Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ



ՀԱՅԵՐՆ ԻՐԱՆՈՒՄՀայերի ներկայությունն Իրանում դարերի պատմություն ունի։ Հայերի ներգաղթ տարբեր դարերում ու ժամանակաշրջաններում կազմակերպել են Իրանի շատ տիրակալներ ու շահեր՝ Շապուհ Բ (309-379), Հազկերտ Բ (439-457), Խոսրով Բ Փարվեզ (591-628)։

Հույն պատմիչ Քսենոփոնի հավաստմամբ՝ հայ վաճառականներն անարգել առևտուր էին անում մինչև Հնդկաստան և պարսից արքաների համար միաժամանակ կատարում էին ուղեկցողի, թարգմանչի ու դիվանագետի աշխատանք։

Առաջին հայկական բնակավայրերը գտնվում են իրանական Ատրպատականի տարածքում։ Այն համապատասխանում է նախնադարում և միջնադարում գոյություն ունեցած Մեծ Հայքի նահանգներից՝ Վասպուրականի արևելքին և Պարսկահայքին։ Հայ բնակչությունը հատկապես ստվար էր Պարսկահայքում։ Հայաշատ գավառներն էին՝ Հերը, Զարևանդը, Արտազը։ Վասպուրականի թագավորության անկումից հետո (908-1021) այս գավառները անջատվում են Հայաստանից։ 1603-1604 թթ. Սեֆյան Շահ Աբաս Ա-ի (1587-1629) հրամանով՝ Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում բնակվող 300 000 հայեր բռնի տեղահանվում են Իրան։ Նրանց մեծ մասը հաստատվում է Ատրպատականում։

Հայերն ապրում էին Խոյում, Ուրմիայում, Սալմաստում, Մակուում, Մարաղայում և այլ բնակավայրերում։

Շահ Աբասի կողմից հայերի բռնի տեղահանումը նպատակ ուներ բնակչությունից զուրկ սահմանամերձ գոտի ստեղծել, որպեսզի օսմանյան բանակը չկարողանա շարունակել արշավանքն Իրանի դեմ։ Իսկ մյուս կողմից՝ հայ բնակչությանը տեղափոխելով Պարսկաստանի կենտրոնական շրջաններ, Շահ Աբասը հույս ուներ, քրիստոնյա բնակչության, մասնավորապես՝ հայերի միջոցով զարգացնել երկրի տնտեսությունը, արհեստները, մշակույթը։

1617 թ. Շահ Աբասը չեղարկում է անգլիացիների հետ կնքած առևտրային պայմանագիրը և մետաքսի առևտուրն ու վաճառքի մենաշնորհը հանձնում է հայերին, ինչի արդյունքում պետական գանձարանը խոշոր մուտքեր է ունենում։ Պարսկաստանում հայերը մեծ դերակատարում ունեին նաև ոսկերչության, գորգագործության, ջուլհակության և այլ արհեստների զարգացման գործում։ Սպահանի հայերը մասնակցություն ունեին երկրի մշակութային ու հասարակական կյանքին։ Նոր Ջուղայում կառուցվող Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնաքարերից 15-ը բերվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Խոշոր խմբերով հայերի Թեհրան տեղափոխվելը կապված էր վերջինիս՝ մայրաքաղաք դառնալու հետ։ 1870 թվականին այստեղ բացվում է հայկական առաջին աշխարհիկ դպրոցը։ 1908 թվականի փետրվարի 17-ին վերջնականապես կազմակերպվում է Թեհրանի հայոց ազգային խորհուրդը, որի խնդիրն էր, իբրև տեղի հայերի բարձրագույն իշխանության, միջնորդ դառնալ հայ համայնքի և կառավարության ու մեջլիսի միջև։ 1911 թվականին Իրանի սահմանադրական հեղափոխության հաղթանակից հետո պետությունը պաշտոնապես ճանաչում է Ազգային խորհուրդը, և այն կոչվում է «Թեհրանի հայոց համայնական վարչություն»։

ՀԱՅԵՐՆ ԻՐԱՆՈՒՄՀայ Առաքելական Սուրբ եկեղեցին Իրանում ունի 3 թեմ՝ Ատրպատականի, Սպահանի և Թեհրանի։ Հյուսիսային կամ Ատրպատականի թեմը իրանահայ ամենահին թեմն է, որ հիմնադրվել է 1247 թվականին Հայոց Կոստանդին Ա Բարձրաբերդցու ջանքերով։

Սպահանի կամ Հարավային Իրանի թեմը մինչև 1960 թ. կոչվում էր Իրանա-հնդկական թեմ, իսկ 1955 թվականից՝ Սպահանի թեմ։ Կազմավորվել է 1606 թվականին, երբ Շահ Աբաս Ա-ն տեղահանված հայերին բնակեցնում է Սպահանում։ Թեմի առաջնորդանիստը Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որտեղ գործում է 1638 թ. հիմնադրված տպարանը և «Ներսես Դ Ողորմած» գրադարանը։

Թեհրանի կամ Կենտրոնական թեմը Իրանի ամենաերիտասարդ ու ամենամեծ թեմն է, որ հիմնադրվել է 1944 թվականին։ Թեմի առաջնորդի նստավայրը Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր տաճարն է: Մինչև 1958 թվականը իրանահայ թեմերը ենթարկվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, իսկ հետո անցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության ներքո։

Հայերը Թեհրան էին մեկնում աշխատանք գտնելու, կյանքի հարմարավետ պայմաններ ապահովելու, ուսում ստանալու, ինչպես նաև հայկական միջավայրի հետ շփումներ ունենալու նպատակով։ Մինչև իսլամական հեղափոխությունը Թեհրանում ապրում էր համայն իրանահայության 70 %-ը։

Դեռ հին դարերում Պարսկահայքի տարածքում գործող հայկական եկեղեցիներին կից գործում էին դպրոցներ։ Վաղ միջնադարում Հեր, Արտազ և Զարևանդ գավառներում դպրոցներ են բացել Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները։ Իսկ զարգացած միջնադարում՝ Վասպուրականի թագավորության (908-1021), Զաքարյան իշխանապետության (1200-1360) և Մակուի իշխանության (1240-1426) շրջանում բացվում են դպրատուն-վարժարաններ, որոնք հիմնականում տեղավորվում էին եկեղեցիների ու վանքերի խցերում և ունեին ընդգծված հոգևոր ուղղվածություն։ Այնտեղ դասավանդվում էր կրոն, մայրենի լեզու և թվաբանություն։

Ինչպես սփյուռքի մյուս գաղթօջախներում, Իրանի հայ համայնքում նույնպես հայապահպանության գործում մեծ դեր են խաղացել հայկական դպրոցները։ Ռուս-պարսկական պատերազմներից (1801-1813, 1826-1828) և հայ բնակչության՝ Արևելյան Հայաստան վերադառնալուց հետո միայն ստեղծվում են առաջին աշխարհիկ դպրոցները՝ Նոր Ջուղայում («Սամյան» 1831, «Սուրբ Կատարինյան» 1858), Թավրիզում («Արամյան» 1851, «Հայկազյան-Թամարյան» 1875), Թեհրանում («Հայկազյան» 1870)։ Հայկական կրթական հաստատություններից առավել հայտնի էր Նոր Ջուղայի «Ազգային կենտրոնական դպրոցը», որը հիմնադրվել է 1880 թվականին։

1925 թվականի հոկտեմբերի 31-ին Իրանի մեջլիսը որոշում է կայացնում տապալել Ղաջարական դինաստիան, և դեկտեմբերի 12-ին իշխանության գլուխ են անցնում Փահլավիները։ 1936 թվականին, Ռեզա շահ Փահլավիի հանձնարարությամբ, հայկական դպրոցներում ուսուցումը իրականացվում է պարսկերեն։ Չէր թույլատրվում հայերեն դասախոսություններ կարդալ, ներկայացումներ բեմադրել, հայերեն տպագրություն կազմակերպել։

ՀԱՅԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ1934 թվականին բացվում է Թեհրանի համալսարանը, որտեղ դասավանդում էր Իրանում առաջին կին պրոֆեսորը՝ Ալենուշ Տերյանը։ Նա Իրանում առաջին արևային աստղադիտարանի հիմնադիրն է, հայտնի որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»։ 1946-ին բացված Սպահանի համալսարանում գործում էր հայոց լեզվի և գրականության ամբիոնը։

Շատ նշանավոր իրանահայեր մեծ ներդրում են ունեցել երկրի զարգացման ու բարգավաճման գործում։ Մեծ է հայերի դերը Իրանի պատմության տարբեր ժամանակաշրջաններում։ XVII դարի հայ փիլիսոփա և թարգմանիչ Հովհաննես Մրքուզը արաբերեն է թարգմանում Աստվածաշունչը։ Սիմեոն Ջուղայեցին գրում է հայոց լեզվի ամբողջական քերականությունը, որը դասագիրք է ծառայում և հիմք դառնում հետագայում նոր դասագրքերի համար։ Առավել ականավոր իրանահայեր էին՝ Առաքել Դավրիժեցին, Վարդան Այգեկցին, Ոսկան Երևանցին։ XVIII դարում սկսված հայ լուսավորական շարժման նշանավոր գործիչները նույնպես ծնվել էին Պարսկաստանում՝ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը, Հարություն Շմավոնյանը, Մեսրոպ Թաղիադյանը։

Խաչատուր Կեսարացին Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքում հիմնում է դպրոց, մատենադարան, որտեղ պահվում են մեծ թվով ձեռագիր մատյաններ։ Նրա սաներն էին ոչ պակաս նշանավոր Հակոբ Ջուղայեցին, Ոսկան Երեւանցին եւ Հովհաննես Ջուղայեցին։ 1638 թվականին Խաչատուր Կեսարացին և իր աշակերտները Նոր Ջուղայում հիմնում են ոչ միայն Իրանում, այլև Մերձավոր Արևելքում առաջին տպարանը և հրատարակում են առաջին հայերեն գրքերը՝ «Հարանց վարքն» ու «Սաղմոսարանը»։

Լազարյանների ազնվական տոհմը նույնպես սերում էր Իրանի Նախիջևանի գավառի Դաշտ գյուղից։ Լինելով մեծահարուստ վաճառականներ՝ Լազարյանները առևտրական կապեր են հաստատում Ռուսաստանի հետ և մեծ դեր խաղում Պարսկաստանի կյանքում։ Եկատերինա Երկրորդի հրամանով Լազարյաններին շնորհվում է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս։ Մոտ կանգնած լինելով ռուսական արքունիքին՝ Լազարյանները մեծապես նպաստում են հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը և ձգտում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրմանը։ 1815 թվականին հիմնադրվում է Լազարյան ճեմարանը, որը դառնում է հայագիտության նոր կենտրոն Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների կողքին։

ՀԱՅԵՐՆ ԻՐԱՆՈՒՄԻրանի սահմանադրական հեղափոխության լուսավորականների շարքում առանձնանում էր Միրզա Մելքոմ խանը, որ Իրանի լուսավորական շարժման «կնքահայրն» էր։ Միրզա Մելքոմ խանը լուսավորիչ էր, դիվանագետ, գրող, հրապարակախոս, պետական գործիչ, որի ընտանիքը հայկական ազնվական տոհմից էր՝ սերված Արցախ աշխարհից։ Առաջին քրիստոնյան էր Պարսկաստանում, որ ստացել էր «միրզա» (իշխան) պատվական տիտղոսը։

1660 թվականին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Սպահանից Մոսկվա ժամանած հայ վաճառական Զաքար Սահրատյանը Ռուսաստանի Ալեքսեյ Միխայլովիչ ցարին է նվիրում «Ալմաստե գահը», որ պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները։ Գահը պատրաստելու համար հայ վարպետներն օգտագործում են 897 տարբեր չափսերի ալմաստներ, 1298 հատ մարգարիտ, շափյուղա, ամետիստ, հակինթ, տպազիոն, փիրուզ, ոսկի, արծաթ, իսկ հիմնական մասը պատրաստում են հաճարենուց և չինարենուց։ «Ալմաստե գահն» այժմ պահվում է Մոսկվայի Կրեմլի Զինապալատում։

Հայ իրականության մեջ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» խմբագիրը եղել Նոր Ջուղայեցի Հարություն Շմավոնյանը։ Իրանի տարածքում տպագրությունը ավելի վաղ է սկիզբ առել, քան Հայաստանում, ինչը նախևառաջ բացատրվում է պետականություն չունենալու հանգամանքով։ Սակայն, 1894 թվականին Իրանում լույս է տեսնում առաջին հայերեն պարբերականը՝ «Շավիղ» շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն էր Հովհաննես խան Մասեհյանը, ով առավել հայտնի է Շեքսպիրի և Ջորջ Բայրոնի ստեղծագործությունների թարգմանություններով։ Հովհաննես խան Մասեհյանի թարգմանությունները հայ թարգմանական գրականության գոհարներ են։ Հովհաննես խան Մասեհյանը տիրապետում էր հայերեն, պարսկերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, հունարեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներին։ Նրա հայրը պարսից շահի ոսկերչապետն էր, իսկ Հովհաննեսը՝ շահի պալատական թարգմանիչը։ Մասեհյանը միաժամանակ ուսուցչություն էր անում նաև Հայկազյան դպրոցում։ Նա մեծ դիվանագետ էր և ներկայացնում էր Պարսկաստանը միջազգային մի շարք խորհրդաժողովներում՝ Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում։ Հովհաննես խան Մասեհյանը Պարսկաստանի դեսպանն էր Գերմանիայում (1912 թ.), Մեծ Բրիտանիայում՝ 1927-1929 թթ., նաև Իրանի առաջին դեսպանը Ճապոնիայում։

ՀԱՅԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ1906-1911 թթ. սահմանադրական հեղափոխության տարիներին իր գործունեությամբ փայլում է Եփրեմ խան Դավթյանը, ինչպես տեղացիներն էին նրան անվանում՝ Պարսկաստանի Գարիբալդին։ 1906 թվականին, երբ ընդունվում է Իրանի առաջին Սահմանադրությունը, Եփրեմ խանը դառնում է երկրի կարգապահական ուժերի գլխավոր հրամանատարը։

1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո իրանահայերն իրավունք են ստանում երկու պատգամավոր ունենալու Իրանի խորհրդարանում՝ Մեջլիսում։ Հայերից մեկն ընտրվում է երկրի հյուսիսային շրջաններից՝ Թեհրանից ու Ատրպատականից, մյուսը՝ հարավից՝ Սպահանից։

Իրանի հայ համայնքը Մերձավոր և Միջին Արևելքի հնագույն, ավանդական և ամենախոշոր աչքի ընկնող համայնքներից է։ Աշխարհասփյուռ հայ գաղթօջախների մեջ այն բացառիկ է առաջին հերթին նրանով, որ դարերի ընթացքում անխզելի ու սերտ կապերով կապված է եղել Մայր հայրենիքին։ Իրանահայ համայնքն ունի տարբերակիչ մեկ այլ հատկանիշ ևս՝ այդ համայնքի գործածական լեզուն արևելահայերենն է։ Բացառիկ է նաև նրանով, որ իրանահայ համայնքն իր գոյությամբ ծնունդ է տվել մի շարք նոր գաղթօջախների՝ XVII-XVIII դարերում Հնդկաստանում, Հարավ-Արևելյան Ասիայի և Հեռավոր Արևելքի մի շարք երկրներում ձևավորված հայ համայնքները ըստ էության իրանահայ գաղթօջախի շարունակությունն են։

Իրանահայ համայնքը եղել և մնում է հայոց լեզվի, մշակույթի և հարուստ ավանդույթների պահպանման, զարգացման ու հարստացման կարևոր օջախներից մեկը։ Ճակատագրի բերումով հարկադրված լինելով ապրել հայրենիքից հեռու, հայերը մշտապես պայքարել են իրենց ազգային դիմագիծն ու ինքնությունը անաղարտ պահելու համար։

 

Պատրաստեց  ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #12 (1525) 29.03.2024 - 05.04.2024, Հոգևոր-մշակութային


09/04/2024