ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏՈՒՆ ԵՆ ՏԱՆՈՒՄ
Ապրիլի 23-ին «Փյունիկ» զարգացման կենտրոնում բացվեց երիտասարդ նկարչուհի Տաթեւ Գասպարյանի առաջին անհատական թեմատիկ ցուցահանդեսը՝ «Հայրենիքի կանչը» վերնագրով:
-Սիրելի՛ Տաթև, ի՞նչ գույներով ու պատկերներով է մարմնավորվում Հայրենիքը Ձեր կտավներում, և ինչ բովանդակություն ունի նրա «կանչը»:
-Ես ծնվել, մեծացել եմ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում: Գյուղի անունն արդեն հուշում է փարթամ բնության, վառ ու խայտաբղետ ծաղիկների, առատ մրգերի, թեժ արևի ու պայծառ գույների մասին: Իմ դեղինը, կապույտը այնքան խիտ են, որովհետև դրանց մեջ մեր պտուղների քաղցրահամն է ու մանկության հրճվանքը: Հայաստանի բնությունը ասես մեր ժողովրդի պատմության խորհրդանիշը լինի, նրա հավաքական նկարագիրը՝ ամենաքնքուշ դաշտերից մինչև ամենաահարկու ժայռերը, ամենականաչ անտառներից մինչև ամենախոր ձորերը… Ուր և՛ արարում կա, և՛ պայքար, և՛ անսահման պարզություն կա, և՛ անվերծանելի առեղծված…
-Իսկ ի՞նչ են խորհրդանշում ձեր նկարներում այդքան հանդիպող ճանապարհները, ո՞ւր են տանում դրանք:
-Տուն: Ճանապարհները ամեն մեկիս իր տուն են տանում: Հայրենի տունը մեր հենման կետն է այս մեծ աշխարհում: Տանը մենք պաշտպանված ենք, ապահով ենք, երջանիկ ենք: Հայրենիքը տուն է կանչում բոլոր նրանց, ովքեր հեռվում են:
-Որտե՞ղ է մարդու տունը:
-Ամեն մեկն իր սրտին պիտի հարցնի: Ամեն դեպքում՝ տունը Հայրենիքում է ու միայն Հայրենիքում: Իմ տան բակում մեծ ընկուզենի կա: Ոչ ոք չգիտի, թե քանի՞ տարեկան է ընկուզենին, բոլորն ասում են, որ այն միշտ եղել է. բունը՝ հաստ, սաղարթը՝ թավ, արմատները՝ պողպատ: Ծովինար տատս բռնում էր ծառի հատված ճյուղը ու ցույց էր տալիս, թե ինչպես է կաթ-կաթ արցունք թափվում վիրավոր ծառից: Հետո ես ու ծառը միասին էինք լալիս: Կարեկցանքի առաջին թրթիռները հոգուս մեջ մեր ընկուզենու մոտ են արթնացել:
Իմ տան կողքով Անդրանիկ քեռին էր անցնում ամեն օր, նշանավոր Անդին: Ամառ-ձմեռ՝ բուշլատով, աչքերը՝ պրպտուն, բրդուճը՝ ձեռքին…Անդին ամեն ինչ գիտեր գյուղի ու բոլոր գյուղացիների մասին: Տեղեկացված լինելը նրա սիրելի զբաղմունքն էր, ես կասեի՝ պատվի գործը: Անդին իրեն թույլ չէր տա որևէ մեկի հարցը անպատասխան թողնել: Բոլորը սիրում էին Անդիին, ու նրա ձեռքի բրդուճը այդ սիրո յուրատեսակ հավաստումն էր, որ Անդին ընդունում էր հոժարությամբ:
-Ինչպե՞ս սկսեցիք նկարել:
-Ես շատ ուշ եմ նկարել, ու դա իր պատճառներն ուներ: Հայկական ընտանիքները արու զավակին յուրատեսակ սիրով և ուշադրությամբ են շրջապատում, ու ես ինձ անտեսված էի զգում եղբորս կողքին: Գուցե դա ծնողների սերը ամբողջությամբ վայելելու, ոչ մեկի հետ չկիսելու պարզ, մանկական ձգտում էր: Բայց ես ջանում էի նշանակալի լինել, արժանանալ մայրիկիս գովեստին, ուզում էի, որ ծնողներս հպարտանան ինձնով, ուզում էի ճանաչված լինել: Իսկ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը հեռուստալրագրող դառնալն էր: Ես մասնագիտական բարձրագույն կրթություն ստացա, աշխատանքի անցա հեռուստատեսությունում… Բայց նախախնամության դեմ կռվել չես կարող, քո մեջ ի վերուստ դրված ջիղը միշտ հաղթում է: …Մի օր բացեցի հինայի տուփը, փոշին խառնեցի ջրին, առա վրձինն ու սկսեցի նկարել թղթի վրա: Այդ ամենը այնքան միանգամից եղավ, գրեթե բնազդաբար: Ես ծառ նկարեցի: Բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում նկարելիս: Անսահման խաղաղություն ասեմ, վայելք, ցնծություն…Արդեն 7 տարի է՝ նկարում եմ:
-Հայրենիքը պատկերող Ձեր կտավներում այնպիսի խաղաղություն ու ներդաշնակություն կա, ասես՝ 44 -օրյա արհավիրքը մեր երկրի կողքով է անցել, ասես՝ չեն եղել զոհերը…
-Իմ հայրը մասնակցել է 90-ականների գոյապայքարին ու քառօրյա կռվին: Իմ եղբայրը ծառայել է առաջնագծում: Ես փոքր տարիքից զինվորական համազգեստ եմ ունեցել, հիմա էլ ունեմ: Մեր տանը պաշտել են զինվորին: Զինվորը ազգային արժանապատվության, ուժի ու պատվի խորհրդանիշ է ինձ համար: 44-օրյա պատերազմի ժամանակ ես վաճառում էի կտավներս, որ օգնեմ Հայրենիքը պաշտպանող զինվորներին: Այսինքն՝ պատերազմը անցել է իմ տան ու իմ սրտի միջով: Բայց ես ոչ թե իմ ցավն եմ նկարում, այլ իմ լավատեսությունը: Ես վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք նաև այս փորձությունը, դուրս ենք գալու ավելի ուժեղ, հավաք, կազմակերպված, համերաշխ ու իմաստուն: Ու Հայրենիքն ավելի շատ ենք սիրելու:
-Ինչպե՞ս ենք սիրելու, ո՞րն է հայրենասիրության Ձեր բանաձևը…
-Ես իմ առաջին ցուցահանդեսի ժամանակ վաճառված նկարների հասույթից բաժին եմ հանելու Հայաստանի բնության պահպանության գործին: Սա հայրենասիրության փոքր, շատ փոքր դրսևորում է: Բայց ծովը կաթիլներից է գոյանում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #14 (1527) 12.04.2024 - 19.04.2024, Հոգևոր-մշակութային