ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հայ զինվորը» շարունակում է հարցախույզը՝ պարզելու, թե որքանով են մեր հայրենակիցները տեղյակ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, ի՞նչ կարծիք, ի՞նչ նկատառումներ ունեն։
Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, ամուսինս՝ Կարենը, առաջիններից մեկը կռվի դաշտ մեկնեց: Ամուսինս վիրավոր զինվորին փրկելիս զոհվեց…
Երեք որդի ունեմ: Երբ ավագ որդիս՝ Սամվելը, բանակ պետք է գնար, ծանոթ-անծանոթ ինձ խորհուրդ էին տալիս ամեն գնով ազատել ծառայությունից: Ըմբոստանում, բարկանում էի՝ որդիներիս հայրը հանուն Հայրենիքի է զոհվել, ո՞նց կարող է նրա զավակը չծառայել: Ամեն մարդ իր երկրի զինվոր լինելը բախտավորություն պիտի համարի: Իսրայելում նույնիսկ աղջիկներն են ծառայում՝ հանուն իրենց պետության:
Կողմ եմ ամեն մի նոր ծրագրի, նախաձեռնության կամ որոշման, որ կնպաստի մեր բանակի, մեր երկրի բարգավաճմանն ու հզորացմանը:
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով շատ երիտասարդներ կայուն աշխատանք կունենան՝ կայուն աշխատավարձով, չեն հեռանա երկրից, չեն կտրվի տուն ու տեղից՝ աշխատանք փնտրելու ակնկալիքով: Հայրենյաց պաշտպանները պետք է հնարավորինս ապահովված ու արժանապատիվ ապրեն:
ԱՇԽԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
***
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը զինվորական ծառայության ոլորտում ներդրված նոր մակարդակ է և կոչված է ոչ միայն բարձրացնելու զինվորական ծառայության գրավչությունը, այլև ստեղծելու նոր հիմքեր առավել որակյալ բանակի անցում կատարելու համար:
Ծրագիրը, որքանով տեղյակ եմ, աստիճանաբար նոր ընթացք է ձեռք բերում: Ժամանակին զուգընթաց ավելանում է նրանց թիվը, ովքեր ցանկանում են շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինվորական ծառայության անցման այդ նոր համակարգի մաս կազմել։
Տեղեկացված եմ նաեւ, որ նրանց համար ֆինանսական լավ հնարավորություններ են ապահովվել, որպեսզի մարդիկ կարողանան կենտրոնանալ միայն իրենց ծառայության վրա և կատարելագործեն իրենց հմտությունները։
Համոզված եմ, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը արհեստավարժ բանակի սաղմն է, ուստի այն պետք է լինի հասարակության բոլոր շերտերի ուշադրության կենտրոնում՝ որպես հեռանկարային նախագիծ։
ՖԵՆՅԱ ՔԻՇՄԻՐՅԱՆ
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #13 (1526) 05.04.2024 - 12.04.2024, Բանակ և հասարակություն