին պարզորոշ նկատելի են զանազան դարաշրջանների վերանորոգությունների հետքերը, տարբեր ժամանակների վերակառուցումները։

Երերույքը գտնվում է մի մեծ ճարտարապետական հուշարձանների համալիրի կազմում, որտեղ բացի տաճարից, կան նաև բազմաթիվ այլ կառույցներ։ 2011 թ. կատարված պեղումների ժամանակ հնագետները նկատել են վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ։ Տաճարի շուրջ փռված է մի ընդարձակ դամբարանադաշտ, որտեղ 7-8 պատվանդաններ կան, որոնց վրա հավանաբար եղել են բարձր հուշարձաններ՝ սյան կամ կոթողի ձևով, այսինքն՝ ամեն մի պատվանդանի վրա պետք է պատկերացնել խորանարդ հիմքով քառակող մի կոթող կամ ութանիստ մի սյուն, նրա վրա ևս մի խոյակ՝ ծայրին քարե նախշ։ Հնագետները դեռևս վերջնական պատասխան չեն տվել, թե դրանք ինչի համար են կանգնեցվել՝ արդյոք մահարձաններ են, թե խորհրդանշական սյուներ են։ Հայտնի չէ նաև դամբարանադաշտի ու բազիլիկի ժամանակագրական ու գործառութային կապը։

ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐԸԴատելով շարվածքից ու քարերի դասավորությունից, ենթադրվում է, որ Երերույքի տաճարի շուրջ փռված գերեզմանները իշխանավորների կամ նշանավոր ռազմական գործիչների տապաններ են։ Տարածքում հայտնաբերվել են նաև նորածինների բազմաթիվ գերեզմաններ։ Նորածինների զանգվածային թաղումները ենթադրում են, որ այն կապված է ինչ-որ աղետի կամ համաճարակի հետ։ Երերույքի տաճարը նվիրված է Սուրբ Հովհաննես Մկրտչին, և  քանի որ Հովհաննես Մկրտիչը եղել է քրիստոնեության մեջ առաջին մկրտիչը, գուցե մարդկանց մեջ պատկերացում է ձևավորվել, որ այստեղ կարելի է թաղել նորածին երեխաների, որոնք դեռ մկրտված չեն։ Երերույքի տաճարի շուրջ փռված թե՛ մեծահասակների և թե՛ նորածին մանուկների գերեզմանները ուսումնասիրողներին հարուստ նյութ են տվել պատկերացում կազմելու թաղման հայկական ծեսերի մասին։

X դարի արձանագրության համաձայն՝ Երերույքի տաճարը կոչվել է Սուրբ Կարապետի վկայարան, իսկ ուշ միջնադարում այն դարձել է վանք-եկեղեցի՝ Սուրբ Երրորդություն անունով։

Հայկական դասական ճարտարապետության և կառուցողական արվեստի նվաճումներից է Երերույքի տաճարը։ Այն հսկա բազիլիկ է՝ կառուցված աստիճանաձև հիմքի վրա։ Իր արժանիքներով այն զարգացած միջնադարի մեզ հասած հիմնասյուներից է։ Տաճարի նշանակությունը շատ ավելի մեծ է նրա կատարած պաշտամունքային դերից։  Ճարտարապետական հարդարանքը նուրբ է ու նրբագեղ, իսկ որոշ կառուցողական մանրամասներ ելակետային են դարձել հետագա դարերի հայ ճարտարապետության համար։ Տաճարի ներսում պահպանվել են որմնանկարչության հետքեր։

Մոտակայքում գտնվող Անի մայրաքաղաքի և ոչ մի եկեղեցի, նույնիսկ Մայր տաճարը իր մեծությամբ մի քանի անգամ փոքր է Երերույքից։ Թորոս Թորամանյանը Երերույքը համեմատում է Տեկորի տաճարի հետ, որ գտնվում է Երերույքից քիչ հեռու՝ Ախուրյան գետի աջ ափին, և որն այժմ ամբողջովին ավերակ է։

1995 թ. Երերույքի տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում, որտեղ ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները։

2020 թ. նոյեմբերի 30-ին «Հայփոստը» շրջանառության մեջ է դնում երեք նամականիշներ՝ նվիրված «Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային։ Նամականիշներից մեկը՝ 350 անվանական արժեքով, նվիրված է Երերույքի տաճարին։ Ֆրանսիական «Cartor» տպագրատանը 10000 տպաքանակով թողարկված նամականիշի վաճառքից գոյացած հասույթը ուղղվելու է Հայաստանի վտանգված պատմամշակութային հուշարձանների, մասնավորապես՝ Երերույքի տաճարի վերականգնմանն ու պահպանմանը։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #09 (1522) 08.03.2024 - 15.03.2024, Հոգևոր-մշակութային


18/03/2024