Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋԱԶԻ ՀԱՅ ՆՎԻՐՅԱԼԸ



ՋԱԶԻ ՀԱՅ ՆՎԻՐՅԱԼԸԼեգենդների լեգենդ: Այսպես են բնութագրում ամերիկյան երաժիշտները մեր հայրենակցին՝ Ջորջ Ավագյանին, որի անունը, ցավոք, հայտնի է միայն ջազի գիտակներին և մոլի երկրպագուներին։

Ջորջ Ավագյանը ծնվել է 1919 թվականին Ռուսաստանի Կուբանի մարզի Արմավիր քաղաքում։ Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում սկսված քաղաքացիական պատերազմից հետո Ավագյանների ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի, այնուհետև արտագաղթում ԱՄՆ՝ հաստատվելով Նյու Յորքում։

Իր սերը ջազի հանդեպ Ջորջ Ավագյանը բացատրել է նրանով, որ մանկուց ունկնդրել է հայկական ժողովրդական երաժշտության բարդ ռիթմերը։ Ջորջը սովորել է Եյլի համալսարանում, ներկա է եղել այնտեղ կազմակերպվող երաժշտական միջոցառումներին։ Նա մասնակցել է գրող Մարշալ Սթերնի կազմակերպած երեկույթներին, որտեղ հնչում էր մոգական ջազը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Ֆիլիպիններում, իսկ պատերազմի ավարտից հետո՝ 1946 թ., աշխատել է Columbia Records ընկերությունում։ «Ամուսնացա համերկրացուս՝ Անահիտ Աճեմյան անունով չքնաղ աղջկա, պրոֆեսիոնալ ջութակահարուհու հետ։ Հետո վերադարձա արխիվ, որտեղ ամեն ինչ ծանոթ էր ինձ և վերահրատարակություններից բացի, սկսեցի աստիճանաբար զբաղվել ձայնագրությունների պրոդյուսերությամբ, համերգներ, նկարահանումներ կազմակերպելով։ Ինձ բախտ է վիճակվել համագործակցելու մեծագույն երաժիշտների հետ։ Դե, օրինակ, Էդիտ Պիաֆի»,- հետագայում գրել է Ջորջ Ավագյանն իր հուշերում։ Նա հանրությանը ներկայացրել է Էդիթ Պիաֆի «La Vie En Rose» երգը՝ որպես սինգլ։

Հայազգի ականավոր երաժշտի հովանավորությամբ և աջակցությամբ են երաժիշտներ Մայլս Դևիսն ու Դեյվ Բրուբեկը դառնում աշխարհահռչակ աստղեր։ 1950-ական թվականների կեսերին Columbia Records-ին է միանում համաշխարհային հռչակ վայելող երաժիշտ Լուի Արմսթրոնգը։

1960-ական թվականներին Ջորջ Ավագյանը դառնում է Warner Bros. ընկերության երաժշտական մասի տնօրենը, իսկ այնուհետև Նյու Յորքում հիմնում է իր ընկերությունը՝ Avagyan & Co., որ մասնաճյուղեր ունի Փարիզում, Բրյուսելում, Թեհրանում։

ՋԱԶԻ ՀԱՅ ՆՎԻՐՅԱԼԸՆրան համարում են Columbia Records-ի «կնքահայրը»։ Նա է ներկայացնում LP՝ երկարաժամկետ ձայնասկավառակների նոր ձևաչափը և դառնում ջազային ժանրի առաջատարը։

Ջորջ Ավագյանը «Գրեմմի» մրցանակների ներկայացնող ամերիկյան ձայնագրման արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի հիմնադիրներից է։ 1997 թվականին Ավագյանն էլ արժանանում է «Գրեմմի» մրցանակին՝ Մայլս Դևիսի ալբոմի համահեղինակ լինելու համար։ Նա առաջինն է աշխարհում թողարկում ամենաերկար տևողությամբ ձայնասկավառակը։ Նյու Յորքի Քարնեգի հոլում նշանավոր ջազ երաժիշտ Բենի Գուդմենի ելույթի ընթացքում Ավագյանն առաջինն է իրականացնում կենդանի համերգի ձայնագրությունը սկավառակի վրա։

1990 թվականի գարնանը Ջորջ Ավագյանին զանգահարում են ԱՄՆ-ում խորհրդային դիվանագիտական ներկայացուցչությունից և հրավիրում են ինչ-որ երաժշտական միջոցառման։ Հետագայում Ավագյանը խոստովանում է, որ սկզբում կարգին չի էլ հասկանում, թե ինչ է լինելու իրականում։ Միջոցառման անցկացման սրահում նա զարմանքով նկատում է ամերիկյան և խորհրդային հայտնի դեմքերի, լրագրողների, նաև ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինին։ Քիչ անց դեսպանը բեմից հայտարարում է. «ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև մշակութային կապերն ամրապնդելու, համագործակցության ու փոխադարձ վստահության համար խորհրդային կառավարությունը որոշել է Ջորջ Ավագյանին պարգևատրել ԽՍՀՄ բարձրագույն պարգևով՝ Լենինի շքանշանով»։

ՋԱԶԻ ՀԱՅ ՆՎԻՐՅԱԼԸ«Եթե ասեմ, որ զարմացած էի, կնշանակի ոչինչ չասացի»,- հետագայում իր հուշերում գրել է Ջորջ Ավագյանը։

Ջորջ Ավագյանը հսկայական ավանդ ունի ջազի աշխարհում՝ որպես հեղինակ-կատարող, դերասան ու պրոդյուսեր։ Երաժշտական քննադատները խոստովանում են, որ Ավագյանը մեծագույն հեղաշրջում է կատարում ջազի աշխարհում, նորովի բացահայտում դասական ջազի դրույթները։

1960-1961 թվականներին Ավագյանը Warner Bros. Records ընկերությունում թողարկում է «Bill Haley & His Comets» ձայնասկավառակը և Բոբ Նյուհարտի առաջին ալբոմը, որն արժանանում է Best Album Grammy Award մրցանակին։

Ջորջ Ավագյանը դառնում է Տաթևիկ Հովհաննիսյանի «Listen to my Heart» ալբոմի պրոդյուսերը, և այդ համագործակցության արդյունքում Տաթևիկ Հովհաննիսյանը 1997 թվականին արժանանում է «Grammy» մրցանակի։ Սա առաջին վոկալ ալբոմն է էթնո-ջազ ոճում, և այն համաշխարհային ճանաչում է բերում հայ երգչուհուն։

2006 թվականին Ավագյանն արժանանում է «Django d’Or» ջազի միջազգային մրցանակի, 2008 թվականին՝ Ֆրանսիայի Արվեստի և գրականության մրցանակի։

2011 թվականին նրա անունն ընդգրկվում է ASCAP ջազի հուշապատում՝ որպես ջազի կենդանի լեգենդ։

2016 թվականին Երևանում անցկացվող Yerevan Jazz Fest ամենամյա ջազ փառատոնը նվիրվում է ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանին։

Նա մահացել է 2017 թվականի նոյեմբերի 22-ին Նյու Յորքում:

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #14 (1527) 12.04.2024 - 19.04.2024, Ճակատագրեր


25/04/2024