Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ



ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍԶորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների առօրյան խիստ հագեցած է: Զինծառայողները մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտություններն են կատարելագործում ու զարգացնում: Ամեն օրը մի նոր հնարավորություն է հետախույզի համար, որտեղ ավագները կրտսերներին են փոխանցում իրենց փորձն ու գիտելիքները, մշտապես աջակցում իրենց ունակություններով ու խորհուրդներով:

Հերթական վարժանքի ժամանակ հետախույզ-դիպուկահար, շարքային Ղազարյանը, անունը՝ պայմանական, կարճ ու հաշվարկված քայլերով շարժվում է առաջ, հստակ գիտենալով անելիքը:

– Հետախույզի մասնագիտությունը բարդ է ու դժվար: Այն պահանջում է վերլուծական միտք, ֆիզիկական, հոգեբանական, մտավոր բարձր որակներ, դիմացկունություն, ճկունություն, հավասարակշռվածություն: Ամենակարեւորն ու առաջնայինը հետախույզի համար հայրենիքի հանդեպ անսահման սերն է՝ կյանքից ավելի: Մի անգամ դիտելով հատուկ նշանակության ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու մասին տեսահոլովակը, անմիջապես կայացրի որոշումս՝ դառնալ հետախույզ,- հիշում է Արմանը:

Հետախույզը այլ կերպ է նայում աշխարհին: Նրա աչքից երբեք ոչինչ չի վրիպում: Ֆիզիկապես ամուր, հոգեպես կայուն ու բանիմաց երիտասարդը հայրենասիրության մասին իր պատկերացումն ունի:

– Ծառայում եմ Հայրենիքիս: Ինձ համար Հայրենիքն ամենաթանկն է այս աշխարհում, նույնիսկ կյանքից առավել,- ասում է շարքային Արման Ղազարյանը:

ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

լեյտենանտ

Խորագիր՝ #14 (1527) 12.04.2024 - 19.04.2024, Ազգային բանակ


25/04/2024