Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎԱՐԱՆ ԳՆԱ ՔՈ ԸՆՏՐԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ



ԱՆՎԱՐԱՆ ԳՆԱ ՔՈ ԸՆՏՐԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎԿապիտան Մակյանն արդեն մի քանի տարի ծառայում է զինված ուժերում, ուսումնական զորամասերից մեկի երկրորդ վաշտի երրորդ դասակի հրամանատարն է, պատրաստում է հրաձգային ջոկի հրամանատարների, որոնք ապագայում պետք է դառնան դիրքի ավագներ:

-Տարիներ առաջ քաղաքացիական հաստիքով աշխատելով զորամասում, հասկացա, որ զինվորական ծառայությունն ինձ հոգեհարազատ է, սեր կա զինվորական ծառայության հանդեպ, որոշեցի ես էլ դառնամ հրամանատար, ես էլ ուսուցանեմ և սկսեցի մտածել այդ ուղղությամբ,- այսպես սկսվեց զրույցը Մարիի հետ:

Մարին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, որտեղ մեկամյա դասընթաց անցնելուց հետո նշանակվում է դասակի հրամանատար:

-Գիտեմ՝ ինչ է սահման պահելը, գիտեմ՝ ինչ դժվար աշխատանք է  զինվորականների աշխատանքը, և սահմանամերձ բնակավայրում ապրելով, դու էլ ես ուզում մի բան անել քո հայրենիքի համար, մի բանով պիտանի լինել հայրենիքիդ,- ասում է Մարին:

Անկասկած, խոչընդոտներ նաև իր ճանապարհին են եղել, երբ սկզբնական շրջանում պետք է ապացուցեր, որ ինքն էլ տղաներին հավասար կարող է պատվով ծառայել հայրենիքին:

-Դժվարություններ միանշանակ եղել են: Երբ դու նոր մտնում ես զորամաս, ու տասնութ տարեկան տղաները քեզ պետք է ենթարկվեն, թեև նրանց համար սկզբում մի տեսակ անընկալելի էր կին հրամանատար տեսնելն ու ունենալը, բայց ժամանակի ընթացքում էդ կարծրատիպերը կոտրվեցին, և ամեն ինչ ընկավ իր տեղը։ Զինվորները  սկսեցին ինձ հարգել, ընդունել որպես հրամանատար ու էդպես սկսվեց ծառայությունս, որ մինչև օրս շարունակվում է,- անկեղծանում է կապիտան Մակյանը:

Զինվոր-հրամանատար, այն էլ՝ կին հրամանատար փոխհարաբերության մեջ կարևոր են փոխըմբռնումն ու փոխադարձ հարգանքը, որին կապիտան Մակյանը հասել է նվիրված ծառայությամբ ու մարդկային նկարագրով, ենթակա անձնակազմի հետ աշխատել կարողանալու հմտությամբ:

Կնոջ դերը բանակում կապիտան Մակյանը շատ է կարևորում:

-Կանայք զորամասում դրական մթնոլորտ են ապահովում, մշտապես ոգևորում և նոր հաջողությունների են մղում տղամարդկանց,- համոզված է Մարին:

Կապիտան Մակյանն անկեղծանում է:

-Կնոջ համար, բնականաբար, բարդ է համատեղել զինվորական ծառայությունն ու ընտանիքը, սակայն ինձ հաջողվում է ժամանակ տրամադրել նաև որդուս՝ նրան դաստիարակելով հայրենասիրական ոգով:

Մարին իր կոչումը մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ է կրում, անում հնարավորը իր մասնագիտական պարտականությունները պատվով կատարելու համար:

-Պաշտոնն ու կոչումը մեծ պատասխանատվություն են առաջին հերթին զինվորների, երկրորդ՝ հայրենիքի հանդեպ: Երդում եմ տվել ու հասել էս կոչմանը, էս պաշտոնին, ուրեմն պատասխանատվորեն պարտավորված եմ անմնացորդ նվիրումով ամեն ինչ անել Հայրենիքիս համար,- ասում է Մարին։

Իսկ այն կանանց ու աղջիկներին, որոնք մտադրվել են անցնել զինվորական ծառայության, կապիտան Մարին հորդորում  է այդ քայլին դիմելուց առաջ լավ մտածել:

-Եթե դու հոգեպես պատրաստ ես ծառայել Հայրենիքին, ուրեմն մտածելու բան չունես, անվարան գնա քո ընտրած ճանապարհով:

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1523) 15.03.2024 - 22.03.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/03/2024