Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԳՆԱՀԱՏՎԱԾ ԼԻՆԵԼԸ



ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԳՆԱՀԱՏՎԱԾ ԼԻՆԵԼԸԱվագ սերժանտ Մարգարիտա Փոքրիկյանը զինվորական ծառայության է անցել 2013 թվականին:

-Արդեն 11 տարի է, ինչ ծառայում եմ ՀՀ զինված ուժերում,- ասում է Մարգարիտան: Անցել եմ պատերազմի թոհ ու բոհով, տեսել լավ ու վատ օրեր, բայց չեմ կորցրել լավատեսությունս և մեծ հույսեր եմ կապում մեր բանակի վաղվա օրվա հետ,- ասում է Մարգարիտան:

Ավագ սերժանտը, որ ծառայության ընթացքում պարգևատրվել է կրծքանշաններով ու պատվոգրերով, վերջերս հաջողությամբ հանձնել է ատեստավորման քննությունները:

-Ներքին զգացողությունս ինձ ասում էր՝ վստահի՛ր ու հավատա՛ ուժերիդ, և ամեն ինչ լավ կլինի: Բոլոր քննությունները հանձնեցի հաջողությամբ, ցույց տվեցի լավ արդյունքներ,- անկեղծանում է Մարգարիտան: – Բոլորս էլ, անկախ սեռից,  Հայրենիքի հանդեպ ունենք պարտքի զգացում, և այն պետք է կյանքի կոչենք ամեն մեկս յուրովի՝ ես զինվորական ծառայության մեջ, մյուսն իր ծննդավայրը շենացնելով, մեկը գիտությամբ զբաղվելով, մեկը՝ արվեստում իր խոսքը ասելով… Ինձ համար՝ որպես հայ կին, մայր, մեծ պատիվ է ծառայել իմ երկրի զինված ուժերում:

Ավագ սերժանտ Փոքրիկյանը, ելնելով իր ծառայողական փորձառությունից, համոզված է, որ կանանց դերը բանակում էլ պակաս կարևոր չէ, ընտանիքում նրա ունեցած դերից ու դիրքից, իհարկե, որոշ վերապահումներով: Եվ այստեղ էլ, ինչպես տանը, շատ կարևոր է գնահատված լինելը:

ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

լեյտենանտ

Խորագիր՝ #11 (1524) 22.03.2024 - 29.03.2024, Ազգային բանակ


27/03/2024