Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ



ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ-2022 թվականի դեկտեմբեր ամսին տարածքային զինվորական կոմիսարիատից զորակոչվելու մասին ծանուցում ստացա: Հաջորդ օրը ներկայացա զինկոմիսարիատ: Մի քանի օրից զորակոչվեցի,- հիշում է կրտսեր սերժանտ Արթուր Գոհարյանը:

Աթլետիկ կազմվածքով կրտսեր սերժանտը արդեն մեկ տարուց ավելի ծառայում է N զորամասում: Բազմիցս աչքի է ընկել իր օրինակելի կարգապահությամբ ու վարքով, բարձր պատասխանատվությամբ և նպատակին հասնելու նախանձախնդրությամբ:

-Այս մեկ տարին ինձ մոտ շատ բան փոխեց, զգացի՝ ինչ է միայնակ լինել քո խնդիրների հետ և ինքնուրույն որոշումներ կայացնել,- պատմում է կրտսեր սերժանտ Արթուր Գոհարյանը,- խնդիրներ, որոնց լուծումները կախված են երբեմն հենց քեզնից, երբեմն ծառայակից ընկերներից: Ընկերներ եմ ձեռք բերել ծառայության ընթացքում, որոնց կարող եմ վստահել, որովհետև այն օրերը, որոնք անցկացրել ենք միասին թե՛ զորամասում և թե՛ մարտական դիրքերում, արդեն իսկ բավական է, որ ճանաչեմ նրանց: Ամենակարևորն այն է, որ այս ամենը խարսխված է փոխադարձ վստահության  վրա: Կարելի է ասել՝ մեկ ընտանիքի պես ենք,- անկեղծանում է կրտսեր սերժանտը:

Կրտսեր սերժանտը մինչև բանակ զորակոչվելը զբաղվել է մի շարք սպորտաձևերով, մասնավորապես՝ բռնցքամարտով: Զորացրվելուց հետո մտադիր է զբաղվել բռնցքամարտով:

Եթե անհրաժեշտ լինի՝ նորից կգամ և կմիանամ իմ զինակից ընկերներին,- ասում է Արմանը:

-Կցանկանայի նշել մի կարևոր հանգամանք. զինվորական ծառայությունը ամբողջովին փոխեց իմ մտածելակերպը, պատկերացումները թե՛ կյանքի և թե՛ զինվորական ծառայության նկատմամբ: Այն, ինչ սովորել եմ այստեղ, կարծում եմ, ողջ կյանքի ընթացքում պետք է գալու,- խոստովանում է կրտսեր սերժանտ, զինվորական ծառայության գերազանցիկը:

 

ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

լեյտենանտ

Խորագիր՝ #12 (1525) 29.03.2024 - 05.04.2024, Ազգային բանակ


09/04/2024