Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԿԱՆԱՅՔ



ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԿԱՆԱՅՔԶինծառայող կանայք աչքի են ընկնում առաջին հերթին իրենց պատրաստակամությամբ, համբերատարությամբ, վճռականությամբ… Ծառայակից կանանց բնորոշելիս հատկապես այս հատկանիշներն են առանձնացնում հենց իրենք՝ տղամարդիկ։ Եվ երևի թե պատահական չէ, որ հատկապես զինվորական տղամարդիկ նախընտրում են ծառայել զինվորական կանանց կողքին։ Եվ շատ հաճախ ծառայողական հարաբերությունների արդյունքում ընտանիքներ են ծնվում։

Մերին ամուսնուն զորամասում է հանդիպել, ծառայողական գործընկերներ են եղել, ապա՝ ամուսիններ։ Մի քանի անգամ միասին մարտական գործողությունների են մասնակցել: Ամուսինը վիրավորում ստանալուց հետո առողջական խնդիրների պատճառով զորացրվել է, այլ ոլորտում է փորձում օգտակար լինել հայրենիքին: Մերին կշարունակի ծառայել երկուսի փոխարեն՝ նշելով, որ ծառայությունն իր ընտրած ճանապարհն է, ու այլ տեղ իրեն չի պատկերացնում:

Անուշն էլ հետևել է ամուսնու օրինակին։ Ընտանիք է կազմել տղամարդու հետ, որը երդվել էր ամբողջ կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանության գործին։ Զինվորականի կին լինելը մեծ հպարտություն է, բայց և շատ ծանր հոգս: Սկզբում դժվար է, բայց այս պարագայում ինքն էլ ժամանակի հետ սիրեց համազգեստը, ու երբ երեխաներն արդեն քիչ թե շատ ինքնուրույն դարձան, որոշեց միանալ ամուսնուն։ Մարտական խնդիր կատարելիս Անուշի ամուսինն էլ վիրավորվել է, ցավոք, զինված ուժերում ծառայությունը շարունակելն անհնար է դարձել: Այժմ հանրակրթական դպրոցներից մեկում նախնական զինվորական պատրաստություն է դասավանդում, իսկ Անուշն ինքն իրեն խոստացել է՝ կմնա հայրենիքի երդվյալ զինվոր այնքան ժամանակ, որքան որ հայրենիքն իր կարիքը կունենա։

Մարիամը խոստովանում է՝ ընտանիքում զարմացել են, երբ տեղեկացրել է զինվորական ծառայության անցնելու որոշման մասին։ Երեք անչափահաս երեխաների մայր լինելն անգամ երբևէ չի խանգարել ծառայությանը: Վստահեցնում է՝ երբ ցանկությունը մեծ է, ամեն բան հնարավոր է դառնում, իսկ զինվորական ծառայության մասին իր պատկերացումները վերաիմաստավորվեցին առաջին իսկ մարտական հերթափոխի ընթացքում։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #09 (1522) 08.03.2024 - 15.03.2024, Ազգային բանակ


18/03/2024