ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Վաշտի կազմով ցուցադրական զորավարժություն է անցկացվում, մասնակիցները «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներ են: Խաղարկվում է հարձակում դիրքի ուղղությամբ և դիրքի պաշտպանություն։ Միաժամանակ չափվում են հարձակվող ու պաշտպանվող կողմերի ուժերը։
Զորավարժության ժամանակ անձնակազմի գործողությունները մոտեցված են իրական պայմաններին։ Կիրառվող տեխնիկական համակարգի միջոցով սաղավարտը, բաճկոնը, զենքը հնարավորություն են տալիս հստակ որոշել մարտին մասնակցող զինծառայողի արդյունավետությունը, մարտունակությունը, խոցված չլինելը, ճշգրիտ կրակը։
Զորավարժությանը հետևում են զինված ուժերի հրաձգային, մոտոհրաձգային զորամասերի հրամանատարները։ Այս համակարգով է անցնելու բոլոր զորամասերի զինծառայողների պատրաստությունը։
Բարձրաստիճան սպաների համոզմամբ, արդեն դասական դարձած սցենարներով զորավարժությունները լիարժեք չեն արտացոլում անձնակազմի կարողությունները, մինչդեռ նորագույն տեխնոլոգիաները տալիս են զորքի մարտունակության աստիճանի անթերի պատկեր։
Ցուցադրությունը հրամանատարական հավաքի շրջանակում է։ Սպաները հետևում են, քննարկում, տեղափոխվում ուսումնական հաջորդ կետ։ Այստեղ զենքի հետ աշխատելու մեկ այլ մեթոդ է առաջարկվում՝ խաղաղ պայմաններում, երթերի, մարզումների ու նաև մարտական գործողությունների ժամանակ։ Իհարկե, նոր մոտեցումները տրամաբանված են, հիմնավորված։ Այլ բանակների փորձը նույնպես հաշվի են առել յուրաքանչյուր փոփոխություն կատարելիս։
Կոփել, պատրաստել զինվորին ցանկացած դժվարության անգամ գիշերային տեսանելիության պայմաններում, անծանոթ տեղանքում հնարավոր հարձակումների դեպքում։ Այսպիսի ուսումնառություն անցնելուց հետո միայն «Պաշտպան հայրենյաց» ծրագրում ընդգրկվածները կհամալրեն իրենց նախընտրած զորամասերի ստորաբաժանումները։
Հրամանատարները հետևում են ռազմական ակադեմիայի կուրսանտների գործնական պարապմունքներին՝ ուշադրությունը կենտրոնացնելով նրանց՝ զենքին տիրապետելու, մարտական հրաձգության ընթացքում հավասարակշռության պահպանման խնդիրների վրա։
Կուրսանտները կրակում են ճոճվող հարթությունից: Ապագա սպաներից մեկի ցուցանիշն է՝ երեք կրակոց, երեքն էլ գերազանց: Բոլորը շնորհավորում են դիպուկ կրակած կուրսանտին:
Զինված ուժերում անցկացվող հրամանատարական եռօրյա հավաքը բազմաբովանդակ է՝ զորավարժություններ, գործնական ցուցադրություններ, լսարանային քննարկումներ, սեմինարներ։ Այսօրինակ հավաքներն ինչ խոսք օգտակար են հրամանատարների կողմից զորամասի ղեկավարումը արդյունավետ կազմակերպելու առումով։ Զորամասերի հրամկազմին մանրակրկիտ ներկայացվում են այն փոփոխությունները, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ անձնակազմի կարողությունների վրա։
Սա զինված ուժերի բարեփոխումների մի մասն է: Առաջիկայում նոր համակարգեր կունենան բոլոր զորամիավորումները։ Կարողությունների հստակ գնահատման, մարտունակության ամրապնդման համար լրացուցիչ նոր մեխանիզմներ կներդրվեն կառավարման համակարգում։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #14 (1527) 12.04.2024 - 19.04.2024, Ազգային բանակ