ՈԳՈՎ ՈՒԺԵՂ ԱՂՋԻԿՆԵՐԸ
Զինված ուժերում քիչ չեն զինվորական գործը որպես կյանքի ուղի ընտրած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Նրանց կհանդիպեք թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում… Հրետանավոր, կապավոր, մոտոհրաձիգ, հետախույզ…
Կուրսանտ Տաթև Մինասյանը դեռեւս առաջին քայլերն է անում զինվորական ասպարեզում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին կուրսում է սովորում:
-Երազել եմ զինվորական դառնալ։ Մինչ դպրոց ավարտելս երազանքիս մասին չէի բարձրաձայնել, միայն զինղեկս էր տեղյակ ու իր խորհուրդներով միշտ քաջալերում, ոգեւորում էր։ Հիշում եմ՝ մի անգամ մայրիկիս հետ Վանաձորում էինք, համազգեստով մի գեղեցիկ կնոջ տեսանք, ասացի՝ մի օր էլ ես եմ այսպես համազգեստով անցնելու: Մայրս նեղսրտեց՝ դժվար ու ծանր գործ է, աղջի՛կս…
Տաթեւը սիրում է նպատակներ դնել եւ իրագործել, դժվարություններից չի խուսափում: Ու մի օր էլ նրա երազանքը կատարվեց՝ ընդունվեց ռազմական բուհ։
-Մենք երկու քույր, երկու եղբայր ենք, մամաս մեկ-մեկ կատակում է՝ երրորդ տղաս ես: Ես էլ կատակով ու զինվորավարի պատասխանում եմ՝ ճիշտ այդպես… Համազգեստ կրելիս ավելի ձիգ եմ դառնում, ավելի պատասխանատու։ Ուսումնառության մեջ փորձում եմ հետ չմնալ, չթերանալ, կուրսեցի տղաներն ինձ օգնում են, աջակցում։
Երիտասարդ աղջնակն ազատ ժամանակ սիրում է ընթերցել:
-Օրերս Ջոն Սթրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» գիրքն եմ կարդացել, մոտիվացնող գիրք է… Գրքի հերոսը պատահաբար հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում ու այստեղ անցկացրած մի գիշերը նրան ստիպում է խորությամբ քննել ինքն իրեն ու բացահայտել՝ ո՞վ է ինքը, ինչո՞ւ է այստեղ, ո՞ւր է գնում, մտածել ու հասկանալ՝ իր կյանքում ի՞նչն է իր համար իրապես արժեքավոր, կարևոր…
-Իսկ ինչո՞ւ ես դու այստեղ, եւ ի՞նչն է քեզ համար իրապես արժեքավոր ու կարեւոր. գրքի հարցադրումն ուղղում եմ Տաթեւին:
-Արժեքավորը Հայրենիքն է, ինձ համար թանկ ու հարազատ մարդիկ, իսկ կարեւորը, որ մեր երկրի սահմաններն ամուր ու անառիկ լինեն: Ես այստեղ եմ, որ իմ բաժինն ունենամ այդ գործում: Մի փոքրիկ հատված հենց այդ գրքից մեջբերեմ. «Կյանքն ինքը մի հրաշալի պատմություն է։ Խնդիրն այն է, որ մենք երբեմն մոռանում ենք, որ ինքներս ենք դրա հեղինակը ու կարող ենք գրել այնպես, ինչպես ուզում ենք։ Միայն դու իսկապես գիտես, թե ինչ ես ուզում քո գոյությունից։ Երբևէ թույլ մի տվեք երևույթներին կամ մարդկանց ձեզ հասցնել մի կետի, որտեղ կզգաք, որ այլևս վերահսկողություն չունեք ձեր սեփական ճակատագրի վրա։ Ակտիվ եղեք ձեր ճանապարհն ընտրելիս, այլապես այն կընտրեն ձեր փոխարեն»:
***
Մինչ Տաթևը առաջին, բայց հաստատուն քայլերն է կատարում ռազմական ոլորտում, մեր մյուս հերոսուհին՝ չորրորդ կուրսեցի Սուսաննա Գրիգորյանն արդեն մասնագիտական բավական մեծ պաշարով է զինվել: Ապագա հրետանավորը ծառայության ընթացքում մասնակցել է համաբանակային մրցումների, գրավել մրցանակային տեղեր, ուսման և բարեխիղճ ծառայության համար բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից:
-Երեք քույր ենք, ավագը ես եմ։ Հայրիկիս միշտ ասում եմ՝ պա՛պ ջան, չտխրես, ես քո տղան եմ: Երրորդ դասարանում էի սովորում, երբ հայրիկս առողջական լուրջ խնդիրներ ունեցավ: Այդ ժամանակից միշտ իր կողքին եմ: Պատկերացրեք՝ գյուղի կյանք, հողամաս, վառելիք, ամեն ինչ անում էի։ Հիմա էլ արձակուրդներին, երբ գնում եմ ծննդավայրս՝ Աշոցք, ամեն ինչ արագ հասցնում եմ կազմակերպել։ Հարեւանները հայրիկիս ասում են՝ աղջիկդ հազար տղա արժե։ Աղջկական գործերից էլ վատ գլուխ չեմ հանում,- ժպտում է Սուսաննան,- համեղ ուտեստներ եմ պատրաստում։
Սուսաննայի համար զինվորական մասնագիտություն ընտրելու որոշումը ծնվեց 2016 թվականին՝ հրետանավոր հորեղբոր ծառայավայր այցելելու ժամանակ:
-Մերոնք մինչ օրս էլ չեն հաշտվել, համակերպվել որոշմանս հետ։ Հատկապես պատերազմից հետո, երբ պատերազմի ցավն ու դառնությունն իր ամբողջ խորությամբ տեսանք, ապրեցինք, զգացինք, հարազատի կորուստ ունեցանք՝ հայրիկիս հորեղբոր որդին զոհվեց… Ինձ գոտեպնդողն ու ոգևորողը նա էր…
Հենց պատերազմի ժամանակ համոզվեցի, հասկացա, որ ճիշտ ուղի եմ ընտրել, ինքս ինձ ասում էի՝ ամոթ կլինի, Սուսի՛կ, եթե կոտրվես, վախենաս։ Ի սկզբանե էլ որոշել էի հրետանավոր դառնալ: Երբ հարցնում են՝ ինչո՞ւ ես հենց հրետանին ընտրել, չէ՞ որ բավականին բարդ ու դժվարին մասնագիտություն է, պատասխանս մեկն է ու սպառիչ՝ հրետանին հուժկու հարված է հասցնում՝ հզոր ու վճռորոշ…
Ամեն օրս հնարավորինս նպատակային եմ օգտագործում, աշխատում եմ կատարելագործել գիտելիքներս, սովորել մասնագիտական ամեն նրբություն:
Համալսարանում տղաները քրոջ պես են վերաբերվում, եղբոր նման թեւ ու թիկունք են։ Մեր հրետանին մենք քարշակներով ենք տեղափոխում, ու իրենք մշտապես օգնում են:
-Ի՞նչ է տալիս կնոջ ներկայությունը բանակին,- հարցնում եմ Սուսաննային:
Առաջինը՝ համախմբվածություն, երկրորդը՝ զսպվածություն, երրորդը՝ ուժ… Ֆիզպատրաստությունից մի օրինակ բերեմ՝ եթե ես մի վարժություն լավ եմ կատարում, տղաներն ավելի ոգևորված ու ավելի կատարյալ են անում՝ եթե աղջիկն արեց, ուրեմն մենք հաստատ պիտի ավելի լավ ու գերազանց կատարենք։
Սուսաննան ընդգծված հպարտությամբ է կրում համազգեստը:
-Բանակում պետք է ծառայեն միայն գրագետ և ոգով ուժեղ աղջիկները։ Զինված ուժերում բազում դժվարություններ, փորձություններ կան, որ ոչ բոլորն են ունակ եւ կարող հաղթահարելու։
Ներկայումս աղջիկների ծառայության համար պայմանները բավականին լավացել են, կեցության պայմանները՝ բարելավվել… 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվելու են բնակարաններ:
Աղջիկների գումարտակում ծառայելիս էլ վեց ամիս ծառայելուց հետո որոշակի գումար են հատկացնում…
Ես երբ ընդունվել եմ, այսքան գրավիչ ու հարմարավետ պայմաններ, հնարավորություններ ու արտոնություններ չեն եղել: Իհարկե, այս ամենը նպաստավոր գործոններ են, լավ ազդակներ, բայց, միանշանակ, բանակ պետք է գան այն աղջիկները, որոնք կկարողանան երկու ոտքի վրա ամուր կանգնել, և որոնց համար առաջնահերթ կլինի Հայրենիքին անտրտունջ ու նվիրումով ծառայելը։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #13 (1526) 05.04.2024 - 12.04.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում