Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉԱՏՈՒՐ ՏԵՐ-ՍԵՐՈԲՅԱՆ. ԴՈԼԱՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՒՅՆԻ ՀԵՂԻՆԱԿԸ



ԽԱՉԱՏՈՒՐ ՏԵՐ-ՍԵՐՈԲՅԱՆ. ԴՈԼԱՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՒՅՆԻ ՀԵՂԻՆԱԿԸՀայերը պատմական տարբեր իրադարձությունների հետևանքով սփռվելով աշխարհով մեկ, մշտապես ուժ են գտել վերածնվելու, արարելու և իրենց ավանդը ներդնելու գրեթե բոլոր ոլորտներում։ Ապրելով օտար երկրներում և ստեղծելով համամարդկային արժեքներ, նրանք երբեք չեն մոռացել իրենց արմատների և ինքնության մասին։ Եվ որքան էլ տարօրինակ է, նրանցից շատերին ճանաչում են միայն մասնագիտական շրջանակներում։ Ահա այդպիսի քիչ հայտնի հայերից մեկի մասին էլ ուզում ենք պատմել «Հայ զինվորի» ընթերցողներին։

Դոլարային թղթադրամները բավականին դիմացկուն ու երկարակյաց են, բայց այդքանով հանդերձ յուրաքանչյուրն ունի իր պիտանելության ժամկետը։ Օրինակ՝ 1 դոլարը ծառայում է 22 ամիս, 5 դոլարը՝ 24 ամիս, 10 դոլարը՝ 18 ամիս, իսկ 100 դոլարանոց թղթադրամը շրջանառության մեջ կարող է լինել շուրջ 5 տարի, և այդպես շարունակ։ Հետաքրքիր է նաև դոլարի բաղադրությունը. այն 20 տոկոսով վուշի թելից է, իսկ 75 տոկոսով՝ բամբակից։ Իսկ դոլարի գույնի, նրա ներկանյութի բաղադրության մասին ոչինչ հայտնի չէ։ Այս քիմիական միացությունն այնքան եզակի է, որ մինչ օրս չեն կարողանում գտնել դրա բաղադրությունը։ Դոլարը կեղծելը բավականին դժվար է՝ իր կանաչ գույնի պատճառով։ Ամերիկյան դոլարի կանաչ գույնն ստեղծել է հայազգի Խաչատուր (Քրիստափոր) Տեր-Սերոբյանը 1854 թվականին։

Իսկ ով է Խաչատուր Տեր-Սերոբյանը։ Նա 1825 թ. Կոստանդնուպոլսում ծնված հայ երիտասարդ էր, որ 1842 թվականին մեկնում է ԱՄՆ՝ ընդունվում հանրահռչակ Եյլի համալսարանը, որտեղ ուսանում է բժշկագիտություն, քիմիա և աստվածաբանություն։ (Եյլի համալսարանը հիմնադրվել է 1701 թ. և կոչվում է բրիտանացի բարեգործ Էլի Եյլի անունով։ Համալսարանն ԱՄՆ-ի երրորդ ամենահին բուհն է, որ Հարվարդի և Փրինսթոնի համալսարանների հետ կազմում է ամերիկյան համալսարանների այսպես կոչված «մեծ եռյակը»)։  1843 թվականին Խաչատուրը բազմաթիվ քիմիական փորձարկումներից հետո, խիստ հսկվող լաբորատորիայում, ստանում է այն կանաչ գույնը, ներկի յուրօրինակ բաղադրությունը, որն անհնար էր կեղծել։ Իր կատարած գյուտը նա արտոնագրում է 1854 թվականին, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, արտոնագրի մասին ամբողջ տեղեկատվությունը մինչ օրս պահվում է հույժ գաղտնի։

ԽԱՉԱՏՈՒՐ ՏԵՐ-ՍԵՐՈԲՅԱՆ. ԴՈԼԱՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՒՅՆԻ ՀԵՂԻՆԱԿԸԻր հայտնագործության համար Խաչատուր Տեր-Սերոբյանն արժանանում է ԱՄՆ կառավարության շքանշանի, ինչպես նաև իր իսկ ստեղծած ներկերով տպագրված նոր տեսակի 6000 դոլար պարգևավճարի, որն այդ տարիների համար հսկայական գումար էր։ Որպես պարգև ստացած գումարով նա շարունակում է ուսումնառությունը Եյլի համալսարանում և հաջողությամբ ավարտում այն՝ ստանալով դեղագործ-դեղագետի որակավորում։

Մինչև 1854 թվականը աշխարհում ավելի շատ կեղծ դոլար կար, քան Նյու Յորքի կենտրոնական բանկում պետական թղթադրամ։ Մեր հայրենակցի հայտնագործությունից հետո դոլարը դառնում է անձեռնմխելի, իսկ Խաչատուր Տեր-Սերոբյանը դառնում է այն եզակի հայը, որի գործը մինչև այսօր պահվում է ամենագաղտնի թղթապանակով, գաղտնի կնիքի տակ։

Խաչատուր Տեր-Սերոբյանի հայտնագործությունը պահպանելու համար, որը կայունացնում է ԱՄՆ-ի տնտեսությունը և ապահով դարձնում դոլարի կշիռը, հսկում են Դաշնային բյուրոն և Կենտրոնական հետախուզական վարչությունը։

1860 թվականին Խաչատուր Տեր-Սերոբյանը վերադառնում է Կոստանդնուպոլիս և ստանձնում արքունի բժշկի անչափ հեղինակավոր աշխատանքը։ Երկար տարիներ աշխատելով Օսմանյան կայսրության արքունիքում՝ Խաչատուրը մեծ հեղինակություն է ձեռք բերում, պարգևատրվում է նաև Մեջիդիե շքանշանով։ Այս պարգևը շնորհվում էր կայսրության հպատակներին՝ քաղաքացիական վաստակի և ռազմական հզորության համար։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ  ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #10 (1523) 15.03.2024 - 22.03.2024, Պատմության էջերից


25/03/2024