ՄԵՔԵՆԱՅԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓԻ ՀԵՂԻՆԱԿԸ
Հայ ժողովուրդը աշխարհին տվել է շատ գիտնականներ, ճարտարապետներ, մշակույթի ու կրթության նշանավոր գործիչներ, գյուտարարներ, որոնք մեծ ներդրում են ունեցել մարդկության զարգացման, առաջընթացի, կենսամակարդակի բարձրացման գործում։ Այն, ինչ մեզ հասանելի է և բնական այսօր, մեկ դար առաջ հրաշք կհամարվեր։ Եվ ավելի զարմանալի է, երբ իմանում ենք, որ այդ հրաշք գյուտերից մեկի հեղինակը մեր հայրենակիցն է՝ գյուտարար Ասատուր Սարաֆյանը։
Ասատուր Սարաֆյանը ծնվել է 1895 թվականի մայիսի 31-ին Կեսարիայում։ Սարաֆյանների ընտանիքին հաջողվում է ողջ մնալ Օսմանյան կայսրությունում իրականացված համիդյան կոտորածների ժամանակ և ապաստան գտնել ԱՄՆ-ում։ Հայրենիքից հեռանալուց հետո Ասատուրն իր ընտանիքի հետ ափ է իջնում Էլլիս (Ellis island) կղզում։ Նյու Յորքի մոտ գտնվող Հուդզոն գետի գետաբերանում գտնվող Էլլիս կղզին դառնում է ԱՄՆ ներգաղթի խորհրդանիշներից մեկը։ 1892 թվականին Էլլիս կղզին ներգաղթյալների ընդունման առաջին կենտրոնն էր Միացյալ Նահանգներում, որ գործում է մինչև 1954 թվականը։ Ենթադրվում է, որ մոտավորապես 40 միլիոն ամերիկացիների նախնիները Միացյալ Նահանգներ են ժամանել Էլլիս կղզուց, որտեղ այսօր գործում է Ներգաղթի թանգարանը, որն այժմ Նյու Յորքի տեսարժան վայրերից է։ XX դարի առաջին կեսին ամենամեծ թվով ներգաղթյալներ ունեցող կղզում մեր հայրենակիցը փոխում է իր անուն-ազգանունը և դառնում է Օսկար Բենքեր (Oscar Banker)։
Իր առաջին հայտնագործությունը սղոցների սայրերի այրման գործիքն էր: Ասատուր Սարաֆյանը տեսնելով իր առաջին գյուտի հաջողությունը՝ որոշում է իր կյանքը նվիրել գյուտարարությանը։
Երբ «General Motors» ընկերությունն սկսում է ավտոմեքենաները համալրել կիսաավտոմատ փոխանցման տուփերով, բազմաթիվ թերություններ են ի հայտ գալիս։ Ասատուր Սարաֆյանն առաջարկում է ավտոմատ փոխանցման տուփ, որն ավելի հուսալի էր, անվտանգ և ամուր։ Սակայն ընկերությունը մերժում է նրա առաջարկը։ Սարաֆյանն ուղիղ ութ տարի պայքարում է ավտոմեքենա նախագծող և արտադրող ընկերությունների դեմ, և վերջապես նրա առաջարկն ընդունվում է։ 1940 թվականին «General Motors» ավտոարտադրող հեղինակավոր ընկերությունն իր հանրահայտ «Oldsmobile Hydramatik» մեքենայում ներառում է Սարաֆյանի ստեղծած ավտոմատ փոխանցման տուփը, ինչը դառնում է ավելի դիմացկուն և հուսալի։ Ինչպես ավտոմեքենաների հայտնագործումն է փոխում մարդու կյանքի որակը, այնպես էլ Ասատուր Սարաֆյանի գյուտը՝ ինքնազոր փոխանցման տուփը, փոխում է ավտոմեքենաների արտադրության որակը։
Ասատուր Սարաֆյանը զգալի ներդրում է ունենում նաև ավիացիայի ասպարեզում։ Նա նշանավոր Իգոր Սիկորսկու հետ մասնակցում է Սիկորսկու ուղղաթիռի շարժիչի փոխանցման տուփի նախագծման աշխատանքներին, որն իր առաջին թռիչքը կատարում է 1939 թվականին։ Սիկորսկու և Սարաֆյանի համատեղ հայտնագործությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանգեցնում է ուղղաթիռների զանգվածային արտադրության։ Այս հայտնագործության շնորհիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հաջողվում է ավելի քան 20 000 զինծառայողի կյանք փրկել Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։
1968 թվականին արդեն գյուտարարի հռչակ ձեռք բերած մեր հայրենակիցը ստեղծում է նաև առաջին օդաճնշիչ (пневматик), անասեղ ներարկիչը, որը մինչ օրս պատվաստման նպատակով օգտագործվում է ամբողջ աշխարհում։ Սարքը ժամում կատարում է մոտավորապես 2000 ներարկում, ինչը բժշկության ոլորտում լայն տարածում է ստանում։ Երբ Կարիբյան ծովի հարավ-արևելքում գտնվող Գրենադա կղզում համաճարակ է բռնկվում, Սարաֆյանի ստեղծած ներարկիչներ արտադրող «Med-E-Jet» ընկերությունը ներարկիչները նվիրում է կղզու բնակիչներին, ինչի շնորհիվ հնարավոր է լինում կանգնեցնել համաճարակի աճը։ 1979 թվականի օգոստոսի 2-ին Գրենադայում թողարկվում են փոստային նամականիշներ՝ ի պատիվ հայազգի գյուտարարի։
Մեր հայրենակցին են պատկանում նաև բենզինային պոմպի, ավտոյուղի չափիչի, առաջին օդաճնշիչ ատրճանակի, ծովի ջրից խմելու ջուր թորելու համար նախատեսված մեքենայի, գիրք կազմելու սարքի, ծառեր հատելու գործիքի գյուտերը (11 գյուտ)։
1983 թվականին հրապարակվում են Ասատուր Սարաֆյանի հուշերը՝ «Ամերիկյան գյուտարարի երազանքներն ու պատերազմները. մի ներգաղթյալի ռոմանս» վերնագրով։ Իր հուշերում նա գրում է. «Ամերիկան շարունակում է մնալ մի երկիր, որը մարդուն տալիս է բոլոր հնարավորությունները՝ նպատակներին հասնելու համար։ Սակայն մարդ պետք է կարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները, բոլոր ձախողումները, պետք է կարողանա հաշվի չառնել նվաստացուցիչ վերաբերմունքը և պետք է միայն առաջ նայի։ Դա է կարևորը»։
Ասատուր Սարաֆյանը վախճանվում է 1979 թվականին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։ Նրա մահից հետո որդին կրում է հոր անունը՝ դառնալով Օսկար Բենքեր կրտսեր։ Ասատուր Սարաֆյանը դառնում է ամրագրված ավելի քան 11 գյուտերի հեղինակ։ Նրա անունն ընդգրկվում է ԱՄՆ-ի ավտոմոբիլային Փառքի սրահում։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #13 (1526) 05.04.2024 - 12.04.2024, Ճակատագրեր