Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐԱՆՑԵԼ ԵՆՔ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



ԳՐԱՆՑԵԼ ԵՆՔ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ  Արման Դավթյանն արդեն ավելի քան քառորդ դար է, ինչ զինված ուժերում է:

Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը,  այնուհետև սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Գնդապետ Դավթյանը, լինելով զինծառայողների ատեստավորման հանձնաժողովի անդամ, ինքն էլ կամավոր ներգրավվել և գերազանց հանձնել է ատեստավորման քննությունները:

 

-Մարզական ընտանիքում եմ մեծացել: Հայրս Հայաստանի, Լիբանանի, Ալժիրի, Սիրիայի բասկետբոլի ազգային հավաքականների մարզիչն է եղել։ Տարիներ շարունակ ապրել ու մարզվել եմ տարբեր երկրներում՝ հարստացնելով մարզական փորձառությունս,- ասում է գնդապետ Դավթյանը: -Բասկետբոլիստ եմ: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ավարտելուց հետո ասպիրանտուրա եմ ընդունվել, աշխատել գիտական թեզիս վրա, որի թեման ՀՀ զինված ուժերում ֆիզիկական պատրաստության ստուգման կարգն է: Աշխատանքիս շրջանակում գրվեց մի համակարգչային ծրագիր, որն այսօր տեխնիկական կարևոր խնդիր է լուծում, ինչպես զորքերում ֆիզիկական պատրաստության աստիճանի ստուգման, այնպես էլ ատեստավորման ընթացքում: Համադրելով բազմաթիվ գործոններ՝ տարիք, սեռ, զորատեսակ, առողջական խնդիրներ և այլն, այս ծրագիրը հաշվարկում է, թե այս կամ այն վարժության կատարման առումով ի՞նչ սահմանափակումներ ունի զինծառայողը, և սա կարևոր է հատկապես վնասվածքների կանխարգելման տեսանկյունից:

-Դուք և Ձեր ամբողջ անձնակազմը ատեստավորվել եք: Ներգրավված եք ատեստավորման հանձնաժողովների կազմում: Ի՞նչ կարևոր դիտարկումներ կանեք գործընթացի վերաբերյալ:

-Պետք է փաստեմ՝ ատեստավորումը ֆիզիկական պատրաստությունը զարգացնելու առումով լավագույն ծրագիրն է, որին հանդիպել եմ իմ ծառայության ընթացքում։ Ներկայումս մենք ամեն օր մարզասրահում այնքան մարզվողների ենք ընդունում, որ անգամ հանդերձարանի խնդիր է առաջանում: Չափազանց ծանրաբեռնված են աշխատում մեր մարզիչները։ Մարզումների ընթացքում հաշվի են առնվում զինծառայողի առողջական վիճակը, տարիքը, այլ գործոններ, դրանց համապատասխան էլ կազմվում է մարզումների հատուկ ծրագիր։ Այս սկզբունքով աշխատում ենք նաև զորքերում:

Ասեմ, որ կտրուկ մեծացել է նաև քաղաքացիական մարզահամալիրներում աբոնեմենտով մարզվող զինծառայողների թիվը։ Ի դեպ, տոկոսային առումով բավականին բարձրացել են ատեստավորվողների ցուցադրած արդյունքները։ Շատ ուրախալի է, որ ատեստավորմանը կամավոր ներգրավվելու ցանկություն հայտնած կին զինծառայողների թիվն է զգալիորեն աճել։

Անձամբ ես ատեստավորվել եմ 2023 թ. նոյեմբերին։ Ասեմ, որ ատեստավորման վերաբերյալ կառավարության որոշումը գործողության մեջ մտնելու օրվանից ենթակա անձնակազմիս հետ խորհրդակցություն անցկացրի և հրահանգավորեցի. քանի որ ծառայում ենք կենտրոնական ապարատում, պարտավոր ենք լավագույնը լինել, օրինակ ծառայել մյուսների համար, «գերազանց» ստանալ ոչ միայն ֆիզիկական պատրաստություն, այլև մյուս բոլոր առարկաներից։ Բնականաբար, այս պահանջն առաջին հերթին ինձ էր վերաբերում։ Իմ ատեստավորման ընթացքում պաշտպանության նախարարն ու պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գլխավոր շտաբի պետն անձամբ ներկա են գտնվել բոլոր քննություններին։ Մեր խումբը՝ ավագ և բարձրագույն սպայական կազմը, հաճելիորեն զարմացրեց քննող հանձնաժողովին. բոլորը մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել ատեստավորմանը, արդյունքում՝ բարձր արդյունքներ գրանցեցինք բոլորս։

Մեր ծառայության անձնակազմը հարյուր տոկոսով ատեստավորվել է նույնպես բարձր արդյունքներով։ Այժմ ամբողջ կազմով ներգրավված ենք ատեստավորման գործընթացի սպասարկման աշխատանքներում: Սա բավականին մեծ ծանրաբեռնվածություն է։

Ատեստավորման գործընթացն ի սկզբանե զինծառայողների մասնագիտական և ֆիզիկական որակների բարձրացման նպատակ է հետապնդել։ Սակայն դրա շնորհիվ զինծառայողը հընթացս բարելավում է նաև իր սոցիալական վիճակը, և քանի որ դրամական բավարարումը զգալիորեն ավելանում է, ապա մարդկանց ատեստավորվելու ձգտումը նույնպես մեծանում է։

Կարևոր է նշել, որ ատեստավորումն անընդհատ զարգացող գործընթաց է։ Ցանկացած նոր, ծավալուն գործընթաց սկզբնապես շտկումների կարիք է ունենում։ Ամեն ինչ թափանցիկ է և տեսագրություններով ամրագրվում է, մասնագիտական համապատասխան խմբերով վերահսկվում: Բոլոր խնդրահարույց հարցերի վերաբերյալ մշտապես ուսումնասիրություններ են իրականացվում, պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տալիս։ Բոլոր հանձնաժողովներից, մասնագետներից կարծիքներ ու դիտարկումներ են ստացվում, և դրանք բոլորը հաշվի են առնվում գործընթացը կատարելագործելու ընթացքում:

Լուծման կարիք ունեցող խնդիրներից մեկն է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների՝ ատեստավորմանն ըստ արժանվույն պատրաստվելու հնարավորություններ ստեղծելը:  Այս նպատակով այժմ հատուկ մեխանիզմ է մշակվում: Խնդիրը լուծվելու է  հերթապահության վայրերում հատուկ բազմաֆունկցիոնալ վարժասարքի տեղադրումով։ Դրանով  հնարավոր է լինելու շուրջ երեսուն վարժություն կատարել: Արդյունքում՝ ատեստավորման անհրաժեշտ վարժությունները  զինծառայողը հնարավորություն կունենա հենց մարտական ծառայության ընթացքում, ազատ ժամերին կատարել։ Առաջիկա տարիներին աշխատելու ենք նման վարժասարքերով հագեցնել մարտական հերթապահություն իրականացնող բոլոր հենակետերը։

ԳՐԱՆՑԵԼ ԵՆՔ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ-Արդյոք ատեստավորված զինծառայողները հետևողակա՞ն են լինում ատեստավորման արդյունքներով սահմանված բարձր նշաձողի պահպանման հարցում:

-Եթե առաջին հայացքից կարող էր թվալ, թե ատեստավորվելուց հետո զինծառայողները այլևս չեն շարունակելու նույն ակտիվությամբ զբաղվել իրենց ֆիզիկական պատրաստությամբ, ապա մշտադիտարկումները ցույց են տալիս, որ այս ամենն արդեն մարդկանց առօրյայի անբաժանելի մասն է դարձել։ Մարզումները շարունակվում են նույն հաճախականությամբ, շատերը զգում են նոր կենսակերպի առավելությունները՝ առողջ, ամուր մարմին, արթուն միտք և այլն: Ասեմ, որ հետաքրքրվել ենք և պարզել՝ ճաշարաններում անգամ հացի սպառումն է նվազել, շատերն անցել են առողջ սննդակարգի:

-Պատմեք Ձեր ծառայության առաջիկա ծրագրերի մասին:

-Նոր թափ է հավաքում բանակի կենտրոնական մարզական ակումբի գործունեությունը: Արդեն իսկ ունենք ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի թիմեր: Ի դեպ, անցած շաբաթ ԲԿՄԱ-ի մեր բասկետբոլի թիմը դարձավ Հայաստանի չեմպիոն: Դրանից առաջ դարձել էր «Ա Լիգա»-ի չեմպիոն: Ունենք նաև հաշմանդամային սպորտի թիմեր, ըմբշամարտի և բռնցքամարտի մանկապատանեկան թիմեր, հրաձգության մանկապատանեկան խմբակներ: Վերջում նշածս բոլոր խմբերի մարզումները անվճար հիմունքներով նախատեսված են և իրականացվում են զինծառայողների երեխաների համար:

2019 թվականին Հայաստանում իրականացրել ենք CISM-ի (ռազմական սպորտի միջազգային խորհրդի) կոնֆերանսը: Այս աշնանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացնելու ենք զինվորականների բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որն իր ծավալով Հայաստանում անցկացվածներից ամենամեծն է լինելու: 2027 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել CISM-ի Գլխավոր ասամբլեան:

-Լինել մարզիկ, զինվորական, նաև որոշակի  գիտական և կրթական աշխատանքներ իրականացնել. Արդյոք դժվար չէ՞ այս ամենը համատեղելը:

-Սպորտն ու զինծառայությունը միմյանց հետ անբաժանելիորեն կապված են: Սպորտն ինքնին առողջություն է, ֆիզիկական ակտիվությունը միշտ բարձր պահելու միջոց և ինքդ քեզ հաղթահարելու, միշտ առաջ գնալու հարթակ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մասնագետի համար պետք է որոշիչ լինի՝ իր աշխատանքից լիակատար հաճույք ու բավարարվածություն ստանո՞ւմ է, թե՞ ոչ: Սպորտն իմ տարերքն է:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (1525) 29.03.2024 - 05.04.2024, Ազգային բանակ


09/04/2024