ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
Զինված ուժերի արդիականացման նոր փուլի համատեքստում, խիստ կարևորելով համապատասխան զինվորական մասնագետների պատրաստության գործընթացի արդյունավետ և նպատակային կազմակերպումը, լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում հատկապես ուսումնական զորամասերի կրթական ծրագրերում, ուսումնամեթոդական նյութերի մշակման, մատուցման, յուրացման և կիրառման, ստուգման և այլ ընթացակարգերում։ Ըստ այդմ, առավել կարճ ժամկետներում շոշափելի արդյունք ունենալու նպատակով իրականացվում են նաև որոշ կառուցվածքային փոփոխություններ՝ փոխառելով նաև գործընկեր երկրների համապատասխան ծառայությունների հաջողված փորձը, տեղայնացնելով և համապատասխանեցնելով մեր բանակի պահանջներին և ժամանակակից մարտահրավերներին։
Զինված ուժերի հրետանային ստորաբաժանումներում մասնագիտական հաստիքների համալրման նպատակով զինծառայողները հատուկ պատրաստության, նաև վերապատրաստման դասընթացներ են անցնում զորամասում գործող արդեն մի քանի դպրոցներում։ Պատրաստվում են ինչպես փողային, ռեակտիվ և ինքնագնաց հրետանու, ականանետային մարտկոցի, հակատանկային հրետանու, հրետանու կառավարման ջոկերի, հաշվարկողների, այնպես էլ պաշտպան հայրենյաց ծրագրով զորակոչված հրետանային ստորաբաժանումների մասնագետներ։
Ամենից առաջ ունենալ պատասխանատվության բարձր զգացում, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն եւ արագ որոշումներ կայացնելու կարողություն, ֆիզիկամաթեմատիկական գիտելիքների բարձր մակարդակ, մտավոր ու ֆիզիկական կարողություններ: Սրանք ուսումնական զորամաս գործուղվելու կարևոր նախապայմաններից են:
Առաջիկայում, նոր շենքային ենթակառուցվածքներում, շահագործման կհանձնվեն ժամանակակից վարժասարքերով ու մասնագիտական անհրաժեշտ գույքով համալրված լսարանները՝ ամբողջությամբ համապատասխանեցված միջազգային ժամանակակից կրթական չափանիշներին։ Կբարելավվեն նաև կուրսանտների կեցության պայմանները, հանգստի, ազատ ժամանցի կազմակերպման համար նախատեսվող տարածքները։
Ուսումնական փուլի ավարտին, քննաշրջանի արդյունքում, մասնագետի որակավորման վկայականում բարձր միավորներ ունեցող կրտսեր սերժանտի զինվորական կոչումով զինծառայողները իրենց մշտական տեղակայման վայրերում կզբաղեցնեն կրտսեր հրամանատարական պաշտոններ։
Քննաշրջանը կավարտվի ու վաստակած կարճատև արձակուրդը վայելելուց հետո զինված ուժերի նորաթուխ կրտսեր սերժանտներին կհանդիպենք արդեն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #10 (1523) 15.03.2024 - 22.03.2024, Ազգային բանակ