ՆՇԱՁՈՂԸ ԿՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ
Եռամսյա պատրաստության դասընթացների փուլն ամփոփել գերազանց արդյունքով։ Սա նշաձող է, որը ձգտում են հաղթահարել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներ Ալբերտ Ղարիբյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Տիգրան Ավետիսյանն ու Գրիգոր Վարդանյանը:
– Շատ լավ ծրագիր է: Առօրյան հագեցած է անցնում: Սովորում ենք, պատրաստվում, ֆիզիկական ու մարտավարամասնագիտական հմտություններն ենք կատարելագործում,- ասում է Ալբերտը:
– Ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի փուլն ամփոփենք գերազանց գնահատականներով ու հաղթահարենք նշաձողը,- ընկերոջ խոսքն է շարունակում Ռազմիկը:
Ծրագրի ընձեռած հնարավորությունների, արտոնությունների ու լայն հեռանկարների մասին ուսումնական կենտրոնում դրական կարծիք ունեն բոլորը, իսկ ժամկետայինից պայմանագրային ծառայության անցնելու այս ձևաչափով հաջողելու նախապայմանը լավ սովորելու և հայրենիքին պատվով ծառայելու ցանկությունն ու կամքն է։
– Գիտակցելով եմ ընտրել «Պաշտպան հայրենյացը», հետևաբար իմ առջև նպատակ եմ դրել, իմ ամբողջ ուժերը ներդրել եմ, որ հաջողեմ,- ասում է մյուս շահառուն՝ Տիգրան Ավետիսյանը:
Շուտով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի այս խմբի շահառուները նույնպես կատեստավորվեն և բարձր աշխատավարձով կանցնեն ծառայության խաղաղապահ ուժերի բրիգադում։ Իսկ այս ոլորտը, ինչպես զինված ուժերի յուրաքանչյուր զորատեսակ, ունի իր կարևոր առանձնահատկությունները։
– Բոլորս էլ հասկանում ենք ծրագրի կարևորությունը և ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր առջև դրված խնդիրների կատարմանը: Իհարկե, դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարելի են,- համոզված է Գրիգոր Վարդանյանը:
Տղաները, քաջ գիտակցելով զինվորական ծառայության կարևորությունը և առկա մարտահրավերները, պատրաստակամ են անելու առավելագույնը Հայրենիքի պաշտպանի պատվաբեր առաքելությունն իրականացնելու համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ
Խորագիր՝ #14 (1527) 12.04.2024 - 19.04.2024, Ազգային բանակ