Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ԵՆ ԵՐԿՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ



ՆՐԱՆՔ ԵՆ ԵՐԿՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԸՀարավային սահմանագոտում ենք: Զինվորական «Ուազիկը» հաղթահարելով լեռնային կտրտված տեղանքի հազար ու մի խոչընդոտները, մեզ տանում է մարտական հերթապահություն իրականացնող զինվորների մոտ: Վարորդը՝ Շիրակ Ասատրյանը, հինգ մատի պես գիտի ճանապարհի ամեն բարդություն. ամառ-ձմեռ այս ճանապարհներին է:

-Իմ ամենօրյա երթուղին է,- ասում է փորձառու վարորդը:

Ու թեեւ արդեն գարուն է, սակայն մոտակա սարերին տեղ-տեղ դեռ երևում են ձյան փոքրիկ ծվենները:

Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Միշա Աբրահամյանը, պատվի առնելով, գումարտակի հրամանատար, մայոր Վասակ Սահակյանին զեկուցում է. «Մարտական հերթապահությունն անցկացվում է ըստ հաստատված գրաֆիկի, հերթապահության ժամանակ հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել»:

-Զինվորների մարտունակությունը տեղն է, ոգին՝ բարձր, պատրաստ են  ցանկացած պահի  իրականացնել առաջադրված ցանկացած խնդիր,- ասում է  գումարտակի հրամանատարը:

-Մեր ստորաբաժանումը զորամիավորման մարտական հերթապահություն իրականացնող լավագույն գումարտակն է,- հրամանատարի խոսքն է շարունակում նրա տեղակալ, մայոր Ենոք Մուրադյանը:

Մայոր Մուրադյանը մարտերում թրծված զինվորական է: Նա զինվորների հետ զրույցների ժամանակ հաճախ է պատերազմական օրերից դեպքեր, դրվագներ պատմում՝ հայրենիքի պաշտպաններին հորդորելով հնարավորինս կատարելագործել զինվորական գիտելիքներն ու հմտությունները՝ չանտեսելով եւ ոչ մի մանրուք:

-Ռազմական գիտելիքների գերազանց իմացությունը, զենքին վարժ տիրապետելը վստահություն է հաղորդում զինվորին, ճիշտ կողմնորոշվելու և գործելու  վճռականություն եւ հաստատակամություն է տալիս նրան,- համոզված է մայոր Մուրադյանը:

Գումարտակի հրամանատար, մայոր Վասակ Սահակյանի հետ շրջում ենք մարտական հենակետnվ, տեսնում, թե ինչպես են դիտորդները աչալրջորեն դիտարկում իրենց պահպանությանը վստահված հատվածը:

Հենակետն  ապահովված  է  ջերմատեսիլ, գիշերային տեսանելիության սարքերով,  ջրի, հոսանքի խնդիրը  եւս լուծված է:

Զինվորական կացարանում մաքուր է ու կոկիկ: Անմիջապես ուշադրություն են գրավում սեղանի մի անկյունում հանգրվանած հայ դասականների գրքերն ու «Հայ զինվոր» հանդեսի համարները։

-Մեր ընթերցասերը  Արամն է,- ներկայացնում են զինվորները:

-Եթե ֆիզիկական վարժությունները կրթում են մարմինը, գիրքն էլ հոգիդ է կրթում,- ասում է շարքային Աղաջանյանը:

Իսկ Հայրենիքը ոչ միայն պետք է սիրել, այլ նաեւ պաշտպանել:  Արամը   բազմիցս  մարտական հերթապահություն է իրականացրել:

-Խոստովանեմ՝ առաջին անգամ, երբ բարձրացա մարտական դիրք, մոտս  որոշակի լարվածություն կար: Բայց շնորհիվ դիրքի ավագի ու փորձառու դիրքապահների, այն շատ կարճ տևեց: Եվ այն միտքը, թե  ինչի համար եմ այստեղ, ինձ ավելի վճռական ու համարձակ է դարձնում, ոգեւորում և ուժ տալիս։ Ծառայությանս ընթացքում մարտական տագնապ էլ է եղել: Հավատացնում եմ՝ մեզնից ոչ մեկի սրտում վախ չկար, ահ չկար, կար միայն վճռականություն՝ մեզ վստահված սահմանը անառիկ պահելու:

Ուղիղ երկու ամսից Արամը կավարտի ժամկետային ծառայությունը և նրան փոխարինելու կգա եղբայրը՝ Գագիկը:

-Իսկ իմ  եղբայրը՝ Հովհաննեսը, պատերազմի մասնակից է: Չպատմեմ՝ ինչ ապրումների միջով ենք անցել, երկար ժամանակ լուր չունեինք իրենից,- մեր զրույցին միանում է  շարքային Համլետ Սաղաթելյանը:- Մինչ պատերազմը մենք Ռուսաստանում էինք ապրում, եղբայրս էլ, ես էլ  վերադարձել ենք,  որ մեր երկրի զինվորը լինենք, մեր Հայրենիքը պաշտպանենք:

-Իսկ մեր տնից արդեն երրորդ զինվորն է կանգնում սահմանին,- հպարտանում է շարքային Արման Մովսիսյանը,- երկու եղբայրներս ծառայել են, հիմա էլ իմ հերթն է: Նրանց օրինակով ես էլ պատվախնդրորեն ծառայում եմ:

-Ինձ համար հայրս է  օրինակ, ամեն կերպ փորձում եմ նմանվել նրան,  հետեւել խորհուրդներին,-  ասում է  շարքային Բորիս Բաղդասարյանը:- Երկրապահ է հայրս, պատերազմների մասնակից, ինձ բանակ ճանապարհելիս  միայն մեկ նախադասություն ասաց՝ «Դուխով կծառայես,  ամուր կպահես  հայրենիքի սահմանները՝ ամեն մարդ  իր հողի վրա  է ուժեղ ու զորավոր»։

***

Հանգստացող անձնակազմի հետ երկար զրուցեցինք, իսկ երբ  զինվորներից  մեկնումեկին  ընտրում էի՝ որպես նյութիս  հերոս,  մյուսները  փորձում էին ինձ օգնել, արագ-արագ, իրար լրացնելով մարտական ընկերոջ  բոլոր դրական  որակներն էին թվարկում:  Զգացվում էր՝ ընկերական ջերմ  ու ազնիվ մթնոլորտ է այստեղ՝ առաջնագծում, ինչի շնորհիվ ամեն դժվարություն էլ հեշտ հաղթահարելի է դառնում:

Մեր այցելությունը մարտական հենակետ  համընկել էր դիրքապահ տղաներից մեկի՝ Զավենի ծննդյան օրվա հետ: Հետաքրքիր զուգադիպությամբ  Զավենը նախորդ ծնունդն էլ էր մարտական դիրքում նշել…

Մաղթանքների տեղատարափ էր,  զինակից ընկերները շնորհավորում էին, առողջություն, երջանկություն ու խաղաղ երկիր մաղթում…

Ու երկիրը հաստատապես խաղաղ պահելու առաքելությամբ էլ տղաները վստահ կանգնած են դիրքերում:

Արամը, Արմանը, Զավենը, Բորիսը, Միշան… ամեն մեկը մի  օջախի ծուխ,  մի օջախի սյուն, իսկ հիմա, բոլորը միասին, երկրի  համար ամուր հենասյուն դարձած վստահորեն կանգնած են առաջնագծում՝ սահմանին:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1527) 12.04.2024 - 19.04.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/04/2024