ՍԻՐՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ
Երևանի կայազորային հոսպիտալի զինվորական բուժքույր, ենթասպա Հրարփի Հովակիմյանը միշտ էլ անխոնջ նվիրումով է կատարել իր պարտականությունները։ Սրտացավ ու կարեկից բուժքրոջ մասին ընդգծված հարգանքով են խոսում հոսպիտալում: Երեք երեխաների մայրը ավելի քան քսան տարի, նույնիսկ ամենածանր ժամանակահատվածներում, ռազմաբժշկական համակարգի տարբեր օղակներում անտրտունջ, սիրով ու նվիրումով ծառայում է Հայրենիքին։
-Զինվորական բուժքույրը առաջին հերթին դիմացինի ցավը իրենը համարելու, այն մեղմելու ունակություն պետք է ունենա,- ասում է ենթասպա Հովակիմյանը:- Քանի որ բժշկի, այսպես ասած՝ աջ ձեռքը լինելուց բացի, բուժքույրը օրվա մեծ մասը գործ ունի տարբեր ծանրության հիվանդների հետ, որոնք նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն։
Այս համոզմունքն ունի նաև Երևանի կայազորային հոսպիտալի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, ավագ ենթասպա Արփինե Ամիրխանյանը։
Վերակենդանացման բաժանմունքի գործառույթների առանձնահատկությամբ պայմանավորված՝ բուժքույր Արփինե Ամիրխանյանին տարիների փորձը մեկ կարևոր բան է ուսուցանել. անկախ իրավիճակից՝ պետք է զսպել հուզմունքը և դուրս գալ զգայական դաշտից: Միայն այդ կերպ կարող ես ճիշտ ու ժամանակին կատարել բուժքրոջ պարտականությունները։
-Չափազանց դժվար ու աննկարագրելի ծանր զգացողություններ եմ ունեցել մարտական գործողությունների ժամանակ վիրավորված, կյանքի ու մահվան սահմանին հայտնված զինծառայողների հետ շփվելիս,- ասում է Արփինեն:
Կյանքեր փրկելու և զինծառայողներին շարք վերադարձնելու երկու բուժքույրերի ջանքն ու նվիրումը դրսեւորվեց նաև 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան ծանր ու դժվարին ժամանակահատվածում։ Ու ինչպես զինվորական բժիշկները, այնպես էլ բուժքույրերը հանուն հայրենիքի մշտապես պատրաստ են օրվա ցանկացած ժամի լինելու այնտեղ, որտեղ իրենց կարիքը կա։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #14 (1527) 12.04.2024 - 19.04.2024, Ազգային բանակ