Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ



ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸԶորամասի ուսումնական կետերում մարտավարամասնագիտական պարապմունքներ են ընթանում: Անձնակազմի  մի մասն էլ հրաձգարանում գործնական հրաձգության է մասնակցում:

-Պատասխանատու սպաները հետեւում են պարապմունքների ընթացքին,  ամեն ինչ արվում է ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար,- նշում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սարգսյանը: -Զինվորներն էլ  հստակ գիտակցում են իրենց ծառայության  կարեւորությունը հայրենի եզերքն անսասան պահելու գործում ու հետեւողականորեն կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները:

Շարքային Անուշավան Մուրադյանը միանգամից առանձնանում է իր բարձր հասակով: Ժպտալով ասում է՝ զինակից ընկերներն իրեն հաճախ են կատակով դիմում Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմից մեջբերումով՝ «Աշխարհաբեկ ջան, բոյիդ մեռնեմ, գլուխդ ներքեւ կպահես…»:

Շիրակի մարզի Լուսակերտ գյուղից է Անուշավանը: Հինգ եղբայր են, երկուսն  արդեն ծառայել են:

-Եղբայրներիցս Սերյոժան պատերազմի ժամանակ հրետանավոր է եղել ու շատ է պատմել հրետանու կարեւոր ու վճռորոշ դերակատարման մասին, ու, անկեղծ ասած, շատ ուրախացա, երբ տեղեկացա, որ ես էլ եմ հրետանային  ստորաբաժանումում ծառայելու:

Զորակոչվելուց հետո միանշանակ փոխվել եմ, ավելի կայուն ու հավասարակշիռ եմ դարձել: Բանակը մի յուրահատուկ դպրոց է, սովորում ես ինքդ պատասխանատու լինել քո ամեն որոշման համար,- ասում է  Անուշավանը: -Մինչ բանակ գալս պատկերացումներս այլ էին զինվորական ծառայության մասին: Զորամասում շատ բան փոխվեց, այստեղ ավելի իրական ու շոշափելի ես  հասկանում՝ ինչ է նշանակում լինել հայրենիքի պաշտպան:

Անուշավանի ծառայության ժամկետի կեսն արդեն անցել է: Այս ընթացքում նաեւ  լավ  ընկերներ է ձեռք բերել:

-Բանակային ընկերությունն ուրիշ է՝ միասին կիսում ենք ամեն դժվարություն ու հաջողություն: Պետք է տեսնեիք՝ ինչպես էր մեր ստորաբաժանումը քննության պատրաստվում, ինչ եռանդով էինք պարապում, գործնական վարժանքներ անցկացնում: Գերազանց հանձնեցինք, ո՜նց էինք ուրախացել…

Հիշում եմ. ծննդյանս օրը մարտական դիրքում հերթափոխը հանձնելուց հետո  զինակից ընկերներս ինձ գեղեցիկ անակնկալով դիմավորեցին՝ թխվածքաբլիթներով, խտացրած կաթով փոքր տորթ էին պատրաստել: Շատ ճոխ ու շքեղ էր. բանակային ընկերներս օրս անմոռանալի տոն դարձրին…

Մյուս զրուցակիցս շարքային Սեյրան Պապիկյանն է: Ջլապինդ ու մկանուտ   երիտասարդը մարզական ասպարեզում որոշակի հաջողությունների է հասել:

-Գեղատեսիլ ու չքնաղ Ստեփանավանից եմ,- ներկայանում է զինվորը: -Եղբայրս մեկ տարվա ծառայող էր, երբ ես էլ զորակոչվեցի: Անկեղծանում է, որ  հնարավորություն է ունեցել արտերկիր մեկնելու, բայց չի մեկնել, որպեսզի իր երկրի զինվորը դառնա:

-Կարծում եմ՝ իրեն հարգող, իր ընտանիքը սիրող ամեն մի երիտասարդ պետք է  պաշտպանի  իր  Հայրենիքը:

Սեյրանը հրետանավորի երրորդ կարգի որակավորման կրծքանշանի է արժանացել:

-Հրետանու նշանառու եմ: Ճշգրիտ հաշվարկ, հստակ կոորդինատներ, նշանակետի հեռավորություն, եղանակային պայմաններ, տեսանելիություն՝ ամեն ինչ կարեւոր է մեր գործում: Հրետանին կոլեկտիվ զինատեսակ է, որ պահանջում է ներդաշնակ, համախումբ գործողություն, ինչի շնորհիվ է միայն վերջնարդյունքը  կատարյալ լինում:

Սեյրանի ծառայության ավարտին երկու ամիս  է մնացել:

-Սովորաբար, երբ ծառայությունդ մոտենում է ավարտին, ավելի հաճախ ծառայության առաջին օրերն ես վերհիշում,- ասում է Սեյրանը: -Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ ամեն ինչ հարթ ու  սահուն է անցել: Եղել են թերացումներ, որոշակի խնդիրներ, բայց նոր ընկերներիս, սպաների շնորհիվ ամեն ինչ կարգավորվել է: Ինքս էլ  նկատում եմ՝ փոխվել եմ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես:

Անուշավանն ու Սեյրանը բանակում զինվորական մասնագիտությունից զատ նաեւ կյանքի դասեր են սերտել՝ դժվարություններից չերկնչելու, ցանկացած խնդիրներ հաղթահարելու վճռականություն: Հիմա էլ ձեռք բերած փորձն ու գիտելիքները ջանասիրաբար փոխանցում են կրտսեր ընկերներին: Խորհուրդ են տալիս միասնական ու միակամ լինել, չթերանալ, լավ սովորել զինվորական մասնագիտության նրբությունները: Բացատրում են զինատեսակի ամեն մանրուքն իմանալու կարևորությունը, որովհետեւ զենքին լավ տիրապետելը ոչ միայն վստահություն է հաղորդում, այլև հմուտ եւ անսխալ գործելու վճռականություն: Պատերազմական իրավիճակում զինատեսակին լավ տիրապետելուց է կախված ոչ միայն քո, այլ նաեւ առաջնագծում կանգնած մյուս զինվորների կյանքը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (1525) 29.03.2024 - 05.04.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/04/2024