ՆԱՏՕ-Ն ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Նախկին Հյուսիսատլանտյան դաշինքն ու Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմը խոչընդոտել են Կոսովոյում մարդկային օրգանների անօրինական վաճառքի դեպքերի հետաքննությանը: Այդ մասին հայտարարել է ժամանակին նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային դատարանի նախագահ Կարլ դել Պոնտեն, որի պնդմամբ իր ղեկավարած դատարանը դեռեւս 2004-ին էր ստացել ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմի գաղտնի զեկույցը, սակայն նույն վարչակազմը և ՆԱՏՕ-ն հրաժարվել են տրամադրել կարևոր փաստաթղթեր, իսկ Ալբանիայի իշխանություններն ընդհանրապես չեն թույլատրել մուտք գործել երկրի տարածք և գերեզմանատներում անցկացնել համապատասխան հետաքննություն:
Դել Պոնտեի պնդմամբ, ով առաջինն է հրապարակում այս փաստերը, Կոսովոյում ու հարևան Ալբանիայում մարդկային օրգանների անօրինական վաճառքն իրականացվում էր ինչպես 1999-ի զինված բախման ընթացքում, այնպես էլ դրանից հետո: Աղմկահարույց այս գործը լայն հասարակությանը հայտնի դարձավ «Դեղին տան թղթապանակ» անունով, երբ նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային դատարանի քննիչներն ալբանական Բուրել քաղաքում գտնվող և դեղին ներկված մի շինությունում հայտնաբերեցին մարդկային օրգանների փոխպատվաստման հետքեր և պարզեցին, որ «դոնորների» դերում, հակառակ իրենց կամքի, հանդես են եկել Կոսովոյում առևանգված սերբեր և ոչ ալբանական այլ ազգերի ներկայացուցիչներ:
«Դոն Կիխոտ» ծառայողական անվանումը ստացած այս գործի հետաքննությունը սկսվեց 2005 թվականին, սակայն «Դեղին տանը» հայտնաբերված ապացույցները շուտով ոչնչացվեցին: Դել Պոնտեն նաև հայտարարել է, թե գիտե այդ հրամանը տվողի անունը:
Այս գործը մեծ աղմուկ հանեց հատկապես 2010 թվականին, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Դիկ Մարտին հայտարարեց, որ կատարվածի հանցակիցներից մեկն ալբանացի գրոհայինների ղեկավար, իսկ այժմ երկրի վարչապետ Հաաշիմ Տաչին է, ինչից հետո այս գործի հետաքննությունը հանձնարարվեց Կոսովոյում օրենքի և կարգուկանոնի գերակայության հարցերով Եվրամիության հատուկ առաքելության աշխատանքային խմբին, որը ղեկավարում է ամերիկացի դիվանագետ Ջոն Քլինտ Ուիլյամսոնը: Սերբիան, ողջունելով հանդերձ Ուիլյամսոնի նշանակումը, Ռուսաստանի աջակցությամբ պնդում է, որ հետաքննությունն իրականացվի ՄԱԿ հովանու ներքո և հաշվետու լինի Անվտանգության խորհրդին: Իսկ դել Պոնտեն իր հերթին համոզված է, որ հետաքննությունը պետք է իրականացվի ՄԱԿ անվտանգության խորհրդի հովանու ներքո:
Այս գործի հետ կապված մինչ այժմ ձերբակալվել է 15 բժիշկ, իսկ գործի մոտ քսան կազմակերպչի նկատմամբ, որոնց թվում են նաև Իսրայելի և Թուրքիայի մեկական քաղաքացի, հայտարարված է միջազգային որոնում: Փաստերի և միջազգային հանրության ճնշման ներքո պաշտոնական Պրիշտինան ստիպված էր խոստովանել, որ «UCK» ահաբեկչական խմբավորումն իսկապես զբաղվել է խաղաղ սերբ բնակչության առևանգմամբ ու նրանց օրգանների անօրինական վաճառքով, ինչպես նաև նրանց նկատմամբ բժշկական փորձերի կիրառմամբ: Զոհերի թվում կան նաև Ռուսաստանի, Մոլդավիայի, Ղազախստանի և Թուրքիայի քաղաքացիներ, որոնք հաճախ նման քայլի են դիմում ծայրահեղ աղքատության պատճառով: Հանցագործներն օրգանների համար նրանց խոստանում էին մինչև 20.000 ԱՄՆ դոլար, բայց ոչինչ էլ չէին վճարում, իսկ օրգանները վաճառում էին 110-137.000 ԱՄՆ դոլարով:
Խորագիր՝ Նորություններ